Տեսանկյուն

Անչափահասների արդարադատություն. բարեփոխումների առաջարկներ

09.07.2012

«Անչափահասների արդարադատություն իրականացնելիս պետք է աշխատել անչափահասներին հնարավորինս հեռու պահել քրեական գործընթացներից, պետք է կիրառվեն այլընտրանքային միջոցներ, արդարադատությունը պետք է ունենա ոչ թե պատժիչ, այլ՝ վերականգնողական ֆունկցիա։ Անչափահասների հետ տարվող աշխատանքներում պետք է ներգրավվեն հոգեբաններ, սոցիալական աշխատողներ»,- կարծում է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ցիրա Չանտուրիան:

Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգը պետք է բարեփոխվի և համապատասխանեցվի միջազգային չափանիշներին. այս կարծիքը հնչեց «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ի կողմից հուլիսի 3-ին հրավիրված «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» թեմայով քննարկման ժամանակ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանն էլ նկատում է, որ վերջին ժամանակներս անչափահասների արդարադատության խնդիրներն ավելի արդիական են դառնում և ավելի հեշտ ու արդյունավետ կլինի բարեփոխումները սկսել հիմա, երբ այնքան էլ մեծ չէ անչափահաս դատապարտյալների թիվը (20-30 հոգի):

Կազմակերպությունները բարեփոխումների առաջարկությունները ներկայացնելու են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  նախագծի մշակման աշխատանքային խմբին:

Անչափահասների արդարադատության համակարգում առկա խնդիրները

ՔՀԻ փորձագետ Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ճիշտ չի լինի ասել, որ անչափահասների առանձնահատկություններն ընդհանրապես հաշվի չեն առնվում ՀՀ օրենսդրությամբ, սակայն, ըստ նրա, անչափահասների կարիքներին հարմարեցված պատժամիջոցներ ՀՀ-ում գոյություն չունեն:

«Քրեական օրենսգիրքը և քրեական դատավարության օրենսգիրքը պարտավորեցնում են վարույթն իրականացնող մարմիններին անչափահասների արդարադատություն իրականացնելիս որոշակի առանձնահատկություններ հաշվի առնել, սակայն հիմնական մոտեցումը կրճատված պատժատեսակներ կամ որոշակի արտոնություններ սահմանելու ձևով է արտահայտվում»,- նկատում է նա:

Անչափահասների նկատմամբ որպես այլընտրանքային պատիժ կիրառվող տուգանքը և հանրային աշխատանքը, Սահակյանի կարծիքով, չեն կարող արդյունավետ լինել, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանափակում է անչափահասների աշխատանքը, իսկ տուգանքները մարելու համար անչափահասը չունի ֆինանսական միջոցներ և այդ բեռն ընկնում է ծնողների կամ այլոց ուսերին: Փորձագետն առաջարկում է այլընտրանքային պատիժների ցանկն ընդլայնել և նախատեսել այնպիսի պատժատեսակներ, որոնք հարմարեցված են անչափահասների կարիքներին:

Խնդրահարույց է Հայաստանում քրեական պատասխանատվությանը փոխարինող համայնքային միջոցների բացակայությունը. «Գործում են համայնքային վերականգնողական կենտրոններ, որոնք փաստացիորեն իրականացնում են փոխարինում, բայց ես տեսնում եմ իրավական կարգավորման բացակայություն, այսինքն՝ հասկանալի և հստակ չէ, թե ինչ սկզբունքներով և ո՞ր իրավախախտ անչափահասներին է ոստիկանությունը ուղղորդում համայնքային կենտրոններ»,– ասում է Ս. Սահակյանը:

Փորձագետը տեսնում է նաև անչափահասների հարցերով զբաղվող մարմինների (քննիչներ, դատախազներ, դատավորներ) մասնագիտական վերապատրաստման խնդիր, որն ավելի հեշտ է իրականացնել, քան անչափահասների գործերով առանձին դատարաններ ստեղծելը:

