Տեսանկյուն

Կոնդի խնդիրը՝ այդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածուների տեսանկյունից

27.04.2012

Կոնդ

Նախընտրական շրջանում Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուները հերթով գնում են Կոնդ՝ խոստանալով լուծել կոնդեցիների խնդիրները:

Հիշեցնենք, որ 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահ, ձեռքբերող ճանաչվեց «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն, որը պարտավորվեց իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: 2007թ. ընկերությունը սկսեց բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ: Կնքվեցին 200 պայմանագրեր՝ ըստ որոնց կոնդեցիները «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կառուցվելիք բազմաբնակարան շենքում համարժեք մակերեսով բնակարան պիտի ստանային:

Պայմանագրերի ժամկետները լրացան, սակայն մինչև հիմա կառուցված է միայն շենքի հիմքը և մի հատվածում 4-5 հարկի կմախքը: Իսկ Կոնդի մնացած 700 տներում ապրող մարդկանց ճակատագիրն անորոշ է:Արդեն 2 տարի է, ինչ բանակցություններ չեն վարվում, պայմանագրեր չեն կնքվում: Ո՛չ կառուցապատող ընկերությունը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան չեն տալիս, թե ինչո՞ւ է սառեցվել պայմանագրերի կնքման գործընթացը, ինչո՞ւ են դադարեցվել շինարարական աշխատանքները և ե՞րբ պատրաստ կլինեն խոստացված տները: Բնակիչները չգիտեն՝ ո՞ւմ դիմել և ումի՞ց պահանջել պայմանագրերի կետանցի համար սահմանված տույժերը:

Այս ընտրատարածքում 2007թ. ԱԺ ընտրություններին  պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն Սադոյանը՝ ստանալով 11 հազարից ավելի ընտրողների քվեն:

Առաջիկա ԱԺ ընտրություններին Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուներ են Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Ռուբեն Սադոյանը(ՀՀԿ), Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ) և Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»):

ԲՀԿ թեկնածու Նապոլեոն Ազիզյանը խոստանում է Կոնդի հարցը լուծել մեկ տարվա ընթացքում

«Ես մասամբ կոնդեցի եմ, ունեմ ընկերներ ու հարազատներ Կոնդում և այս խնդիրը ուզում եմ լուծել: Դա նոր հարց չէ, տարիներով ձգձգվում է, լուծում պետք է տրվի, անպատճառ, և ես դա անպայման կհասցնեմ Ազգային ժողով՝ ամբիոնից կլինեն հայտարություններ, կդիմեմ կառավարությանը, այսինքն՝ ես մոտիկից կզբաղվեմ, կգնամ դռները կբացեմ, կխնդրեմ, կբացատրեմ, ու տա Աստված, որ այդ խնդիրը լուծվի:

Ընտրություններից հետո շատ նմանատիպ խնդիրներ կան, մեկ տարվա ընթացքում այդ հարցերը կբարձրացնենք ու լուծում կտանք: Ովքեր այդ բնակարաններից դուրս են եկել, որ կառուցողապատողը կառուցապատի, պետք է փոխհատուցվեն, կամ բնակիչները կունենան այնպիսի կարգավիճակ, որ հույս կունենան՝ կամ բնակարանը կստանան, կամ էլ՝ գումարը:

Կարող է այլ ներդրող բերենք, ու շենքը ավարտին հասցնենք, բայց այն ինչ պայմանագրով գրած է, պետք է իրականացվի: Հիմա ով եկավ ներդրում անելու կուզենա շահույթ ստանալ: Իրանք գալիս են իրենց շահի համար, մենք էլ պետք է փորձենք պաշտպանել կոնդեցիների շահը»,-ասում է Նապոլեոն Ազիզյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն իրավական դաշտում է տեսնում Կոնդի խնդրի լուծումը

«Ես պատրաստվում եմ օրենսդրական մակարդակով պատասխանատվության հարցը կարգավորել, որ էլ հետագա ներդրողների դեպքում չլինեն նման բացթողումներ: ԱԺ պատգամավոր արդեն եղել եմ և 1995թ.-ին այդ խնդիրը բարձրաձայնել եմ:

Ընդհանրապես հիմնական խնդիրը միշտ եղել է նույնը՝ բնակարաններին վերաբերող շինարարական աշխատանքն է եղել: Հետագայում փորձվեց լուծում գտնել, որը չիրականացավ՝ ցույց տալով երկրի իրավական ու բարոյական քաղաքականության ընդհանուր պատկերը: Ես համոզված եմ, որ պետությունը պետք է դառնա պատասխանատու այդ ամեն ինչի համար:

Արամի փողոց, Աջափնյակ, Կոնդ... աշխարհագրական տեսանկյունից տարբեր տեղերում  են, բայց նույն երևույթի մասին է խոսքը գնում, որ քաղաքացին անպաշտպան է, ու պետությունը չի պաշտպանում այն քաղաքացուն, ում խաբել են, ես կարծում եմ, որ օրենսդրական քայլերով այդ խնդիրը կարելի է կարգավորել»,–կարծում է Ռուբիկ Հակոբյանը:

Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում ՀԱԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում մեկ տարում խոստանում է լուծել Կոնդի խնդիրը

«Եթե ես ընտրվեմ, իմ առաջին խնդիրը լինելու է պաշտպանել ինձ ընտրած կոնդեցիների սեփականության, արդար դատավարության իրավունքները և ընդհանրապես նրանց շահերի պաշտպանությունը պետական մարմինների կամայականություններից: Եթե ՀԱԿ-ը մեծամասնություն կազմի ԱԺ-ում այս ընտրություններից հետո, մեկ տարվա մեջ կարող ենք այդ խնդիրը լուծել ու Կոնդում բիզնեսի զարգացման համար կոնդեցիներին ապահովել առաջնային իրավունքով:

Կոնդն ընդհանրապես Երևանի կենտրոնում տեղկայված շատ հետաքրքիր տուրիստական մի գոտի կարող է դառնալ՝ խանութներով, սրճարաններով, հյուրանոցներով ու սեփական տներով: Իհարկե, այդ ամենի ուղղությամբ պետք է աշխատեն ճարտարապետներ ու դրա համար պետք են մեծ ներդրումներ:

Այսօր Կոնդում ներդրում կանեն միայն «ավանտյուրիստները», ինչպես և եղավ, «Դաունթաուն» ընկերությունը հարյուրավոր տներ քանդել տվեց՝ պարտավորվելով արագ փոխհատուցել բնակիչներին բնակարաններով, բայց 4 տարվա մեջ ոչ մի պարտավորություն չկատարեց ու«կորավ», իսկ մարդիկ չգիտեն որտեղից գտնեն նրանց ու պատասխան պահանջեն: Կոնդը գտնվում է կախված վիճակում: Նախ պետք է պատժել նրանց, ովքեր կոնդեցիներին նման վիճակի մեջ են դրել»,–նշում է Լևոն Զուրաբյանը:

ՀՀԿ չի ընդունում, որ Կոնդի խնդիրը վերջին 5 տարիներին ձգձգվել է ու իրավական կարգավորում չի ստացել

ՀՀԿ կուսակցության առաջնորդ Ռուբեն Սադոյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ այս հարցին՝ պարզաբանելով, որ զբաղված է: Մեր հարցերին պատասխանեց իր նախընտրական շտաբի պետ Սուրեն Ներսիսյանը:

««Դաունթաուն» ընկերությանը ոչ մի պատասխանատվության էլ չենք ենթարկելու, և այն շարունակելու է կառուցապատումը:

Կոնդի ժողովրդի հետ կապված կա կառավարության ծրագիր, կա պետական մոտեցում: Այդ խնդիրը երևի 2013թ.-ին կա նախագահի ծրագրի մեջ, որ Կոնդի, Նորագյուղի և այլ թաղամասերի լքյալ տների իրացման գործընթացը կշարունակվի և միևնույն ժամանակ Կոնդի ծրագիրը կիրականացվի: Կոնդում կան որոշակի ծրագրեր, որոնք արդեն իրացվել են՝ շենք են կառուցում, կան ներդրողներ, ովքեր եկել են ու հնարավորության սահմաններում ներդրումներ են կատարում»:

Մեր «ովքե՞ր են այդ ներդրողները» հարցին Ներսիսյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, դա արդեն պատգամավորի իրավասության մեջ չի մտնում՝ ովքեր են, ինչեր են: Կան պետական ծառայություններ, կան պետական կառավարման մարմիններ, ովքեր կպատասխանեն ձեր հարցերին: «Դաունթաուն» կազմակերպությունը, երբ որ իրականացնում է ծրագիր, պայմանագիր է կնքում քաղաքացիների հետ, բնակիչներն էլ համաձայն այդ ծրագրի՝ պայամանագիր են կնքում, մոտակա ժամանակներս երևի կստանան իրենց բնակարանները»,- ասաց Ներսիսյանը:

Չնայած նրան, որ Կոնդում ամեն ինչ, ըստ շտաբի պետի, իր հունով է ընթանում, Ռուբեն Սադոյանը պատրաստվում է բարձրաձայնել Կոնդի կառուցման գործընթացն ավելի կարճ ժամանակում ավարտին հասցնելու մասին:

Կոնդեցիներն ասում են, որ նախորդ ընտրություններից առաջ պատգամավորի տված խոստումները չիրականացան։ Այս ընտրություններին ևս թեկանծուների խոստումները շատ են, բայց հավատը չկա՝ դրանց իրագործման։ 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am