Տեսանկյուն

«ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին». Սեդրակ Բաղդասարյան

06.04.2012

Սեդրակ Բաղդասարյան՝ «Պետության կարիքների զոհեր» ՀԿ–ի ղեկավար

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը պարզել է, թե իրականում ում են պատկանում այն բնակարանները, որոնք պետությունը Եվրադատարանի առջև պարտավորվել է որպես փոխհատուցում տրամադրել իրացված գոտու բնակիչներին:

«Մեր ձեռքի տակ են այդ տների սեփականության վկայականների պատճեները, որոնք ձեռք ենք բերել կադաստրից: Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին»,- www.hra.am -ին ասում կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Նա վաղն ասուլիս է հրավիրել և ներկայացնելու է իր ասածը հաստատող պաշտոնական փաստաթղթեր:

Երևանի Բյուզանդ 25 հասցեի իրացված տների երեք սեփականատերեր՝ Սեդրակ Բաղդասարյանը, Գրիգորի Հովհաննիսյանը և Լևոն Ղասաբյանը մարտի 26-ին նամակով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք խնդրում են իրենց բողոքները վերականգնել, քննել և դրա վերաբերյալ կայացնել վճիռ, քանի որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը և երեք ամսում չի տրամադրել խոստացված բնակարանները:

Երեք սեփականատերերի բողոքները վարույթից հանվել էին, քանի որ ՀՀ կառավարությունը առաջարկել էր դիմումատուներից յուրաքանչյուրին տրամադրել 115-117 քմ մակերեսով բնակարան՝ իրենց քանդված տների փոխարեն կառուցված էլիտար շենքերում:

Հաշվի առնելով այդ առաջարկը՝ 2011թ. նոյեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը որոշել է 3 ամիս ժամանակ տալ ՀՀ կառավարությանը՝ խոստացված փոխհատուցումը տրամադրելու համար: Երեք ամիս անց Բաղդասարյանը, Գրիգորյանը և Ղասաբյանը դիմել են Արդարադատության նախարարություն՝ պարզելու թե ե՞րբ և ինչպե՞ս են ստանալու խոստացված բնակարանները: Անորոշ պատասխան ստանալով՝ դիմել են ՄԻԵԴ և խնդրել վերականգնել բողոքը և դրա վերաբերյալ կայացնել վճիռ:

Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իրենց ասել է, որ բնակարանները կստանաք, եթե պետությանը վերադարձնեք այն 22.000 դոլարը, որ ստացել եք որպես փոխհատուցում: Բաղդասարյանը գումարը չվերադարձնելու 2 պատճառ է նշում. մեկը, որ նման կետ ՄԻԵԴ դատարանի որոշման մեջ չկա, երկրորդ, որ այդ գումարը ոչ թե ՀՀ կառավարությունն է տվել իրենց, այլ՝ կառուցապատող ընկերությունը և, հետևաբար, պետությունն իրավունք չունի պահանջելու:

«Այդ գումարը մենք ստացել ենք առանց պայմանագրի և օգտագործել ենք բնակարան վարձակալելու համար»,- ասում է նա՝ հավելելով, որ 117 քմ տան դիմաց 22.000 դոլարը չնչին և ոչ համարժեք փոխհատուցում է:

Փոխհատուցման գումարը վերադարձնելու պատճառի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ դրա վերաբերյալ Ռուբեն Մելիքյանն արդեն մեկնաբանություն տվել է:

Թերթերից մեկին Ռուբեն Մելիքյանն ասել է, որ թեև ՄԻԵԴ որոշման մեջ բառացի նշված չէ, բայց ՀՀ-ն բանակցությունների ժամանակ առաջարկություն ներկայացնելիս «բոլոր ծախսերի փոխհատուցում» ասելով նկատի է ունեցել, որ «դրանից բացի որևէ այլ փոխհատուցում չպետք է տրամադրվի, իսկ տրամադրվածներն էլ պետք է վերադարձվեն»:

«Ամբողջ տրամաբանությունն այն է եղել, որ մենք տրամադրում ենք բնակարան` կրկնակի անգամ ավելի մեծ մակերեսով, որը կներառի այն բոլոր ծախսերն ու ծախքերը, որոնք անձը կատարել է անցած տարիների ընթացքում. դա կներառի թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական վնասի հատուցումը: Օրինակ` Բաղդասարյանի դեպքում մենք պատրաստվում ենք 55 քմ-ի փոխարեն 117,5 քմ մակերեսով բնակարան տրամադրել նույն տարածքում` Ամիրյան փողոցի վրա, Ղարիբյանի պարագայում` 44,1 քմ-ի փոխարեն 115,6, Ղասաբյանի դեպքում 57 քմ-ի փոխարեն` 117,7 քմ: Պետությունը սա է առաջարկել որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում»,- թերթին մեկնաբանել է Ռուբեն Մելիքյանը:

Նա նաև ասել է, որ Եվրադատարանի որոշումներն ու վճիռները ՀՀ-ն միշտ պատշաճ կարգով կատարել է, իսկ Բյուզանդի 25-ի նախկին սեփականատերերի փոխհատուցման հարցը պետք է քննարկվի և հաստատվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում:

Ապրիլի 5-ին կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել ՀՀ քաղաքացիների գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների կատարման համար որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար և 29 մլն 520 հազար դրամ (այս գումարային փոխհատուցումները չեն առնչվում բնակարանային փոխհատուցմանը):

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ իրենք դեռ բանակցությունների փուլում են պարզել, որ իրենց առաջարկված բնակարաններն արդեն վաճառված են և այդ մասին տեղեկացրել են Եվրադատարանին:

Սակայն ՄԻԵԴ-ն ընդունել է ՀՀ կառավարության առաջարկը, քանի որ դատարանին են ներկայացվել այդ բնակարանների սեփականության վկայականները: Վաղվա ասուլիսում Սեդրակ Բաղդասարյանը և նրա փաստաբանը պատրաստվում են ապացուցել, որ այդ բնակարաններն արդեն սեփականատերեր ունեն:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am