Տեսանկյուն

Ցեղասպանության ընդունման հարցը պետք է լուծել իրավական դաշտում

25.04.2012

Ջոֆրի Ռոբերթսոն

Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ստացել է իր գնահատականն ու հերթն արդեն իրավական դաշտ տեղափոխվելն է. անգամ թուրք պատմաբանների փաստարկներն են իրավական տեսանկյունից ապացուցում, որ 1915-23 թթ. իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի «ցեղասպանություն» սահմանմանը:

Այս մասին ապրիլի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ամբիոնից հայտնեց բրիտանացի բարիստեր Ջոֆրի Ռոբերթսոնը, ով հայերի ցեղասպանությանն իրավական գնահատական է տվել իր՝ «Արդյոք տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն» իրավաբանական հուշագրում:

Նա իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս բրիտանական և այլ երկրների դատարաններում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ռոբերթսոնը հիմնադրել է «Դաութի Սթրիթ Չեմբրս»-ը, որը Միացյալ Թագավորությունում մարդու իրավունքների պաշտպանության առաջատարներից է: Նա «Միդլ Թեմփլի» խորհրդի անդամ է և մարդու իրավունքներ է դասավանդում Թագուհի Մերի քոլեջում:

Հայկական ցեղասպանության ընդունման ու փոխհատուցման հարցի լուծումը Ռոբերթսոնը տեսնում է իրավական դաշտում: Այս հարցով նա զբաղվում է դեռ 1998թ.-ից, երբ Լոնդոնում Հայկական կենտրոնի խնդրանքով սկսեց համադրել պատմական ու իրավական փաստերն ու արձանագրեց՝ «1915թ.-ին հայերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը համապատասխանում է ցեղասպանության սահմանմանը»:

Ռոբերթսոնի կարծիքով՝ Միացյալ Թագավորության այն քաղաքականությունը, որով կասկածի տակ է դրվում հայերի ցեղասպանության փաստը «էթիկայի տեսանկյունից արժանի է խիստ քննադատության»: Օրերս Հայաստանի Ամերիկյան համալասարանում կայացած հանդիպման ժամանակ «Ինչու՞ են Հայոց ցեղասպանությունը ժխտողները սխալվում» ելույթի ժամանակ Ռոբերթսոնը Միացյալ Թագավորության քաղաքականությունը բնորոշեց որպես «առնետի քաղաքականություն»:

«Ես արյունակցական որևէ կապ չունեմ հայերի հետ, բայց այս թեման ինձ մտահոգող թեմաների շարքում է, քանի որ ոչ մի ցեղասպանություն այս աշխարհում չի ներվելու, քանի դեռ այն ազգութունը, որը դրա համար պատասխանատու է, չի ընդունում այդ պատասխաանատվությունը ու չի շտկում իր սխալները՝ Գերմանիայի օրինակով»,- ասաց Ռոբերթսոնը:

Նա ծիծաղելի ու սուտ որակեց թուրքերի մեկ ամիս առաջ արած հայտարարությունն այն մասին, որ Մալթայում դեռ 1919թ. դատ է եղել ու 120 հոգի թուրք արդարացվել են, իսկ դատավճիռը կայացրել է մի անգլիացի դատավոր:

«Սա ստերի մի ամբողջ փաթեթ է: Նախ կասկածյալների թիվը եղել է 67-ը, ու արդարացման կամ մեղադրանքի վճիռ չի եղել, քանի որ այդ ժամանակ ցեղասպանություն հասկացություն անգամ չկար ու քանի որ նման հանցակազմ չկար, նրանցից ոչ մեկին չեն դատել, ոչ էլ արդարացրել են»,- ասում է Ռոբերթսոնը:

Հայերի ցեղասպանությունը համապատասխանում է միջազգային իրավական սահմանմանը

Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը հստակորեն սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում: Ռոբերթսոնը համոզված է, որ հենց միլիոն ու կես հայերի արյամբ է «ցեղասպանություն» բառն ամրագրվել հատուկ կոնվենցիայով, որի երկու կետերը, ապացուցում են, որ հայերի կոտորածը ցեղասպանություն է եղել:

Խոսքը վերաբերում է այս կետերին՝ խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում, միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որոնք հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Կոնվենցիայի երրորդ հոդվածի առաջին և երկրորդ կետերի համաձայն` ցեղասպանության իրականացումը, ցեղասպանության իրագործման հղացումը, պետք է պատժվի:

Ջոֆրի Ռոբերթսոնն առաջարկեց հետևել Կոնվենցիային՝ գործը հասցնելով նաև Արդարադատության միջազգային դատարան:

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հիմնադիր Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ ողջունելի է Արդարադատության միջազգային դատարան դիմելը, և որ փաստեր կարող են ծառայել դեռ գոյություն ունեցող սեփականությունները, ճարտարապետական կոթողները:

«Մյուս իրատեսական ուղին խորհրդատվական գործի մեկնարկն է ու խնդրի ճիշտ ձևակերպումը, նաև կարելի է ստեղծել մի ատյան, որը կքննի միայն Թուրքիայի ու Հայաստանի միջև պահանջերը՝ իրավական տեսանկյունից»,- կարծում է Կիրակոսյանը:

Ռոբերթսոնն ապացուցում է, որ թուրք պատմաբաններից շատերն իրավական գիտելիքներ չունեն

«Այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն շրջանցել հայկական ցեղասպանության հարցը, ասում են, թե այս խնդիրը պատմաբանների գործն է, իհարկե ոչ՝ սա դատավորների հարց է: Երկրորդ խոշոր վրիպակն այն է, որ ասում են, թե չկա կոնկրետ պետական ցեղասպանությունն իրականացնելու հրահանգ, բայց մոռանում են, որ դա պարտադիր չէ ցեղասպանության փաստը դատարանում ապացուցելու համար, քանի որ նման փաստաթուղթ Հիտլերի ստորագրությամբ էլ չկա, բայց 6 միլիոն հրեաների ցեղասպանությունը Գերմանիայի կողմից ցեղասպանություն որակվեց»,- փաստում է հանրահայտ իրավագետ Ջոֆրի Ռոբերթսոնը:

Մեկ այլ զավեշտալի փաստ է այն, որ թուրքերն ընդունում են, որ հրահանգ են տվել տեղահանել ժողովրդին, ովքեր ճանապարհին մահացել են հիվանդությունների և այլ պատճառներով. սա ըստ էության իրավական տեսանկյունից ապացուցում է, որ դա ցեղասպանություն էր: Բայց ավելի զավեշտալի է այն, որ թուրք պատմաբանները նշում են, թե այդ մարդկանցից 200 հազար հայ ապահով հասել է Սիրիա, իսկ պատերազմի ժամանակ Թուրքիան ավելի շատ մարդ է կորցրել, քան հայերը:

«Տգետ ու ծախված պատմաբաններ: Սա նույնն է ինչ ասես, որ Գերմանիային եկեք արդարացնենք, քանի որ ռազմաճակատում 6 միլիոնից ավելի գերմանացի է մահացել, ի՞նչ է կանայք, մեծահասակներն ու երեխաները զենքով կռվե՞լ են թուրքերի դեմ»,- զայրանում է Ռոբերթսոնը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշեց, որ կեղծ պատմական փաստերի մեջ Թուրքիան ներկայացնում է նկարներ՝ ասելով, թե հայերն էլ իրենց են կոտորել ու բոլոր տարածաշրջաններում ներկայացրած նկարներում սպանված մարդիկ նույնն են:

«Թուրքիան նաև ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, փոխում է բնակավայրերի ու կենդանիների անունները: Փաստ է, որ նրանց կողմից տարվող ժամանակակից մերժողականությունը հենց ցեղասպանության շարունակությունն է, իսկ սահմանների փակումը ռասսիստական քաղաքականություն, որը տարվում է Ադրբեջանի հետ»,- համոզված է Դեմոյանը:

Ռոբերթսոնն իր կատարած աշխատանքների համար Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» պատվո շքանշանով ։

Ջոֆրի Ռոբերթսոնի հետ հանդիպումը կազմակերպել էին «Լույս» հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ «Բացենք մեր միտքը» սեմինարաշարի շրջանակում։

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am