Տեսանկյուն

Մաշտոցի պուրակը դեռ հսկողության տակ է

11.04.2012

Տասնութամյա Անահիտ Մուշեղյանն արդեն երկրորդ ամիսն է դասերից հետո գալիս է Մաշտոցի պուրակ ու մինչեւ ուշ գիշեր պայքարում է հանրային տարածքի համար: Այստեղ է նաև կատարում բուհական առաջադրանքները և պատրաստվում քննություններին, որոնցից ստանում է միայն ամենաբարձր գնահատականները: Նա համոզված է, որ գաղափարական պայքարը նպաստում է իր առաջադիմությանը բուհում:

Բնապահպան ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները, փաստաբաններն ու քաղաքական գործիչները շարունակում են պնդել, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է շուրջ մեկ տասնյակ օրենքներ, որոշումներ՝ Մաշտոցի պուրակը տրամադրելով անհատ մարդկանց, որ կրպակներ կառուցեն:

Անահիտը մեկն է այն տասնյակ ակտիվիստներից, ովքեր չեն ուզում հանրային տարածք համարվող այգին ծառազրկվի ու վերածվի կրպակների կույտի: Դրա համար նա արդեն 2 ամիս ամեն օր դասից հետո գալիս է այգի ու մնում է մինչև գիշեր՝ժամը 23:00: Այստեղ և՛ պարապում է, և՛ ուրախանում, և՛ հանգստանում, և՛ պայքարում, իսկ հետո այգին հանձնում է իր ընկերներին, ովքեր այն հերթափոխության սկզբունքով պահպանում են գիշերը, որ շինարարները ոստիկանների հսկողությամբ ավարտին չհասցնեն կրպակների կառուցումը:

«Նախ շատ տրամադրող վայր է՝ մաքուր օդին նստում եմ ու պարապում: Մի կողմից կա բնապահպանական նպատակ, մյուս կողմից քննություններ ու ոչ մի բան չի խանգարում մեկը մյուսին: Ես գալիս եմ, որովեհետև սա հանրային տարածք է, ու ինձ է պատկանում ու վստահ եմ, որ հաղթանակը միայն մերն է լինելու»,- ասում է Անահիտը:

Նա արդեն 3 տարի է մասնակցում է բնապահպանական շարժումներին՝ Քաջարան, Թեղուտ, Թռչկան:

Մաշտոցի պուրակում պայքարը մի քանի ուղղությամբ է սկսել ընթանալ: Եթե նախորդ շաբաթների ընթացքում հնչում էին կրպակներն ապամոնտաժելու հայտարարություններ, ու մտավորականները փորձում էին ճեղքել ոստիկանների «պարիսպը», ապա այժմ պայքարը մշակութային բնույթ է սկսել կրել.ամեն գիշեր այգում ֆիլմ են դիտում կամ հյուրընկալում անհատ երաժիշտների: Պատրաստվում են շախմատի առաջնություն էլ կազմակերպել:

Պայքարը սակայն չի դադարում իրավական դաշտում: «Ժառանգություն» կուսակցությունը Մաշտոցի պուրակում տեղի ունեցող շինարարության դեմ արդեն հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումները: Դատական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:

www.hra.am –ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ իրենք ստացել են Երևանի դատախազության՝ քրեական գործ չհարուցելու մասին պատասխանը:

«Մենք շատ զայրացել ենք այդ պատասխանից, քանի որ այն անհիմն է ու դեռ այդ մասին կխոսենք»,- www.hra.am –ին ասաց Սաֆարյանը:

Պայքարին գաղափարապես միացել է նաև սփյուռքահայ համայնքը՝ պարբերաբար ուղելով սատարող ուղերձներ: Հունաստանում հայ գաղթականներին օժանդակող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը մեկ շաբաթ առաջ կոչ է արել ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղապետարանին հարգել հասարակության կարծիքը՝ ասելով, որ հանրային սեփականության պաշտպանելն ամենուրեք բարձրագույն իրավունք է և անվիճելի օրենք ու պարտականություն, իսկ այս օրերում Մաշտոցի պուրակում կատարվողը, օրինակելի և որակական նոր ոստում կարելի է համարել ՀՀ քաղաքացիական և հանրային իրավունքի պաշտպանելու գործում:

«Հանրային իրավունքը ոտնահարող սխալի սրբագրման երեք տարի ձգձգումն ու հետաձգումը, բնականաբար անբացատրելի և անհասկանալի է: Նման կարևոր սխալի գիտակցությունն ու իմացությունը ենթադրում է, ոչ միայն սխալի անհապաղ սրբագրումը, այլև իրագործողներին պատասխանատվության ենթարկելը, այլապես քաջալերվելու և կրկնվելու են հանրային գույքի և սեփականության նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Այգու խնդրով մտահոգված են նաև այն քաղաքացիները, ովքեր գալիս են գիշերային ժամերին և իրենց հետ բերում են ուտելիք՝ որպես երախտապարտության նշան հանրային պուրակում հերթապահող մարդկանց :

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am