Տեսանկյուն

Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները. ընտրություններ 2012

12.04.2012

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են ոչ միայն կուսակցություններն ու մեծամասնական կարգով ընտրությանը մասնակցող թեկնածուները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ փորձելով հնարավորինս աջակցել մարդկանց ընտրական իրավունքի իրացման գործընթացին, վերահսկել ընտրությունների ընթացքը՝ խախտումների մասին ահազանգելով և վերլուծել նախընտրական և հետընտրական գործընթացը:

Ընտրախախտումների քարտեզ. առաջին անգամ՝ Հայաստանում

Iditord.org կայքում գործելու է հատուկ քարտեզ, որը հնարավորություն է տալիս ֆիքսել ընտրախախտումները և գրանցել ահազանգերը. քարտեզի վրա նշվում են ճշտված և ուղղակի ահազանգով ստացված ընտրախախտումները:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ուղարկել նկարներ, տեղեկություններ, վիդեոնյութեր, որոնք մենք տեղադրում ենք քարտեզի վրա: Քաղաքացիները կարող են մեզ հետ կապվել ինչպես կայքի, այնպես էլ զանգելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով: Մինչև այսօր քարտեզի վրա հայտնված տեղեկությունները վերաբերել են ընտրացուցակների անճշտություններին, այսինքն՝ մարդիկ անուն ազգանուններով մարդկանց են նշել, ովքեր մահացած են կամ հանրապետությունում չեն բնակվում: Ինչպես նաև շատ են տեղեկություններն ընտրակաշառքների վերաբերյալ»,- ասում է ծրագրի համակարգող Սամվել Մարտիրոսյանը։

Քարտեզից օգտվելու և տեղեկատվության փոխանակման համար դասընթացներ են անցկացվում կուսակցությունների, դիտորդական ու հասարակական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, ակտիվ քաղաքացիների հետ:

Իրավական անվճար աջակցություն

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, ինչպես նախորդ ընտրություններին, այժմ էլ համակարգում է ընտրությունների ընթացքում իրավական աջակցության նախաձեռնությունը։

Ընտրական իրավունքի խախտումները հայտնաբերելու և անվճար իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործում է նաև 080-080-804 համարով թեժ գիծը։ Քվեարկության օրը՝ մայիսի 6–ին, գործելու են «Իրավական շտապ օգնության» մեքենաներ (լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով) մարդու իրավունքների խախտումների դեպքերում իրավական աջակցություն ցույց տալու նպատակով։

Քվեարկության օրը և դրան նախորդող ու հաջորդող օրերին իրավական աջակցություն է ցուցաբերելու նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Նրանք իրավաբաններ կունենան բոլոր 41 ընտրատեղամասերում: 

«Եթե անհրաժեշտ եղավ մենք խախտումները արձանագրելուց հետո կդիմենք վարչական պատասխանատվություն ենթարկող մարմիններին, իսկ քրեական դեպքերի պարագայում՝ ՀՀ ոստիկանություն ու դատախազություն: Միգուցե լինեն գործեր, որոնց դեպքում հետևողական կլինենք արդեն դատարանում »,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Կվերլուծեն էլեկտրոնային հրապարակումներն ու ֆեյսբուքյան անցուդարձը

Հայաստանում առաջին անգամ դիտարկվելու է էլեկտրոնային 10 լրատվամիջոցների գործունեությունն ընտրությունների ընթացքում: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն ընտրել է 10 օնլայն լրատվամիջոց՝ ուսումնասիրելու նրանց կողմից տարածվող տեղեկատվության հավաստիության մակարդակը:

«Վերլուծելու ենք նաև նյութերի ժանրը, բազմակարծությունը, քաղաքական ուժերի ներկայացման ինտենսիվությունն ու ներկայացման տոնը։ Այլ չափանիշներով էլ ենք առաջնորդվելու, որ լիարժեք հասկանանք տվյալ լրատվամիջոցի ներգրավվածությունը նախըտրական շրջանում»,- ասում է ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 2012թ. փետրվարից սկսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուսումնասիրել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը և դրանց լուսաբանումն առցանց լրատվամիջոցների կողմից: 2012թ մարտի վերջի տվյալներով Ֆեյսբուք սոցիալական կայքում հայ բաժանորդների թիվը կազմել է 290,840, որը վերջին երեք ամսիների ընթացքում ավելացել է 48,540 օգտատերով: Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների 63 տոկոսը «Ֆեյսբուքում» էջ ունի:

«Ֆեյսբուքում են հիմա ապրում և՛ ընտրողները, և՛ ընտրվողները՝ օր ու գիշեր: Մենք դրա համար կարևորում ենք լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների և առանձին քաղաքացիական խմբերի ուսումնասիրությունն այս շրջանում»,- ասում է «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: 

