Տեսանկյուն

Ամուլսարի հանքավայրը` Որոտան և Արփա գետերի միջև

10.07.2012

Որոտան գետը

Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ավստրիական համաժողովի ընթացքում հայտարարում է, որ 2025 թվականին վերականգնվող էներգիայի սպառումը Հայաստանում հասցվելու է 35%-ի, «Գեոթիմ» ընկերության աշխատակիցները հայտնում են, որ վերականգնվող էներգիայի մի մասը Հայաստանի համար ապահովող Որոտան գետից օրական 3000 տոննա ջուր են վերցնելու Ամուլսարի հանքավայրի շահագործման համար:

Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա՝ երկու մարզերի՝ Վայոց ձորի և Սյունիքի սահմանին: «Գեոթիմ» ընկերության սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը մամուլի ասուլիսների ժամանակ հայտարարում է, որ հաշվարկել են բոլոր տեսակի ռիսկերը ու չեն վնասելու ինչպես Հայաստանի բնաշխարհին, այնպես էլ էներգետիկային: Ընդունում են միայն, որ չի բացառվում Սպանդարյանի ջրամբարին վնաս հասցնելը: Բնապահպանները պնդում են, որ միայն դա էլ հերիք է, որ Ամուլսարի հանքավայրը չշահագործվի:

Որոտան (Բարգուշատ) գետը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքսի մեջ: Երկարությունը 178կմ է, ավազանը՝ 5650ք.կմ: Որոտանի ավազանի մեջ է մտնում 25 գետ: Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից սկիզբ առնող Որոտանի վրա կառուցված է ՀԷԿ-երի կասկադ (Տաթևի, Շամբի, Սպանդարյանի և այլն):

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Էլեկտրաէներգետիկական համակարգի 2011թ. հիմնական ցուցանիշների համաձայն՝ այդ կասկադը 2011թ. արտադրել է 1289,1մլն կՎտ/ժ էներգիա: Նույն ցուցանիշների համաձայն` այս թիվը երրորդն է Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի արտադրած էներգիայից հետո:

Հիդրոհանգույցն ունի մի քանի ջրընդունիչ կառույց, առաջինը` ճնշման թունել, երկրորդը՝ խորքային ջրթափ, երրորդը՝ Որոտան-Արփա թունել՝ ջուրը Սևանա լիճ հասցնելու համար:

Բնապահպանները համոզված են, որ ոչ միայն ջրի քանակը կնվազի գետում, այլ նաև հանքավայրի շահագործման արդյունքում ջրերը կաղտոտվեն հենց Որոտանի հիմքից, քանի որ ինչպես www.hra.am –ին հաղորդում է ջրաբան-բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը, ինքը եղել է Ամուլսարում և տեսել, որ հանքավայրի 6600հա տարածքը լինելու է երկու կարևոր գետերի՝ Որոտանի ու Արփայի միջև:

«Ասում են, որ արտահոսք չի լինի, բայց դրանք ուղղակի բառեր են, որոնք հստակ գիտական հիմնավորում չունեն ու վստահություն չկա, իսկ Արփա գետի պարագայում, ջուրը գնում է Կեչուտի ջրամբար, որը Արփա–Սևան թունելի սկիզբն է, այսինքն եթե այդ ջրերը հասնեն Կեչուտի ջրամբար, կհասնեն նաև Սևան»,- մտահոգություն է արտահայտում բնապահպանը:

Հովհաննիսյանը նշում է, որ Որոտանից վերցնելու են մաքուր ջուր, բայց «Գեոթիմի» աշխատակիցներն այդպես էլ չեն նշում, թե որքան է կազմելու շրջանառու ջրամատակարարման դեպքում ջրի ընդհանուր ծավալը:

Ճանապարհները բարեկարգել են՝ հանքավայրը շահագործելու նպատակով

Գորայք գյուղի ճանապարհները տարբերվում են Սյունիքի մարզի այլ գյուղերի ճանապարհներից իրենց հարթ ու հարմար լինելով: «Գեոթիմ» ընկերությունը բարեկարգել է ճանապարհները, ինչպես նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհը, ուր գտնվում է ոսկու հանքը: Առաջին հայացքից իրավիճակը ոսկու պես լավ է, սակայն ապագան, բնապահպանների կանխատեսմամբ «ոսկի» չի լինելու:

Բնակիչները հիմնականում ուշադրություն չեն դարձնում բնապահպանների բարձրացրած մտահոգություններին, որ տարիների ընթացքում տարածաշրջանում կառաջանան այնպիսի բնապահպանական ու առողջական խնդիրներ, որոնք բնորոշ են հարևան Քաջարան քաղաքին:

Հանքավայրին ամենամոտը գտնվող գյուղի բնակիչները հավատում են, որ «Գեոթիմը» իրենց կապահովի աշխատատեղերով:

«Մեր գյուղին այդ հանքավայրը օգուտից բացի ոչ մի վնաս չի բերի, նախ բնակչության արտահոսքը կասեցվել է, աշխատատեղեր են ստեղծվել ու մարդիկ արդեն 3 տարի է հողի հարկը կարողանում են մուծել, կենսամակարդակի ու սոցիալական վիճակի բարելավում ենք նկատում գյուղում՝ 10-15 արտասահմանյան մեքենա են արդեն քշում»,- www.hra.am –ի հետ զրույցում նշեց Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը:

Նա հավատում է «Գեոթիմ» ընկերության մասնագետներին, որ գարնանային անձրևների հետ ոչ մի թունավոր նյութ չի արտահոսի լեռներից ներքև: Այն հարցին, թե արդյոք չի նվազի Որոտանի ջրի պաշարը ու վտանգ չի սպառնա ՀԷԿ-երի շահագործմանն ու ջրամբարներին, Առուստամյանը նշեց, որ ջուրը միևնույն է հոսելու է գնա ու հասնի Ադրբեջան:

Սիսիանում բնակվող աշխարհագրության մասնագետ ու ուսուցչուհի Լարիսա Հայրապետյանը նշեց, որ հինգ մատի պես գիտի իրենց տարածաշրջանը ու համոզված է, որ հանքավայրի շահագործման դեպքում վնաս կհասցվի ամբողջ տարածաշրջանին:

«Ժամանակին Որոտանն այնքան հորդառատ էր, որ դրա համար էլ կոչում էին Որոտան՝ որոտացող գետ: Այժմ կառուցված ՀԷԿ-երը նվազեցրել են գետի հունը, իսկ եթե օրական 3000 տոննա էլ գետից վերցնեն, մեր Որոտանը, որն արդեն իսկ ճահճանում է, ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ»,- ասում է Հայրապետյանը:

Նա նշեց, որ Որոտանի հենց բարձրադիր հատվածում է, որ ձվադրում է կարմրախայտ տեսակի ձուկը, ու ջրի պակասը վերջինիս համար էլ վտանգավոր կդառնա: Հայրապետյանը համոզված է, որ ջրի հոսքի պակասից կտուժեն նաև այն մարդիկ, ովքեր օգտագործում են Որոտանի ջուրը ոռոգման նպատակներով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը նշեց, որ իրենց մասնագետները տեղեկացված չեն այս խնդրի մասին և չեն կարող մեկնաբանություն տալ:

www.hra.am-ն արդեն գրավոր դիմել է ինչպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, այնպես էլ Որոտան գետի ՀԷԿ-երի կասկադի տնօրինությանը:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am