Տեսանկյուն

Ամուլսար. Ջերմուկում հասարակական լսումներ չեն անցկացնելու

04.06.2012

Ամուլսար, նկարը՝ www.lydianinternational.co.uk–ի

«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելուց առաջ ընդամենը 13կմ հեռավորությամբ գտնվող  Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելն անիմաստ է, քանի որ Ջերմուկն իրականում ոչ մի ազդեցություն չի կրելու: Նրանք երաշխավորում են հանքավայրի շահագործման անվտանգությունը, ինչին բնապահպանները չեն հավատում: Վերջիններս մտավախություն ունեն, որ  «Գեոթիմը» Ամուլսարի ոչ միայն ոսկու պաշարով է հետաքրքված, այլ նաև՝ ուրանի։

Հիշեցնենք, որ Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա՝ երկու մարզերի՝ Վայոց ձորի և Սյունիքի սահմանին: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ: Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և  Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է՝ 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

«Գեոթիմ» ընկերության աշխատակիցներն ընդունում են, որ հանքի շահագործման ընթացքում չի բացառվում, որ վնաս հասցվի միայն Սպանդարյանի ջրամբարին: Բնապահպանները պնդում են, որ միայն դա էլ հերիք է, որ Ամուլսարի հանքավայրը չշահագործվի:

Բնապահպանները նաև համոզված են, որ կենդանական, բուսական աշխարհն ու ջրային պաշարները վտանգված են, քանի որ հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան գետից օրական վերցնելու են 3000 տոննա ջուր, շահագործման ընթացքում շրջակա միջավայրում նստելու է թունավոր նյութերից կազմված փոշի, որն առաջանալու է հանքավայրի պայթեցումների հետևանքով:

«Նրանք ասում են, թե ընդերքում հանքային ջրեր չեն հայտնաբերել, բայց չեն ասում, թե պարբերաբար կրկնվող պայթյունների արդյունքում մոտակա տարածքներում գտնվող Ջերմուկ քաղաքի հանքային ջրերի համակարգը կարող է փոխվի։ Բացի այդ ձնհալից հետո մեծ քանակությամբ ջրեր են հոսում, որոնք, բնականաբար, կարող են իրենց մեջ վերցնել պայթյունի հետևանքով առաջացած փոշին»,- www.hra.am –ին հաղորդեց «Էկոլուր» տեղեկատավական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ պնդում է, որ Որոտանից ջուր վերցնելու դեպքում ջրի քանակն էլ կպակասի՝ անմիջապես ազդելով Սյունիքի գյուղատնտեսական աշխատանքների վրա:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել էր հասարակական լսումներ անցկացնել Ջերմուկում: «Գեոթիմ» ընկերության սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը հայտարարեց, որ իրենք չեն անցկացրել հասարակական լսումներ, քանի որ Ջերմուկը չի ճանաչվել ազդակիր համայնք:

«Գեոթիմ» ընկերության սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյան

«Այն հանքավայրից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, ուստի 172 կգ պայթուցիկի պայթյունից առաջացած ցնցումները կտարածվեն միայն մոտակա 100 մետրի վրա՝ չհասնելով Ջերմուկ: Իսկ 10 հազար կգ պայթուցիկի պայթյունը հավասար է 1 բալի»,- ասաց Ստեփանյանը:

Կազմակերպության մյուս աշխատակիցներն էլ հավելեցին, թե իրենք ամեն ինչ իրականացրել են օրենքով ու, իրենք համարում են, որ այս դեպքում նախարարի հանձնարարականը որևէ իրավական ուժ չունի:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պարզելու՝ ի՞նչ իրավական հիմք ունի Ամուլսարի նախագծի վերաբերյալ Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելու մասին նրա հանձնարարականը (18.04.2012թ.) և, ըստ նախարարի, Ջերմուկը պե՞տք է պաշտոնապես ճանաչվի Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի:

Ջերմուկը առողջարանային համալիր է: Ջրավազանը, որտեղ ձևավորվում են բուժիչ ջրերը, հիդրոլոգիական արգելավայրի կարգավիճակ ունի և մտնում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկի մեջ: Այստեղ տուրիզմի, առողջարանային-հանքաջրաբուժական հաստատությունների ցանցիզարգացմանը ուղղված ներդրումներ են կատարվում:

Երկրաբան Ռուբեն Յադոյանը նշում է, որ ընկերության կողմից, ըստ էության, չի կատարվել խորացված երկրաբանական ուսումնասիրություն ու այդպես էլ հասկանալի չէ, թե ամեն օր 3 հազար տոննա ջուրը վերցնելով, ինչպես են վարվելու վերջինիս հետ հետագայում:

Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ պոչամբար չի լինելու ու իրենք աշխատելու են ջուրն անընդհատ շրջանառության մեջ դնելով, որին բնապահպանները ևս թերհավատորեն են վերաբերում:

Այս թեմայով նախկինում բնապահպանները բարձրաձայնել են տարբեր ասուլիսների, ֆիլմերի ու միջոցառումների տեսքով, որի ժամանակ հնչել է այն փաստարկված  միտքը, որ հանքաքարի մեկ տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը' Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն, իսկ հանքավայրի շահագործումից հետո կստացվի լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք: «Լիդիան ինթերնեյշնլ»-ը Ամուլսարի պաշարները գնահատում է 70 տոննա:

Այս ամենից բացի, բնապահպանները շարունակում են մտահոգվել Ամուլսարի տարածքում ուրանի առկայությամբ, չնայած «Գեոթիմի» ներկայացուցիչները պնդում են, որ հայտնաբերված ուրանի չնչին պարունակյությունը վտանգավոր չէ:

Դեռևս 2007թ. Գ.Պ. Ալոյանն իր «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում նշել էր, որ Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան:

«Գեոթիմ» ընկերության ղեկավարներն ու ՀՀ էներգետիկայի և բնական  պաշարների նախարարության աշխատակիցներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը:

Ամուլսարի շահագործմանը վերաբերող պարտադիր հասարակական լսումներ այլևս չեն լինելու: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների ՇՄԱԳ-ի,ջրային ռեսուրսների ռիսկերի հետ կապված աշխատանքային քննարկման ժամանակ «Գեոթիմի» ներկայացուցիչները նշեցին, որ ապագայում բնապահպանների հետ քննարկումները  «բարի կամքի դրսևորում» են լինելու: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am