Տեսանկյուն

Ձերբակալվածների իրավունքներն ամենից շատ խախտվում են քննիչների կողմից

11.07.2012

Հուլիսի 11-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացրեց 2011թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը՝ ոլորտի պատասխանատուների հետ քննարկելով ՁՊՎ-ներում առկա խնդիրները:

Դիտորդական խումբը 2011թ ընթացքում իրականացրել է 70 պլանային և 98 արտահերթ այցելություններ ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներ, ներկայացվել է 76 հրատապ հաշվետվություն, որոնց մեծ մասը դրական լուծում է ստացել:

Դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը նկատում է, որ ոստիկանության վերաբերմունքը դիտորդական խմբի հանդեպ տարեցտարի փոխվում է: Նա մեծ արդյունք է համարում այն, որ նախորդ տարվա ընթացքում կատարված իրավախախտումների համար խիստ նկատողություն է ստացել 24 ոստիկան, որից 3-ը՝ մարզային բաժինների պետեր:

Քննարկմանը ներկա ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանի խոսքերով՝ խմբի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: «Խումբը ավելի հաճախ է այցելում ՁՊՎ-ներ, հետևաբար խմբի ունեցած տեղեկատվությունը համակարգի խնդիրների վերաբերյալ ավելի շատ է, քան՝ մերը: Այս առումով խմբի հետ համագործակցելը ոստիկանության համար ձեռնտու է»,- նշում է ոստիկանության գնդապետը:

Խմբի դիտորդները ներկայացրեցին արձանագրված խնդիրները, որոնք վերաբերում են օրենսդրական դաշտին և իրավակիրառ պրակտիկային, ձերբակալվածների իրավունքների խախտման դեպքերին և նրանց պահման պայմաններին:

Դիտորդական խմբի անդամ Լուսինե Մինասյանի ներկայացմամբ՝ օրենսդրական դաշտում կան թերի կիրառվող, չկիրառվող և կամ միմյանց հակասող դրույթներ: Թերի են կիրառվում պաշտպան ունենալու, բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալու, ազատ ժամանակը ըստ ցանկության տնօրինելու, նույն սեռին պատկանող անձի կողմից խուզարկվելու իրավունքները:

Խմբի անդամի խոսքերով՝ լրջագույն խնդիր է ՁՊՎ-ներում քննչական սենյակների սակավ լինելու հարցը, չի պահպանվում տեսակցությունների սենյակների օրենքով սահմանված ձևաչափը, ռադիոընդունիչ ունենալու և լրագրեր ստանալու իրավունքը: Հստակ սահմանված չէ ձերբակալվածի՝ տեսակցության իրավունքը հեռախոսազանգով փոխարինելու դրույթը:

Խոսելով պահման պայմաններից՝ Դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանը նշեց, որ հիմնական խնդիրներից են թերի բուժզննումը, արտաքին աշխարհի հետ կապ չապահովելը, ինչպես նաև՝ զբոսանքի, տեսակցության, հեռախոսազանգի, լոգանքի իրավունքներից օգտվելու հնարավորությունների չտրամադրելը:

«Խնդիրների մի մասը կապված է ՁՊՎ-ներում միայն մեկ հերթապահ ոստիկանի առկայության հետ, ով չի կարող ապահովել բոլոր ձերբակալվածների կարիքները, ուղեկցել նրանց և այլն»,- հիմնավորեց Հասմիկ Սահակյանը:

Նրա խոսքերով՝ լրջագույն խնդիրը շարունակում է մնալ փաստաբան ունենալու իրավունքի սահմանափակումը: Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ՁՊՎ-ներում պահվող անձանց չնչին մասն է ունեցել պաշտպան: «Դա նշանակում է, որ կամ անձինք չգիտեն, որ իրենք փաստաբան կամ հանրային պաշտպան ունենալու իրավունք ունեն, կամ հրաժարվում են փաստաբանի ծառայություններից: Հիմնականում պաշտպանի ծառայություններից չեն օգտվում քննիչների ոչ օրինաչափ գործողությունների պատճառով»,- նկատում է դիտորդական խմբի անդամը:

Նրա խոսքերով՝ գրանցվել են դեպքեր, երբ չի պահպանվել պաշտպանի հետ առանձին զրուցելու իրավունքը:

Դիտորդական խմբի մեկ այլ անդամի՝ Ալինա Դերձյանի ներկայացմամբ՝ մոնիթորինգը ցույց է տվել, որ ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների խախտման դեպքերն ամենից շատ գրանցվում են քննիչների կողմից: Օրինակ՝ ձերբակալված անձանց նկատմամբ անկանոն և առավելագույն ժամկետը գերազանցող քննչական գործողությունները և այլն:

«Լինում են դեպքեր, երբ առանց հիմնավոր պատճառների հարցաքննությունն իրականացվում է գիշերային ժամերին, իսկ օրենքով թույլատրվում է գիշերը կատարել միայն անհետաձգելի քննչական գործողություններ: Մինչ օրս որևէ պատճառաբանություն, հիմնավորում չի եղել, որ հույժ կարևոր է տվյալ քննչական գործողությունը կատարել գիշերը»,- նշեց Դերձյանը:

Հաշվետվության մեջ նշված է նաև, որ խմբի համար լուրջ խոչընդոտ է այն, որ քննչական գործողությունները կատարվում են ՁՊՎ-ների տարածքից դուրս՝ ՀՀ ոստիկանության բաժիններում, ուր հասարակական վերահսկողություն չկա: Անձանց նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը կանխարգելելու համար պետք է կատարվի օրենքի պահանջը, ըստ որի քննչական գործողությունները պետք է կազմակերպվեն այն ՁՊՎ տարածքում, որտեղ պահվում է անձը:

Բարձրաձայնված խնդիրներին պատասխանելու հնրավորություն ստացան նաև ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը նշեց, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկել և դրական է գնահատել Հայաստանում ՁՊՎ-ների վիճակը: (Ենթադրաբար պարոն Մեհրաբյանն ի նկատի ունի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեին (CPT)-Մ.Ա.):

Նրա խոսքերով՝ առայժմ ոստիկանությունը չի կարող լուծել շատ խնդիրներ, քանի որ մարզային բաժիններում ամեն օր աշխատում է ընդամենը մեկ հերթապահ ոստիկան, ով պետք է հոգա ձերբակալված բոլոր անձանց բոլոր կարիքները:

«Ոստիկանության համակարգում առկա 40 ՁՊՎ-ների շենքերի մեծ մասը 30-40 տարվա վաղեմություն ունեն, ոչ բոլորն են հարմարեցված, որ մենք ունենանք թե՛քննչական, թե՛ տեսակցության, թե՛ բուժօգնության սենյակներ, դրա համար ստիպված ենք լինում սենյակները համատեղել, որ գոնե բավարար չափով ապահովենք օրենսդրության պահանջը»,- պահման պայմանների վերաբերյալ այս մեկնաբանությունն արեց Մեհրաբյանը:

Նա հավաստիացրեց, որ նոր կառուցված ՁՊՎ-ներում նման խնդիրներ չեն լինի, բոլոր սենյակները կլինեն առանձնացված և օրենքի չափանիշներին համապատասխան:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am