Տեսանկյուն

ԶԼՄ-ների դեմ նոր հայցեր վարույթ չեն ընդունվել

19.06.2012

Ինչպես կանխատեսում էին փորձագետները, զանգվածային լրատվամիջոցների դեմ սկսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով աննախադեպ դատական արշավն աստիճանաբար հանդարտվեց: Իրավիճակը մեղմացավ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումից  հետո: Փորձագետները հույս ունեն, որ վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված երկու որոշումները վերջնականապես կհաստակեցնեն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի տարընթերցումները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2012թ առաջին հինգ ամիսներին ԶԼՄ-ների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական նոր հայցեր վարույթ չեն ընդունվել: Մինչդեռ, 2011 թ. նույն ժամանակահատվածում 11 նոր հայց էր ընդունվել վարույթ, ևս 16 գործի դատավարություն ընթացքի մեջ էր 2010 թվականից սկսած:

ԶԼՄ-ների դեմ վերջին երկու դատական գործերը վարույթ են ընդունվել 2011թ. վերջին, սակայն դատավարությունը սկսվել է այս տարի:

Վճռաբեկ դատարանի վերջին որոշումները

2012թ. ապրիլի վերջին Վճռաբեկ դատարանը կայացրել է 2 որոշում: Օրենքի ապաքրեականացումից ի վեր՝ առաջին անգամ է, որ Վճռաբեկը վարույթ է ընդունում վիրավորանքի և զրպարտության հիմքով բողոքը և իր կայացրած դատական ակտում կատարում է կարևոր մեկնաբանություններ խոսքի ազատության իրավունքի և դրա հնարավոր սահմանափակումների վերաբերյալ՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին:

Ապրիլի 27-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Լեռնապատ գյուղի բնակիչ Բորիս Աշարաֆյանի բողոքը և բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Գործում որպես երրորդ կողմ էր ներգրավված «Ժամանակ» օրաթերթը:

Աշրաֆյանի դեմ հայց էր ներկայացրել Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածի համար: Գյուղապետը պահանջել էր հրապարակային ներողություն, հերքում, 3 միլիոն դրամ` 1 մլն վիրավորանքի և 2 միլիոն զրպարտության համար, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել հօգուտ գյուղապետի և Աշրաֆյանին պարտավորեցրել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել գյուղապետից և որպես փոխհատուցում վճարել 314 հազար դրամ: Վերաքննիչ դատարանն այս որոշումը թողել էր ուժի մեջ:

Նշենք, որ Լեռնապատի գյուղապետը զրպարտության և վիրավորանքի հիմքերով տասնյակ հայցեր է ներկայացրել իր համագյուղացիների դեմ ԶԼՄ-ներում իր մասին արտահայտած կարծիքների համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը գրեթե բոլոր վճիռները կայացրել է հօգուտ Վանո Եղիազարյանի:

Արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման առումով դատարաններում առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանը սահմանել է «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունները, դրանց գնահատման չափանիշները, տարբերակել է գնահատողական դատողությունն ու փաստը, ընդգծել, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել վիրավորանք և զրպարտանք հասցրած անձի ֆինանսական վիճակը և այլն:

Ապրիլի 27-ին կայացրած մեկ այլ վճռով Վճռաբեկ դատարանը մերժել է «Ժամանակ» օրաթերթի բողոքն ընդդեմ ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի: Այս գործով ընդհանուր իրավասության դատարանը թերթին պարտավորեցրել էր Թաթուլ Մանասերյանին որպես փոխհատուցում վճարել 510 հազար դրամ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) փորձագետ Աննա Ալոյանի կարծիքով՝ Վճռաբեկ դատարանի կայացրած այս երկու որոշումներն իրենց մեկնաբանություններով համահունչ են Սահմանադրական դատարանի` 1087.1 հոդվածի վերաբերյալ կայացրած 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմանը։

«Եթե դատարանները հենց սկզբից այսպիսի մոտեցում ցուցաբերեին, ապա հայցերի հայտնի «արշավը» տեղի չէր ունենա: Լրագրողական հանրությունը վաղուց էր սպասում նման հստակեցումների ու մեկնաբանությունների, որովհետև վերջին երկու տարվա իրադարձությունները ոչ միայն ֆինանսական հարված եղան լրատվամիջոցներին, այլև` բարոյահոգեբանական»,- նշում է փորձագետը:

Իսկ իրավաբան Արա Ղազարյանը Վճռաբեկ դատարանի որոշումը որակում է «շատ սպասված, բայց մի փոքր ուշացած»: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ էր, որպեսզի Վճռաբեկ դատարանը դեռ մեկ տարի առաջ արտահայտեր իր դիրքորոշումը վիրավորանքի և զրպարտության հիմքերով գործերի վերաբերյալ:

ԽԱՊԿ փորձագետ Աննա Ալոյանն արդեն իսկ նկատում է Վճռաբեկ դատարանի վերջին երկու որոշումների դրական ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից՝ նշելով հետևյալ գործի հանգուցալուծումը: Մայիսի 30-ին կայացրած վճռով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը մերժել է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի: Դատարանի որոշմամբ՝ գյուղապետը լրագրողին պետք է վճարի 150 000 դրամ` որպես փաստաբանական ծախսի փոխհատուցում: Իսկ մինչ այդ, նույն դատավորը հիմնականում բավարարել էր գյուղապետի կողմից ներկայացված բոլոր հայցերը:

1087.1 հոդվածը՝ ԶԼՄ-ների հետ հաշվեհարդարի միջոց

ԶԼՄ-ների դեմ դատական արշավը սկսվեց վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժի ապաքրեականացումով:

Փորձագետները, ապաքրեականացումը դրական քայլ համարելով հանդերձ, կանխատեսում էին, որ փոփոխությունը լինելու է ի վնաս ԶԼՄ-ների՝ հաշվի առներով ՀՀ դատական համակարգը: Կանխատեսումներն իրականացան, և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) ԶԼՄ-ների դեմ դարձավ հաշվեհարդարի միջոց:

Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո (2010թ. մայիս) վիրավորանքի և զրպարտության հիմքերով հայցերի մեծ հոսք սկսվեց հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ: Հայցերը շատացան այն բանից հետո, երբ դատարաններն իրար հետևից բավարարեցին հայցվորների՝ դրամական փոխհատուցման միլիոնը գերազանցող պահանջները:

«Հայց ներկայացնողները ոգևորված էին թերթերից գումարներ կորզելու մտքից, որովհետև մարդուն նստացնելը մի բան է, նրան սնանկացնելը՝ այլ բան»,- հայցերի մեծ քանակն այսպես է մեկնաբանում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Իսկ «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը ստեղծված իրավիճակը կապում է օրենսդրական անորոշ ձևակերպումների հետ. «Օրենքը այնքան անորոշ ու վատն է, որ տեղից վեր կացող ցանկացած անձ ցանկացած հոդվածի հետ կապված կարող է դիմել դատարան և պատիվ պահանջել»:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ իրականացրած մոնիտորինգի արդյունքներով՝ առավել խոցելի վիճակում էր հայտնվել տպագիր մամուլը՝ դիտարկված հայցադիմումների 75 տոկոսը եղել է այդ լրատվամիջոցների դեմ: Ամենամեծ թվով դատական հայցերը ներկայացվել են 2010թ նոյեմբերին (6 հայցադիմում՝ մեկ ամսում) և 2011թ. օգոստոսին (7 հայցադիմում):

Ընդդեմ ԶԼՄ–ների հայցերի թվի նվազման պատճառները

Նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հետևանքով կայացրեց ՍԴՈ-997 որոշումը, որով թեև 1087.1 հոդվածը հակասահմանադրական չճանաչեց, սակայն արեց մի շարք մեկնաբանություններ՝ հօգուտ խոսքի և մամուլի ազատության: ՍԴ-ն սահմանեց, որ վիրավորանքն ու զրպարտությունը պետք է պարտադիր պարունակեն դիտավորություն, դրանց առկայության ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը, նյութական փոխհատուցումը պետք է տրվի բացառիկ դեպքում և դրա չափը սահմանելիս պետք է հաշվի առնել լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները, փաստերի վրա հիմնված գնահատողական դատողությունների համար լրատվամիջոցը չպետք է պատասխանատվության ենթարկվի և այլն:

ՍԴ որոշումից հետո՝ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, լրատվամիջոցների դեմ դատական գործերի քանակը կտրուկ նվազեց:

Արդեն դատարանում եղած հայցերի մի մասը հայցվորները վերանայեցին և համապատասխանեցրին որոշման մեջ նշված չափանիշներին:

Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանից պահանջած մեկ միլիոն դրամի փոխհատուցման պահանջը փոխարինեց 1 լումայով, իսկ նույն լրագրողի դեմ հայց ներկայացրած` Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը նախապես պահանջած 2 մլն դրամի փոխհատուցումը փոխարինեց 200.000 դրամով։

Եղան նաև դատարան ներկայացված հայցերից հրաժարման դեպքեր (քաղաքացի Արամ Չատինյանն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի)։

Ընդհանուր իրավասության դատարանները սկսեցին կայացնել մերժման որոշումներ, հաշտություն կնքվեց այնպիսի աղմկահարույց դատական վերճերի կողմերի միջև, ինչպիսիք են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ընդդեմ «Հրապարակի», Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտի», «Արմավիա» ավիաընկերությունն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության» և այլն։

«Կարծում ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը զսպող ազդեցություն է ունեցել զրպարտության և վիրավորանքի հիմքերով լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի քանակի վրա»,- նշում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հակված է այն կարծիքին, որ հայցերի թիվը նվազել է միջազգային կառույցների ճնշման ազդեցությամբ:

Իսկ փաստաբան Դավիթ Թումասյանը նկատում է, որ դատական հայցերի առատությունն ավելի զգուշավոր է դարձրել լրագրողներին և նրանք որոշ բաներ փոխել են իրենց գրելաոճում:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am