Տեսանկյուն

Պայմանական վաղաժամկետ ազատում. գործընթացի հիմնախնդիրը

13.06.2012

Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ

ՀՀ քրեակատարողական համակարգում պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրն իր արմատներով գալիս է դեռ խորհրդային համակարգից: Ընդհանրապես, ուժային կառույցների խնդիրները տարածաշրջանի երկրներում շատ նման են միմյանց, սակայն յուրաքանչյուր երկիր փորձում է սեփական ճանապարհը գտնել դրանց լուծման համար:

Խորհրդային համակարգից քրեակատարողական ծառայությունը ժառանգեց պայմանական վաղաժամկետ ազատման երկաստիճան համակարգ՝ Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողով (այսուհետ՝ Վարչական հանձնաժողով) և դատարան: Այսինքն, եթե Վարչական հանձնաժողովը որոշում էր, որ դատապարտյալն ուղղվել է, ապա դիմում էր դատարան, որն էլ իր հերթին դրական որոշում կայացնելու դեպքում ազատ էր արձակում դատապարտյալին:

Հարկ է նշել, որ Վարչական հանձնաժողովը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ղեկավարում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը, ինչը նշանակում է, որ հանձնաժողովի մյուս անդամների (նրա ենթականեր) մասնակցությունը կրում է լավագույն դեպքում խորհրդատվական բնույթ, իսկ հիմնականում ֆորմալ է, քանի որ փաստացի որոշում է կայացվում միանձնյա՝ հիմնարկի պետի կողմից: Միևնույն ժամանակ եթե դրան գումարենք դատական համակարգի թերի կայացվածության խնդիրը, ստացվել էր, որ վաղաժամկետ ազատման համակարգը լիովին կոռումպացվել էր. յուրաքանչյուր դատապարտյալ գիտեր՝ ում և ինչքան պետք է վճարել վաղաժամկետ ազատվելու համար:

Համակարգը գործում էր «արդյունավետ» և դատապարտյալների մոտ 90 տոկոսն ազատվում էին վաղաժամկետ: Ինչը հավանաբար նշանակում է, որ «ծառայությունը» մատչելի էր դատապարտյալների մեծ մասի համար: Իհարկե, որոշ դատապարտյալների դեպքում հաշվի էին առնվում մատուցված ծառայությունները, և նրանք օգտվում էին «անվճար համակարգից», սակայն այդ դատապարտյալների թիվը լուրջ տոկոս չէր կազմում:

Այս իրավիճակն ինչ–որ պահի սկսեց նյարդայնացնել որոշ կառույցների (ենթադրաբար՝ ոստիկանությանը, ում չպիտի դուր գար, որ իր կողմից հայտնաբերված հանցագործները զանգվածաբար ազատ են արձակվում՝ կրելով նախատեսված պատժի փոքր մասը)։ Արդյունքում ոստիկանությունը որոշեց սկսել պայքար կոռուպցիայի դեմ (իհարկե՝ միայն վաղաժամկետ ազատման ոլորտում, չնայած քրեակատարողական համակարգի այլ ոլորտները պակաս կոռումպացված չէին, ուղղակի դրանք ոչ ոքի չէին նյարդայնացնում):

Այսպիսով, 2006 թվականին ստեղծվեցին Պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովները (այսուհետ՝ Անկախ հանձնաժողովներ)՝ երեք հանձնաժողով 12 քրեակատարողական հիմնարկի համար: Այսինքն՝ յուրաքանչյուրը սպասարկում է չորս հիմնարկ: Անկախ հանձնաժողովերն իրենց տեղը գրավեցին Վարչական հանձնաժողովների և դատարանի միջև՝ ապահովելով լրացուցիչ վերահսկողություն առաջինների նկատմամբ: Այսպիսով, համակարգը դարձավ եռաստիճան: Անկախ հանձնաժողովները բաղկացած են հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներից (գլխավորում են փոխոստիկանապետերը):

Տարբեր փուլերում Փաստաբանների պալատը և Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հակասական վերաբերմունք էին դրսևորում՝ մեկ մասնակցելով, մեկ բոյկոտելով կամ դուրս գալով հանձնաժողովների կազմից: Ներկայումս փաստաբանների պալատի ներկայացուցիչները փոխարինվել են հանրային խորհրդի ներկայացուցիչներով, իսկ ՄԻՊ-ի ներկայացուցիչները դադարեցրել են բոյկոտը և վերադարձել են հանձնաժողովներ:

