Տեսանկյուն

ՄԻՊ արտահերթ զեկույցը` ԱԺ ընտրություններից հետո և նախագահական ընտրություններին ընդառաջ

03.07.2012

ՄԻՊ Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մինչև նախագահական ընտրություններն առաջարկում է օրենսդրական փոփոխությունների միջոցով ՀՀ ոստիկաններին իրավունք տալ նախընտրական ցուցակներից հանել այն մարդկանց անունները, ովքեր երկար ժամանակ է բացակայում են Հայաստանից: Նա համոզված է, որ այս քայլով բնակչության մոտ կվերանա քվեարկության հնարավոր կեղծման մտավախությունը:

Սա մեկն էր Անդրեասյանի առաջարկություններից, որի մասին նա բարձրաձայնել է իր 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցում: Մարդու իրավունքների պաշտպանն ընտրությունները վերլուծել է մի քանի տեսանկյունից՝ ընտրական ցուցակների շուրջ անճշտություններ, նախընտրական քարոզչություն, քվեարկության օր: Անդրադարձել է ընտակաշառքներին, վարչական ռեսուրսների չարաշահմանն ու բռնություններին, ինչպես նաև բողոքարկման մեխանիզմներին:

Ընտրացուցակների թվի շուրջ աղմուկը բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ ներառված են ավելի մեծ թվով ընտրողներ:  Նշված խնդրի կապակցությամբ հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն: Այս խնդրի շուրջ դատախազության հայտարարության համաձայն` 2008թ. փետրվարից հետո ընտրողների ռեգիստրից դուրս եկած և նոր ընդգրկված ընտրողների քանակական տարբերությունը 2012թ. ապրիլի դրությամբ համապատասխանում է փաստացի վիճակին:  

Բայց մարդիկ մինչև հիմա թերհավատորեն են վերաբերում այդ տվյալներին, ուստի Անդրեասյանն առաջարկում է ընտրացուցակներից հանել բոլոր այն մարդկանց անունները, ովքեր մշտապես կամ երկար ժամանակով բացակայում են Հայաստանից: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը ներկայիս օրենսդրությամբ դրա իրավունքը չունի:

«Բռնության մասին եղել են մեկ տասնյակ դեպքեր: Օրինակ՝ ընդդիմադիր ներկայացուցչի քիթը կոտրել են, սպասում  ես, որ այդ դեպքում լուծում կլինի, բայց հետո հաշտվում են ու հասարակությունը չի տեսնում այդ գործով մեղավորներին: Մեկ այլ դեպքով, էլի ընդդիմադիր դաշտից եղել է ահազանգ, որ խոչընդոտում են իրենց քարոզարշավին, բայց հետագայում դիմումատուն չի ներկայացել ոստիկանություն»,- արձանագրել է Անդրեասյանը:

Առաջին դեպքը վերաբերում է Բաբկեն Գարոյանին, ում մի խումբ երիտասարդներ ծեծի էին ենթարկել և կոտրել նրա քիթը: Բռնության էին ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը: Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել էր քրեական գործ՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

«Հետագայում 2012թ. մայիսի 21-ին Բ. Գարոյանը Մալաթիայի քննչական բաժնում դիմում է ներկայացրել այն մասին, որ ինքը պարտք և պահանջ չունի այդ հանցագործության մեջ իրեն մեղավոր ճանաչած Վարդան Վարդանյանի հետ, ներել է նրան և խնդրել օրենքի սահմաններում Վ.Վարդանյանին պատասխանատվության չենթարկել: Ելնելով վերոնշյալից` քրեական գործի վարույթը կարճվել է տուժող Բ.Գարոյանի և մեղադրյալ Վ.Վարդանյանի միջև հաշտության արդյունքում»,- գրված է ՄԻՊ-ի զեկույցում:

Լրատվամիջոցները, Անդրեասյանի համոզմամբ, բազմակողմանի են լուսաբանել քարոզարշավն ու ընտրության գործընթացը, սակայն նրանց լուսաբանումը զուրկ է եղել բովանդակությունից:

«Բովանդակություն այդպես էլ չի հայտնվել ընտրողի սեղանին, որ նա կարողանա ճիշտ ընտրություն կատարել: Ներկայացրել են վերացական, ոչ ծրագրային խնդիրներ, ինչն էլ նպաստել է ընտրակաշառքի ինստիտուտի զարգացմանը, քանի որ եթե մարդը չունի գաղափար, որի մեջ կարող է ընտրել, նա սկսում է ընտրել 5000 կամ 10000 դրամի մեջ»,- համոզված է Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ զանգվածային բնույթ էին կրում լցոնումները, ձայների հաշվարկի ընթացքում կեղծումները, բռնությունները, բազմակի քվեարկությունները, այս ընտրություններն էականորեն և դրականորեն տարբերվել են:

«Բոլոր արձանագրված խախտումներից ամենամտահոգիչը եղել է ընտրակաշառքի բաժանման երևույթը: Հանրության որոշ մասի համոզմամբ՝ ընտրակաշառքի դեպքերը եղել են զանգվածային: Չնայած նման համոզմանը, այդ մասին փաստող ապացույցները և հիմնավոր վկայությունները բացակայում են: Ընտրակաշառքների վերաբերյալ արձանագրված շուրջ հարյուր ահազանգերի ծանրակշիռ մասը իրավապահ մարմինների կողմից ճանաչվել է անարժանահավատ»,- նշված է զեկույցի մեջ:

Ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը, Անդրեասյանի պնդմամբ, կրում են հենց իրավապահ մարմինները, իսկ ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են եղել և չափազանց անբավարար:

«Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունն այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ»,- կարծում է Անդրեասյանը:

Անդրեասյանն ասում է, որ վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերն  այս ընտրություններին չեն կրել զանգվածային բնույթ և հետևաբար հնարավոր չէ փաստել, որ վարչական ռեսուրսի կիրառումն էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

www.hra.am–ի այն հարցին, թե արդյոք ընտրությունների ընթացքի վրա չի ազդել այն փաստը, որ հանրակրթական դպրոցների, վարժարանների տնօրենների 70%-ը ՀՀԿ-ական են եղել, Անդրեասյանը պատասխանեց.

«Վարչական ռեսուրսների չարաշահման դեպքերում ահազանգեր գրեթե բացակայում են, ես համաձայն եմ, որ որոշ հիմարկների ղեկավարները չլինեն կուսակցական գործիչներ, բայց բացի դրանից մենք պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ եթե կա այդ երևույթը ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնում»։

Զեկույցում նաև ողջունելի է համարվում, որ էականորեն նվազել են դիտորդների, վստահված անձանց, լրագրողների և ընտրական գործընթացների այլ մասնակիցների գործունեությանը խոչընդոտելու դեպքերը և նրանց նկատմամբ բռնությունները:

ՄԻՊ-ը նաև արձանագրել է, որ ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտները ունեցել են իրական և մատչելի հնարավորություն բողոքարկելու իրենց շահերը շոշափող մարմինների որոշումները: Բողոքարկման բոլոր ատյանները գործել են ողջամիտ ժամկետներում և պահպանել են օրենքի գործընթացային պահանջները:  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am