Տեսանկյուն

Բողոքում են դատական նիստերը դռնփակ անցկացնելու որոշման դեմ

31.05.2012

Մարիամ Գևորգյան, նկարը՝ hetq.am-ի

Հունիսի 1–ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայկանուշ Միքայելյանի դատավարությունը, ով մեղադրվում է իր տղայի կանանց խոշտանգելու և դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Մայիսի 29–ի դատական նիստին դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստերը դռնփակ անցկացնելու որոշում ընդունեց։ Այս որոշումն առաջացրել է հասարակական կազմակերպությունների դժգոհությունը, որը նրանք այսօր արտահայտեցին՝ ՀՀ դատախազության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնելով:

Հայկանուշ Միքայելյանի որդին՝ Դավիթ Զիրոյանը, սկզբում կնության էր առել Մելինե Բայաթյանին (2005-2008թթ. ամուսնական տարիներ), այնուհետև ամուսնացել էր Մարիամ Գևորգյանի հետ (2010թ.): Երկու կանայք էլ մշտապես ծեծի են ենթարկվել Դավիթ Զիրոյանի և նրա մոր կողմից։

2010թ. հոկտեմբերի 25-ին Մարիամ Գևորգյանն ու Մելինե Բայաթյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում են տվել: Շուտով Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, իսկ նրա մայրը հետապնդվել է նույն հանցանքը, սակայն «առանձին դաժանությամբ» կատարելու համար: 2011թ.-ի սեպտեմբերի 18-ին Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման հիմքով, իսկ նրա մայրը կալանավորված է:

Այս գործով պատշաճ քննություն չանցակցնելու արդյունքում խնդիրը սկսել են բարձրաձայնել հասարակական կազմակերպությունները՝ մասնավորապես «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան», ինչի հետևանքով վերսկսել է քրեական գործի վարույթը: Քննարկման առարկա են դարձել մամուլի հրապարակումները՝ տարբեր հանգամանքներ, փաստեր, որոնք մինչ այդ քննությանը հայտնի չեն եղել:

«Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան» այսօր բարձրաձայնեց, որ Արարատի դատախազ Արսեն Արսենյանը չի ընդունում նրանց, ինչպես նաև գործով փաստաբան Նոնա Գալստյանին ու չի լսում իրենց հակափաստարկները՝ պաշտպանողի դերից «անտարբեր մարդու» կարգավիճակ ստանալով:

Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը www.hra.am –ին հայտնեց, որ դատավորը, առաջին դատական նիստը չսկսած, առանց որևէ միջնորդության, անհիմն արգելեց լրատվամիջոցներին տեսալուսանկարահանել՝ ցույց տալով, որ ի սկզբանե տրամադրված է գործի քննության դռնփակ անցկացման:

Գալստյանը նշում է, որ դատավորն իրավունք ունի դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնել, բայց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Տվյալ դեպքում դատավորը պատճառաբանել է, որ գործն առնչվում է անձնական ու ընտանեկան կյանքի պատվին ու արժանապատվությանը:

«Բայց քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միայն այդ հանգամանքը բավարար չէ նման որոշում կայացնելու համար։ Այսինքն՝ դատավորը պետք է նաև հիմնավորեր, որ նման որոշումը չի խոչընդոտի արդարադատության շահերին ու չի հանգեցնի հրապարակայնության սկզբունքի անհիմն սահմանափակմանը: Մենք երբ ներկայացրեցինք առարկություններ՝ հիմնավորեցինք, որ դռնփակ դատական նիստերը կվնասեն այդ երկու հանգամանքներին, բայց դատարանը հաշվի չառավ մեր առարկություններն ու իր կողմից որևէ հիմնավորում չներկայացրեց: Այսինքն՝ միայն այս հանգամանքը բավարար է ասելու, որ դատավորի որոշումը ապօրինի է»,- համոզված է փաստաբան Նոնա Գալստյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 1-ին, ժամը 13:30-ին: Այս նիստի ժամանակ դատավորը կքննի ինքնաբացարկի միջնորդությունը և կհրապարակի իր որոշումը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, չնայած նիստերի դռնփակ են, լինելու են դատարանի շենքի մոտ ու նիստերի դահլիճից դուրս հետևելու են դատական գործընթացին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am