Անկախ հանձնաժողովներ. գործում են սուբյեկտիվ մոտեցումներ

Եթե փորձենք հասկանալ՝ ինչ ստացանք Անկախ հանձնաժողովները ներդնելով, ապա առաջին հայացքից աչք է զարնում այն, որ հանձնաժողովների այս ձևաչափը ներդնողներն այնքան են տարված եղել կոռուպցիայի դեմ պայքարով, որ մոռացել են, թե վաղաժամկետ ազատման համակարգն ինչ խնդիր պիտի լուծի:

Վաղաժամկետ ազատման համակարգը պիտի գնահատի, խորհրդային տերմինաբանությամբ՝ դատապարտյալի ուղղումը, իսկ արևմտյան տերմինաբանությամբ՝ դատապարտյալի կողմից կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը: Քանի որ «անձի ուղղումը» բավականին անհասկանալի և դժվար չափելի հասկացություն է, հետագայում կհիմնվենք ռիսկերի գնահատման վրա:

Գնահատումը կարելի է իրականացնել առաջինը՝ հաշվի առնելով դատապարտյալի վարքը և նրա հետ իրականացված աշխատանքները քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, և երկրորդը՝ գնահատելով այն միջավայրը, ուր նա պատրաստվում է վերադառնալ (կացարան, ընտանիք, մասնագիտություն, աշխատանքի հնարավորություն և այլն):

Եթե Վարչական հանձնաժողովն առաջին մասով տեսականորեն կարող է կարծիք հայտնել, ապա Անկախ հանձնաժողովը երկու հարցերին էլ պատասխանելու համար ոչ բավարար տեղեկատվության է տիրապետում. ոչ ունի համապատասխան մասնագետներ և ոչ էլ համապատասխան չափանիշներ, որոնց վրա հիմնվելով կարող է որոշում կայացնել: Արդյունքում որոշումներն ընդունվում են սուբյեկտիվ գործոններից ելնելով:

Գործընթացին Անկախ հանձնաժողովների ներգրավումից անմիջապես հետո վաղաժամկետ ազատվողների թվաքանակը կտրուկ նվազեց: Չափանիշների բացակայությունը բերում է նրան, որ այսօր դատապարտյալը չի հասկանում «խաղի կանոնները», այսինքն՝ չգիտի ինչ պիտի անի կամ չանի, որպեսզի արժանանա Անկախ հանձնաժողովի հավանությանը: Իսկ եթե հաշվի առնենք, որ կայացված որոշումները որևէ կերպ չեն հիմնավորվում և բողոքարկման էլ ենթակա չեն, բնականաբար, «բարեփոխումները» դատապարտյալների բուռն դժգոհությունն առաջացրեցին՝ ընդհուպ մինչև բողոքի ակցիաներ:

Իմի բերելով վերը նշվածը՝ նշենք հիմնական խնդիրները, որ այսօր առկա են վաղաժամկետ ազատման համակարգում. 

  1. Ոչ Վարչական և ոչ էլ Անկախ հանձնաժողովներում չկան չափանիշներ, ըստ որոնց պիտի գնահատվի կրկնահանցագործության ռիսկը։
  2. Անկախ հանձնաժողովների կազմը.
    ա. Չկան մասնագիտական կարողություններ ռիսկերը գնահատելու համար
    բ. Ուժային կառույցների ներկայացուցիչներն ունեն կորպորատիվ շահ և շահագրգռված են, որ հնարավորինս քիչ «պոտենցիալ հանցագործ» ազատվի քրեակատարողական համակարգից
  3. Անկախ հանձնաժողովների որոշումները չեն հիմնավորվում, արդյունքում դատապարտյալը չի հասկանում մերժման պատճառները և իր հետագա գործողությունները, որ հաջորդ անգամ ստանա դրական եզրակացություն։
  4. Անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն։
  5. Վարչական հանձնաժողովի որոշումները թեպետ և ենթակա են բողոքարկման դատական կարգով, այնուամենայնիվ, որևէ դատապարտյալ չի դիմի դատարան այն հիմնարկի ադմինիստրացիայի դեմ, որտեղ որ նա գտնվում է։

Ակնհայտ է՝ կա խնդիր, որը լուծում է պահանջում:

Շարունակությունը՝  այստեղ

Աղբյուրը՝ www.hra.am