Ընտրությունների փոստատար և ֆինանսական ծախսերի հսկողություն

«Ընտրությունների փոստատար. 2012 խորհրդարանական ընտրություներ» ծրագրի շրջանակում 7 մարդիկ փոստատարի դեր են տարել՝ Հայաստանի մարզերից հավաքելով ՀՀ քաղաքացիներին հուզող խնդիրները, որոնք ներկայացրել են քաղաքական կուսակցություններին «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ:

Համայնքային խնդիրներ, վատ ճանապարհներ, ժամանցի վայրերի բացակայություն, ջրամատակարարման ու բնակարանային խնդիրներ, աշխատատեղերի բացակայություն.սրանք մի քանիսն են մարդկանց հուզող խնդիրներից:

«ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները նշենք, որ ընդհանրապես անհաղորդ են այս գործընթացին»,- ասում է ծրագիրն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը:

Նույն կազմակերպությունը 2003թ.-ից իրականացնում է էլեկտրոնային մոնիտորիգ ընտրությունների ժամանակ, որի նպատակն է պարզել, թե նախընտրական քարոզչության ֆինանսավորումը որքանով է համապատասխանում այն օրենսդրական պահանջներին, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքով:

«Մենք դիտարկում ենք ամեն ինչ՝ վահանակներ, դահլիճներ, վարձակալություններ, պաստառներ ու համեմատում ենք, թե ինչ է գրված հիմնադրամում ու հետո գնում ենք կուսակցությունների մոտ ու պարզում՝ ինչո՞ւ կա տարբերություն: Օրինակ՝ նախորդ տարի կուսակցություններից մեկը նշել էր 250 հազար դրամ ծախսի մասին, բայց շուկայական գներով հաշվարկը ստացվել էր 1,584,000 դրամ»,- ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Այս տարի կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնելու այն ընտրատեղամասերի ընտրություններին, որտեղ նախորդ տարիներին քվեաթերթիկների թիվն ավելի շատ է եղել ընտրողների թվից: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Վերին Սասունի գյուղում բնակչությունը 81 է, բայց ընտրողների թիվը 2010թ.-ին 132 է եղել, իսկ Տեղեր գյուղում 90 բնակչի փոխարեն քվեարկել են 192-ը:

«Էկոլուրը» դիտարկում է կոալիցիայի բնապահպանական ծրագրերը

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է կոալիցիոն կուսակցությունների վերջին տարիների գործառույթները բնապահպանության բնագավառում:

«Մաշտոցի այգի` կանաչ գոտին հատկացվեց բուտիկների համար, Ուսանողական այգի` կանաչ գոտում կառուցվեցին կապիտալ շինություններ, Կոմիտասի անվան այգի` «Նեմո» դելֆինարիումի անօրինական կառուցում, Դալմայի այգիների միջով անցնող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծ, Սուրենյանց փողոցի այգու տարածքում ռեստորանի շինարարություն, Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ շինության անօրինական կառուցում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Տերյան 62 հասցեում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Իսահակյան 28 հասցեում»,- սա մի մասն է «Էկոլուր»-ի արդեն իսկ հրապարակած բնապահպանական վերջին խնդիրների ցանկից։

Կազմակերպությունը ներկայացնելու է նախընտրական ծրագրերի բնապահպանության ոլորտին առնչվող վերլուծություն:

«Մենք հիմնականում քննադատում ենք ՀՀԿ, ԲՀԿ ու ՕԵԿ կուսակցություններին, քանի որ հենց նրանց ներկայացուցիչներն են զբաղեցրել 4 կարևոր նախարարությունների նախարարների պաշտոնները՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի ու բնական պաշարների, և ՀՀ առողջապահության նախարարների մասին է խոսքը»,- ասում է «Էկոլուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Մշակութային միջոցառումներ՝ընտրություններին ընդառաջ

2007թ.-ից ընտրական գործընթացի մշակութային միջոցառումները քննադատող «Արտ լաբորատորիան» այս տարի իր ուշադրությունը կենտրոնացրել է 5000 դրամանոց կաշառքների վրա:

«Քանի որ թղթադրամի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի նկարը, մենք կկազմակերպենք հատուկ ներկայացումներ ու կանցկացնենք թումանյանական ընթերցումներ դրա շրջանակներում, իսկ հետագայում ձայնագրված ներկայացումը կցուցադրենք նաև մարզերում»,- ասում է լաբորատորիայի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվելու են նաև ընտրելու իրավունքը ներկայացնող ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am