Սիրանուշ Սահակյանն առաջարկում է անչափահաս մեղադրյալների գործերով պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունից բացի պարտադիր լինի հոգեբանի, սոցիալական աշխատողի կամ վերապատրաստված նմանատիպ որևէ մասնագետի մասնակցությունը, իսկ ներգրավված մանկավարժը չպետք է լինի տվյալ երեխային դասավանդող ուսուցիչ: Նա առաջարկում է պաշտպանի մասնակցությունը պարտադիր դարձնել նաև անչափահաս վկաների և տուժողների հարցաքննության ժամանակ:

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանն առաջարկում է տուժողների հարցաքննության դեպքում (հատկապես սեռական բռնության զոհերի) կիրառել միակողմանի հայելու մեթոդը, որպեսզի նա ստիպված չլինի մի քանի անգամ պատմել իր հետ կատարվածը:

ՔՀԻ փորձագետ Սիրանուշ Սահակյանը, կարևորելով հանդերձ հոգեբանի ներգրավումը նախաքննությանը, շեշտեց, որ պետք է բացառել հոգեբանի մասնագիտությունը օգտագործելով երեխայից ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու հավանական վտանգը:

Անչափահաս մեղադրյալի մասնավոր կյանքի պաշտպանության տեսանկյունից ՔՀԻ փորձագետն ավելի նպատակահարմար է գտնում նիստերի դռնփակ անցկացումը, քանի դեռ չկան լուրջ հիմքեր դատավարությունը դռնբաց անցկացնելու համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առաջարկությունները

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առաջարկությունները:

Փորձագետն առաջարկում է անչափահասների համար ձերբակալության առավելագույն տևողությունը 72 ժամից կրճատել և դարձնել 48 ժամ, ձերբակալված անձին անմիջապես տեղեկացնել իր իրավունքների և պարտականությունների մասին (մեղադրանքի էությունը, լռելու իրավունքը, որը չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն, պաշտպան ունենալու և օրինական ներկայացուցչի ներկայությամբ հարցաքննվելու իրավունքը և այլն)՝ իրեն մատչելի լեզվով և եղանակով, ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր:

ՄԱԿ-ի մյուս առաջարկը վերաբերում է կալանքին: Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ խափանման միջոց կալանքի առավելագույն ժամկետը պետք է սահմանել 6 ամիս, որը միայն բացառիկ դեպքերում կարող է երկարացվել: Նրա կարծիքով՝ դատական քննության փուլում ևս պետք է կալանքի ժամկետների սահմանափակում և վերանայման հնարավորություն լինի, որը օրենքով չկա. «Առաջարկում ենք անչափահասների գործերով օրենքով սահմանել կալանավորման որոշման վերանայման պարտադիր դրույթ՝ որոշակի պարբերությամբ, օրինակ՝ 14-24 օր հաճախականությամբ»:

Անչափահաս վկայի և տուժողի հարցաքննությանը և քննչական գործողություններին մանկավարժից բացի հոգեբանի մասնակցությունը պարտադիր դարձնելը ևս առաջարկների ցանկում է: Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ այս դեպքում ևս անչափահաս տուժողին և վկային պետք է մատչելի և հասկանալի ձևով բացատրվի իրենց իրավունքները, այդ թվում՝ փաստաբան և օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքը, իսկ սոցիալապես անապահովներին իրենց ցանկությամբ պետք է տրամադրվի փաստաբան:

Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

Փաստաբան Հրայր Ղուկասյանը, ով ղեկավարում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբը, ներկայացրեց անչափահասների գործերով դատավարության կարգի բարեփոխումները:

Նա նշեց, որ գործող օրենսգիրքը ընդհանուր է և չի տարբերակում անչափահասներին՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից, թեև ֆորմալ առումով անչափահասների համար առանձին բաժին ունի:

Նոր մշակվող օրենսգրքով անչափահաս մեղադրյալների գործերը կունենան տարբերակված վարույթ, սակայն դա չի վերաբերի անչափահաս տուժողներին և վկաներին:

