Տեսանկյուն

Կրպակները կապամոնտաժվեն. ակտիվիստները շարունակելու են վերահսկել իրենց քաղաքը

02.05.2012

Բնապահպաններն ուրախ են, որ իրենց պայքարի արդյունքում Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված կրպակները կապամոնտաժվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այգի այցելելուց և Երևանի քաղաքապետին ուղղված հորդորներից հետո: Սակայն ավելի ուրախ կլինեին, եթե նախագահն ընդուներ, որ անօրինական է հանրային տարածքը օգտագործման իրավունքով տրամադրել մասնավոր սեփականատիրոջ:

Սոցիալական ցանցերում այլ կուսակցությունների ներկայացուցիչները գրում են, որ այս քայլին ՀՀ նախագահը դիմեց ոչ թե օրինականությունը վերականգնելու, այլ նախընտրակական շրջանում սեփական կուսակցության քարոզչությունն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներն անակնկալի եկան՝ մայիսի 1-ին տեսնելով նախագահին ու քաղաքապետին այգում, քանի որ 80 օրվա ընթացքում ոչ մի աջակցություն  չէին ստացել պետական կառույցներից: Այն, որ ակտիվիստները պահանջները հիմնավորված են տասնյակ օրենքներով ու օրենսդրական ակտերով, հաստատել էին նաեւ 35 փաստաբաններ՝ ստորագրելով համապատասխան հայարարությունը:

Մաշտոցի պուրակ այցելելն ու Երեւանի քաղաքապետին կրպակներն ապամոնտաժելու հորդոր հնչեցնելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ըստ էության, դարձավ ուղղակի բարի կամքի դրսեւորում, քանի որ նախագահն այդպես էլ չընդունեց, որ հանրային այգու տարածքը սեփականշնորհելու թույլտվություն տալը Երեւանի քաղաքապետարանի կողմից անօրինական էր:

«Ի՞նչ եք կարծում, լավ կլինե՞ր այս կրպակները թողեինք Աբովյան փողոցում, բայց երեւի ձեզ մոտ էլ հարց է առաջանում, այնտեղից հանել էին, կարող էին այլ տեղում դնել, կամ չդնել, չէ՞: Բայց անկախ նրանից որեւէ տգեղ կամ աչք ծակող կառույց, որտեղ էլ որ գտնվի չի կարելի անօրինական ճանապարհով մարդու սեփականությունը խլել, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է դա տեղի ունեցել, բայց եթե կառույցը օրինական է, մենք այդ մարդու իրավունքը պետք է հարգենք»,- նշել է Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում:

Նախագահի կարծիքով՝ Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քաղաքապետի մեծ ձեռքբերումն է:

«Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ողջունել է  նաև ոստիկանների աշխատանքը, սակայն չի հարցրել ոստիկաններին, թե երկու օր առաջ նույն այգում ինչո՞ւ են բռնություն կիրառել 10-ից ավելի ցուցարարների նկատմամբ ու բերման ենթարկել 7 ցուցարարի՝ արգելելով նրանց վրան տեղադրել, այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ էր հայտարարել, որ վրան տեղադրելու մեջ ոչ մի անօրինական քայլ չկա:  

Այս հարցին միայն երկու օր հետո է անդրադարձել է ՀՀ ոստիկանությունը՝ նշելով որ իրենք գործել են օրենքների սահմաններում: Իսկ նախագահի պուրակ գալուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանըհայտնել է, որ ուրախ է եւ՛ ակտիվիստների, ե՛ւ նման նախագահ ունենալու համար, երկու օր առաջ տեղի ունեցածն էլ պարզապես «երկունքի ցավեր» էին:

«Երեխան որ ծնվում է, կինը էդ երկունքը պետք է ապրի, որ երեխան ծնվի: Մայրը, շրջապատը հաճույք են ստանում ու եղավ այդ պրոցեսը, երկունքի ցավ զգացինք, ի՞նչ է եղել, որ»,- հայտնել է Մելքոնյանը:

Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարել են նաեւ, որ Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը, ըստ ՀՀ սահմանադրության, գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում:

« Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով»,- ասված է ակտիվիստների հայտարարությունում:

Սերժ Սարգսյանը, ըստ ակտիվիստների, ոչ մի կերպ չի անդրադարձելՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, որոնք, ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը: 

Ուստի պուրակի ակտիվիստները Երևանի քաղաքապետարանից պահանջում են՝

«Անհապաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը որոշումների կայացմանը»:

Նրանք նաեւ պահանջել են գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մայիսի 2–ի թիվ 3635–Ա որոշմամբ՝ ուժը կորցված է ճանաչվել է Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ 15.12.2011թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը։ Նույն որոշմամբ՝ հանձնարարվել է ապամոնտաժել  տեղադված տաղավարները և բարեկարգել տարածքը։ Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։


Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am