Տեսանկյուն

Խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքին. հարուցված է 4 քրեական գործ

16.05.2012

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ ընտրությունների օրը՝ մայիսի 6–ին, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքերով մինչ օրս հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը դեռ շարունակվում է: Եւս մեկ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Գրանցված միջադեպերից 4-ը տեղի են ունեցել Գյումրի քաղաքի ընտրատեղամասերում:

«Սա արտառոց էր Գյումրիի համար, որովհետև նախորդ ընտրություններին Գյումրին աչքի չի ընկել լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերի առատությամբ, ինչը եղավ այս անգամ: Իմ կարծիքով՝ դա պայմանավորված է տոտալ նկարահանումը խոչընդոտելու նպատակով, ինչը, փաստորեն, մասամբ հաջողվեց»,- www.hra.am –ին ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանի կարծիքով՝ Հայաստանում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման դեպքերն իրավապահ մարմինների կողմից պատշաճ քննության չեն արժանանում և մնում են հիմնականում չբացահայտված:

«Հետևողական եմ լինելու»

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ առաջին քրեական գործը հարուցվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանից ստացված հաղորդման հիմա վրա (ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մաս):

Նա դիմել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը՝ տեղեկացնելով, որ մայիսի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ անելիս Վարդան անունով ներկայացած անձը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել «ՖԼԻՊ» տեսակի նկարահանող սարքը:

Լրագրողն այդ պահին նկարահանել է այն երթուղայինը, որով ընտողներ էին բերել տեղամաս, ինչը դուր չի եկել որպես Վարդան ներկայացած Հովիկ Համբարձումյանին:

«Ինքը ոչ միայն խոչընդոտել է իմ մասնագիտական գործունեությունը, այլև մարմնական վնասվածք հասցնելու միջոցով ահաբեկել է և փորձել գույքի հափշտակում անել: Եվ այդ ամբողջն արվում էր նրա համար, որ ես չշարունակեմ նկարահանումը»,- www.hra.am –ին ասում է Էլինա Չիլինգարյանը՝ ավելացնելով, որ ինքը հետևողական է լինելու, որ նա օրենքի տառին համապատասխան պատժվի իր արարքների համար:

Խլել են տեսախցիկները` չթողնելով տեսանկարահանել

Գյումրիում արձանագրված միջադեպերից երկուսը վերաբերել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքի խորընդոտմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն առավոտյան 08:30-ին զանգահարել է ՀՀ գլխավոր դատախազության թեժ գիծ և տեղեկացրել, որ Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը, իսկ հետո տեղամասից հանել է նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Հաղորդումը ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում հանձնարարությամբ ոստիկանության Գյումրիի բաժնում հանգամանքներն ստուգվել են և նախապատրաստված նյութերի հիման վրա 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ (Քր.օր. 149-րդ հոդվածի 1-ին մաս)` ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հատկանիշով:

Նույն օրը Գլխավոր դատախազությունը անազանգ է ստացել, որ ժամը 08:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34/21 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք և վերցնելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի տեսախցիկը, հեռացել են՝ խոչընդոտելով նրա աշխատանքին: Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ (Քր.օր. 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ)` ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը մի խումբ անձնաց կողմից։

Այս երկու գործերն էլ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, նախաքննությունները շարունակվում են:

Ներկայումս Հատուկ քննչական ծառայության վարույթում է քննվում նաև «Մաքս-ինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող Կարեն Ալեքյանի հետ կատարված միջադեպի վերաբերյալ հարուցված քրգործը:

Լրագրողը մայիսի 6-ին՝ 18:30-ին, դիմել էր ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժին՝ հաղորդելով, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, անծանոթ չորս երիտասարդներ հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, խլել ԲՀԿ-ի կողմից իրեն տրամադրված տեսախցիկը և հեռացել: Նույն օրը` 2 ժամ անց, տեսախցիկը վերադարձրել են կոտրված վիճակում:

Դեպքի առթիվ մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը մի խումբ անձնաց կողմից, ինչը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):

«Գալայի» լրագրողը հաղորդում է ներկայացրել

Ներկայումս ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում «Գալա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նալբանդյանի հաղորդման հիման վրա:

Լրագրողը մայիսի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժամը 19:00-ի սահմաններում, դիմել է թիվ 33 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն նա հրաժարվել է տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությունը:

Լուսանկարելու ժամանակ խլել են լրագրողի հեռախոսը

Մայիսի 6–ին Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է խոչընդոտել «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի աշխատանքը:

Տեղամասում ընտրողների կուտակումները հեռախոսով նկարելու ժամանակ մի տղա լրագրողի ձեռքից խլել է հեռախոսը: Նա չի ներկայացել և փորձել է «ապացուցել», որ լրագրողը նկարելու իրավունք չունի:

«Ավելի շատ փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել, վախեցնել»,- ասում է Նելլի Բաբայանը: Քիչ հետո երիտասարդը վերադարձրել է հեռախոսը, սակայն այդպես էլ չի ներկայացել:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ այս ընտրություններին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը քիչ են եղել, քանի որ այդպիսի ցուցում է եղել.

«Բայց միանգամից չես կարող կտրել, որովհետև դեռ իներցիայով բռնություններ գործադրում են: Եւ քանի որ դա համատարած չի եղել, թերևս, ցուցադրական դատավարություններ կլինեն, թեթև պատիժներ կկիրառվեն՝ տուգանքների ձևով և դրանով կավարտվի: Նաև դրանով ցույց կտան, թե՝ տեսեք, նման դեպքերը պատժվում են»,- կանխատեսում է Ավետիք Իշխանյանը:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am