Տեսանկյուն

Պետդեպարտամենտի 2011թ. զեկույցը՝ մարդու իրավունքների վերաբերյալ

25.05.2012

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մայիսի 24–ին հրապարակել է մարդու իրավունքների 2011թ. զեկույցը։

«Մարդու իրավունքների ամենաէական խնդիրները վերաբերել են իշխանությունն ընտրությամբ փոխելուն, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև դատական անկախ համակարգ չունենալու հետ»,– ասված է զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։

Անդրադառնալով կյանքից ապօրինի զրկելու դեպքերին՝ նշված է զինվոր Տիգրան Համբարձումյանի և լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան դեպքերը, ինչպես նաև՝ Վահան Խալաֆյանի մահվան  գործը։

Զինված ուժերում շարունակվել է հրամանատարների և շարքայինների կողմից զինակիցներին անպատիժ հալածելու միտումը։ Ոստիկանները շարունակել են քաղաքացիներին ծեծի ենթարկել ձերբակալության և հարցաքննության ընթացքում։

Չնայած օրենքն արգելում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառումը, սակայն անվտանգության ուժերի ներկայացուցիչները շարունակում են այդ գործունեությունը։ Որպես օրինակ նշված է Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է արել արդար դատավարություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, քանի որ կրկնվող ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքով է ձեռք բերվել ինքնախոստովանություն։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջել է անկախ հետաքննություն իրականացնել ամբաստանյալների խոշտանգումների մասին հայտարարությունների վերաբերյալ և վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու պրակտիկային»,– ասված է զեկույցում։

Չնայած օրենքը պահանջում է, որ կալանքի կիրառման մասին որոշումները լինեն ողջամիտ, և կալանավորումը օգտագործվի որպես ծայրահեղ միջոց, գործնականում դատարանների կողմից հաճախ է կալանքը կիրառվում։ Կալանքը հաճախ է կիրառվում նաև անչափահասների նկատմամբ և չկա առանձնակի արդարադատության համակարգ անչափահասների համար։

Բանտերում 2011թ. 37 մարդ է մահացել, ինչը, ըստ իշխանությունների, հիվանդությունների հետևանք էր, որոշ դեպքերում էլ եզրակացության մեջ նշվել է ինքնասպանությունը։

Դատարանները շարունակ գտնվում են գործադիր իշխանության քաղաքական ճնշման ներքո, ձևավորված է դատական այնպիսի մշակույթ, ըստ որի` դատավորներից ակնկալում են գրեթե բոլոր գործերում մեղավոր ճանաչել կասկածյալին։

Զեկույցում անդրադարձ կա նաև Եհովայի վկա կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի դատավարությանը ։ Համաձայն զեկույցի՝ մամուլի և հատկապես հեռուստատեսության աշխատանքում նկատելի էր քաղաքական բազմակարծության և անկողմնակալ լուսաբանման պակասը։ Իշխանություններն ապաքրեականացրել են զրպարտությունը, սակայն սահմանել են չափազանց բարձր տուգանքներ, ինչով լրագրողներին դրդել են ինքնագրաքննության։

Անցումը դեպի թվային հեռուստատեսություն հանգեցրել է բազմակարծության նվազեցման։ 13-րդ անգամ մերժվել է 2002 թվականից եթերազրկված «Ա1+»-ի` հաճախականություն ստանալու դիմումը։ 2011թ. մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունել է Ընտրական նոր օրենսգիրքը, որը Վենետիկի հանձնաժողովը և միջազգային այլ դիտորդներ առաջընթաց են որակել։ Սակայն դա չի ցրել ընտրությունների անցկացման, ընտրական հանձնաժողովների ձևավորման, կեղծիքների կրկնության վերաբերյալ մտավախությունները, որոնց թվում նշվել է դրսում բնակվող 500-800 հազար ընտրողների ձայները չարաշահելու հնարավորությունը։

«Իշխանությունները 2011թ. ազատ են արձակել 2008թ. նախագահական վիճահարույց ընտրություններին հաջորդած ընդհարումներին մասնակցելու մեղադրանքով ազատազրկված վերջին վեց ընդդիմադիր գործիչներին»,– նշում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ինչպես նաև 2011թ. մայիսից իշխանություններն արտոնել են ընդդիմությանը ցույցեր և հավաքներ կազմակերպել մայրաքաղաքի նախկինում արգելված վայրերում, դրանք անցկացվել են առանց միջադեպերի, թեպետ Երևանից դուրս ապրող ցուցարարների ժամանումը մայրաքաղաք խոչընդոտվել է. ասված է զեկույցում։

Մի շարք միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններ ազատորեն ուսումնասիրել և բարձրաձայնել են իրենց բացահայտումների մասին, իշխանությունները երբեմն համագործակցել և ականջալուր են եղել նրանց տեսակետներին։ Սակայն կան խմբեր, որոնց հետ խնդիրներ են առաջացել, օրինակ՝ «Բանակն իրականում» խումբը, ով պարբերաբար ակցիաներ է կազմակերպում բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների հետ՝ պահանջելով պատժել բանակային սպանությունների մեղավորներին։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am