Տեսանկյուն

Սևանից կարող են նախկինի համեմատ գրեթե կրկնակի ջրառ իրականացնել

13.07.2012

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հերթական հապշտապ լրացումներն ու դրանց ընդունումն առաջացրել է ինչպես բնապահպանների, այնպես էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անհանգստությունը:

Նոր փոփոխության համաձայն՝ 2012 թ. Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է uահմանվել մինչև 320 մլն մ3 –ը, նախկին 170 մլն խորանարդ մետրի փոխարեն: Նախագծի հեղինակները պատճառաբանում են, որ այս տարի կա ջրի պակաս Հրազդան գետում և Ապարանի ու Ազատի երկու խոշոր ջրամբարներում, որի պատճառով էլ ստիպված են օգտագործել Սևանի ջուրը:

Բնապահպաններն անընդունելի են համարում լճից անգամ մեկ սմ ջուր վերցնելը, քանի որ դեռ պատասխան չկա, թե ջրի նվազելը, որքանով կազդի լճի մակարդակի վրա: «Հայպետհիդրոմետ» ծառայաության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը նշում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Սևանն ամեն տարի բարձրացել է 50 սմ-ով, իսկ այս տարի՝ 25 սմ-ով:

Օրենքն ընդունել են հապշտապ ու առանց հասարակական լսումների

Օրենքի մեջ լրացումները կատարվել են առանց հասարակական լսումների, առանց շահագրգիռ նախարարությունների ու մարմինների կարծիքները հրապարակային դարձնելու, առանց օրենքի նախագիծը օրենքով սահմանված կարգով ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ներկայացնելու:

Հուլիսի 11-ին բնապահպաններն ու պետական կառույցների ղեկավարները հավաքվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ այս թեմային առնչվող ռիսկերը քննարկելու ու համատեղ լուծումներ գտնելու համար: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկա չէր. նրա աշխատակիցները պաշտպանին կհանձնեն քննարկման տվյալները, որից հետո Անդրեասյանը հանդես կգա հայտարարությամբ:

Երկրորդ ընթերմամբ նախագիծը ընդունվել է ԱԺ կողմից հունիսի 22-ին: Բնապահպանական հարցերով զբաղվող 50 ՀԿ-ներին չեն թույլատրել մասնակցել ԱԺ-ում անցկացվող քննարկմանն անգամ պաշտոնական գրավոր դիմումից հետո:

Ինչպես փաստեց ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի փորձագետ Յուրի Խալաթյանը՝ ԱԺ-ն արձակուրդ պետք է գնար, դրա համար էլ չեն հասցրել քննարկում կազմակերպել:

«Օրենքում նշված է մինչև 320 մլն մ3 ու այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սահմանափակենք այդ թիվը, քանի որ երաշտ ճանաչված 1999թ և 2006թ.–երին անգամ այդքան հսկայական քանակով ջուր բաց չի թողնվել Սևանից»,- ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Սևանից մայիսի 2-ից մինչև հիմա բաց է թողնվել արդեն 145 մլն մ3 ջուր: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը համոզված է, որ ջուրն արդեն իսկ բաց է թողնվել մեծ քանակով մինչև օրենքի ընդունվելը, քանի որ օրենքը նախատեսված է եղել ընդունել հապշտապ և առանց հասարակական լսումների:

«ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ձկնապաշարները Արարատյան դաշտավայրում 3 անգամ պետք է շատացնեն, ինչի՞ հաշվին է ջուրը գնալու, Սևանն եք օգտագործելո՞ւ»,- հարց հնչեցրեց Զարաֆյանը:

«Հանուն կայուն զարգացման ասոցացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը թերահավատորեն է վերաբերում այն խոսքերին, թե ջրերը օգտագործում են ոռոգման խնդիրները լուծելու համար, քանի որ գյուղացիները միշտ բողոքում են, որ ջուրը հոսում է իրենց հողամասերի կողքով միայն: Դանիելյանին նաև հետաքրքրեց, թե ինչպե՞ս եղավ, որ ձնառատ ձմռանից հետո ջրի քանակը պակասեց ջրամբարներում:

«Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը նշեց, որ ձնառատ ձմեռն ու պարբերաբար կրկնվող անձրևները դեռ ոչինչ չեն նշանակում:

«Նախաձմեռային, ձմեռային ու գարնանային ժամանակահատվածի օդերևութաբանային իրավիճակն այնպիսին էր, որ մենք բավականին ջրառատ տարի էինք սպասում: Սակայն գարնանային ամիսներին տեղի ուենցավ ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, որը չուղեկցվեց հորդառատ տեղումներով: Այդ պատճառով մենք ունեցանք ջրի պակաս, որովհետեև ձյան ինտենսիվ հալք չեղավ, աստիճանաբար հալվեց: Հոկտեմբեր-նոյեմբերին տեղումներ չէին եղել ու ջուրը ներծծվեց հողի մեջ առանց զգալի հոսք տալու: Արդյունքում Ազատի ու Ապարանի ջրամբարները չլցվեցին 100 տոկսով»,- ասաց Ազիզյանը:

Պետական պաշտոնյաները նոր նախագիծն անհրաժեշտ ու ոչ վտանգավոր են որակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանը հնչած մեղադրանքներից ընդունեց միայն մեկը. օրենքի նախագիծը չի ներկայացվել ՄԻՊ–ին ու տեղի են ունեցել ընթացակարգային որոշ բացթողումներ: Նա նշեց, որ չգիտի՝ ինչու ՀՀ կառավարության կայքում չեն տեղադրվել նախարարությունների դրական եզրակացությունները ու բացթողում չհամարեց այդ տվյալների թաքցնելը հանրությունից:

«Մենք թշնամի չենք ու փորձելու ենք 320-ից ավելի քիչ քանակով ջուր վերցնել Սևանից: Բացի այդ վերջին տարիների ընթացքում 2001թ.-ից Սևանի մակարդակի բարձրացում է տեղի ունեցել: Վերջին տվյալներով այն ունի 1900 մետր 47 սմ բարձրություն, որն անցած տարվա մակարդակից ավելի է 3 սմ-ով: 2001թ.-ի համեմատ այն պետք է ավելանար 2,16-մետրով, իսկ ավելացել է 3, 81-ով»,- նշում է Մկրտումյանը:

Նա ասաց, որ փոքր տարաձայնություն ունեն Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի հետ, քանի որ վերջինիս մասնագետները համոզված են, որ Սևանից չպետք է բաց թողնվի 280 մլն մ3 –ից ավելի ջուր, իսկ մնացած ջրերը պետք է վերցնել պոմպակայանների միջոցով, ինչի հետ կոմիտեի նախագահը համաձայն չէ:

«Դա կախված է լուրջ ռիսկերի հետ, բացի այդ այդ մնացած ջրառն ընդամենը 3 սմ-ի խնդիր է»,- այսպես է արդարանում  Մկրտումյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի և մոնիթորինգի բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ նախարարությունն իր գնահատականի մեջ նշել է, որ ջրի բացթողումը բնապահպանական առումով ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ: Նա հակասեց նույն նախարարության փոխնախարար Սիմոն Պապյանի նախկինում հնչեցրած խոսքին՝ որ անգամ 1սմ-ի կորուստը կարող է մեծ վնաս հասցնել Սևանի էկոհամակարգին:

Հուլիսի 15–ին ՄԻՊ Կարեն Անդերասյանը հայտարարություն է տարածել, կոչ անելով իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ. «Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ»:

Ինգա Զարաֆյանի նկարը՝ Ֆոտոլուրի

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am