Տեսանկյուն

Սևանից ջրի բացթողման չափաքանակի գրեթե կրկնակի ավելացում. որոշումն ընդունվել է առանց հասարակական լսումների

21.06.2012

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանի մասին երկու օրենքներում լրացումներ կատարելու  վերաբերյալ՝ թույլատրելով, որ Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը uահմանվի մինչև 320 մլն խորանարդ մետրը նախկին 170 մլն խորանարդ մետրի փոխարեն:

Նախ ՀՀ կառավարությունը 2012թ.-ի հունիսի 14-ին հավանություն տվեց Սևանա լճից մինչև 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու նախագծին, որն առաջադրել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այդ ժամանակ իրենց որոշումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսպես պատճառաբանեց.

«Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը: Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»:

Հունիսի 20-ին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կայացրած դրական եզրակացությունն առաջացրել է բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչների դժգոհությունը. չեն անցկացվել հասարակական լսումներ ու հաշվի չեն առել բնապահպանների ու համայնքի մտահոգությունները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ Կառավարության հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում և կան այլ պատճառներ, որոնց մասին իշխանությունը լռում է, իսկ բնապահպանները՝ կանխատեսում:

«Եթե գիտնականներն ու մասնագետներն ի սկզբանե 170 մլն խմ սահմանափակում են դրել, ուրեմն հասկացել են, որ դրա մեջ է Սևանի անվտանգությունը: Հայաստանը վերջին տարիներին երաշտ չի ունեցել ու անընդհատ անձրևներ են գալիս: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ջրային պաշարները քչացել Արարատյան դաշտավայրում»,- ասում է Զարաֆյանը:

Բնապահպանները մի քանի վարկած ունեն, որոնց պատասխանները ցանկանում են ստանալ հասարակական լսումների ու լայն քննարկումների արդյունքում, որի հնարավորությունը նրանց չեն տալիս:

«Արդյո՞ք պատճառ չի դարձել այն, որ Սևանի շուրջ կան շատ օբյեկտներ, որոնց ապամոնտաժման ու փոխհատուցման հարցերը լուծված չեն: Պատճառ է նաև այն, որ պետական բյուջեից գումարներ հատկացրել են, բայց ջրամաքրման աշխատանքներ չեն իրականացվել:  Իսկ Արարատյան դաշտավայրում շատ հողեր չգիտես ինչու դառնում են ձկնաբուծական արտադրական կետեր, ու ոչ մեկը չի մտածում արդյո՞ք այդ գործարարներին ջուր վաճառելով չեն վտանգի Սևանը»,- հարցում է Զարաֆյանը:  

Հասարակական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում  ներկայացված է, որ օրենքների փոփոխությունը ՀՀ սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվել:

«Մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչընդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով՝ Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը»,- ասված է հայտարարությունում:

2001թ. ընդունվել է Սևանա լճի մասին օրենք, որտեղ ամրագրված է, որ Սևանի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով, յուրաքանչյուր տարի՝ 21,6 սմ–ով:

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի  նախագահ Վլադիմիր Մովսիսյանը դեռ այս տարվա մարտի 2-ին՝ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, նշել է, որ Սևանա լճի մակարդակը 10 տարում բարձրացել է 380 սմ-ով, որը նախատեսվածից 164սմ-ով ավելի է: Իսկ Սևանից ջրի բացթողումը կազմել է միջինը 158 մլն խմ՝ 170 մլն խմ-ի փոխարեն:

Լճի մակարդակը 2012թ-ի հունվար 1-ին հատել է 1900 մետր 13 սմը, որը համապատասխանում է Սևանա լճի մակարդակի 1963թ-ի ցուցանիշին: Չի բացառվում, որ նոր որոշումից հետո ջրի մակարդակը նվազի ու հաջորդ տարի պետությունը մակարդակի բարձրացման առթիվ հպարտանալու առիթ չունենա:  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am