Հրայր Ղուկասյանը նշեց, որ անչափահասների գործերը պիտի առանձին քննվեն, նույնիսկ եթե գործում ներգրավված են չափահաս անձինք: Իսկ եթե դա, արդարադատության շահերից ելնելով, հնարավոր չէ, անչափահասի նկատմամբ պետք է կիրառվի տարբերակված մոտեցում: Գործերը պետք է քննվեն հնարավորինս արագ:

Պաշտպանի մասնակցությունն անչափահասների գործերով վարույթներին պարտադիր է լինելու՝ ձերբակալման պահից սկսած, նույնիսկ եթե անչափահասը հրաժարվում է պաշտպանից: Հրաժարականը ընդունվելու է միայն այն դեպքում, եթե խնդիրը որպես պաշտպան հանդես եկող անձի հետ է կապված և մեղադրյալը կամ նրա օրինական ներկայացուցիչը ցանկանում են այլ պաշտպան հրավիրել:

Պարտադիր է լինելու նաև օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին, սակայն օրենքը հնարավորություն է տալու նաև օրինական ներկայացուցչին վարույթից հեռացնել և փոխարինել այլ ներկայացուցչով, եթե նա չարաշահում է իր լիազորությունները կամ վատ ազդեցություն է ունենում անչափահասի վրա:

Ղուկասյանի կարծիքով՝ մինչև 16 տարեկան անչափահասի գործի վարույթին պաշտպանի հետ միասին ավելի նպատակահարմար է, որ մասնակցի ոչ թե մանկավարժը, այլ՝ վերապատրաստված հոգեբանը:

Նախագծի վրա աշխատող խումբն ընդունելի է համարում նաև ձերբակալության առավելագույն ժամկետը 48 ժամ և նախնական կալանքի առավելագույնը ժամկետը 6 ամիս սահմանելը: Սակայն խնդիրներ կան դատական փուլում կալանքի առավելագույն ժամկետ սահմանելու հետ կապված:

«Անչափահասների գործերով նախաքննության ընթացքում կալանքի վերանայման ժամեկտները պետք է կրճատվեն և ավելի քիչ լինեն, քան 2 ամիսը: Հարցաքննության տևողությունը չպետք է գերազանցի 2 ժամը, իսկ մեկ օրվա ընթացքում՝ 4 ժամը: Հարցաքննությանը պարտադիր է պաշտպանի մասնակցությունը, իսկ օրինական ներկայացուցիչը կարող է մասնակցել՝ ըստ ցանկության»,-ըստ Ղուկասյանի՝ սրանք օրենսգրքի մյուս էական բարեփոխումներն են:

Կարևոր փոփոխություններից է նաև այն, որ օրենսգիրքը հնարավորություն է տալու եզրակացություն տված ցանկացած փորձագետի հարցաքննել, այդ թվում՝ քննիչներին, ովքեր, Հրայր Ղուկասյանի խոսքերով, կարծես «հարցաքննվելու իմունիտետ ունեն»:

Մեդիացիայի ինստիտուտի (միջնորդություն) ներդրման հնարավորության մասին բարձրաձայնեց անչափահասների գործերով համայնքային վերականգնողական կենտրոնների ծրագիր իրականացնող «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը: Հրայր Ղուկասյանը նշեց, որ այդ ոլորտը դեռ ուսումնասիրված չէ Հայաստանում և չկան հստակ արդյունքներ, թե ինչպես է աշխատում, ուստի իրենք դեռ խուսափում են ներդրումից «այդ ինստիտուտը չփչացնելու, չարժեզրկելու նկատառումով»:

«Տրտու» ՀԿ նախագահ Թեմիկ Խալափյանն էլ հետաքրքրվեց դատաքննության ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, հատկապես հեռահաղորդակցության միջոցով հարցաքննության մասին: Հրայր Ղուկասյանը նշեց, որ նախագիծը հնարավորություն ընձեռելու է հեռահար հարցաքննություն միայն բացառիկ դեպքերում, երբ հարցաքննվողը հեռու է և չի կարող ներկայանալ դատարան:

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարը կարծում է, որ աշնանն օրենսգիրքը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը, իսկ Ազգային ժողով կմտնի հաջորդ տարի:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպությունը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ 2011թ.-ից իրականացնում է «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագիրը:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am