Տեսանկյուն

Արթուր Գրիգորյանը կդիմի ոչ թե ՄԻԵԴ, այլ՝ Մարդու իրավունքների կոմիտե

11.09.2012

Փաստաբան Արթուր Գրիգորյան

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, «Հրապարակի» կայքում գրված մեկնաբանությունների դեմ հայցերով ներպետական բոլոր դատական ատյանները սպառելուց և պարտվելուց հետո չի դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ այդ դատարանում գործերի քննությունները չափից ավելի շատ են ձգձգվում և, բացի այդ, պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված նախադեպային իրավունքը բավականին հեղեղուկ է, ինչը հետագայում կամայական  հետևությունների համար պարարտ հող կարող է ստեղծել»,–  www.hra.am –ին մեկնաբանել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ մտադիր է դիմել Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեին՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրության դրույթներին համապատասխան ՀՀ դեմ գործընթաց սկսելու համար։

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը զրպարտիչ էր համարել «Հրապարակ» թերթի կայքում՝ hraparak.am-ում «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած վեց մեկնաբանությունները: Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ նշում  էր, որ  չի կարելի լրատվամիջոցին դատի տալ ընթերցողների մեկնաբանությունների համար և պահանջել այնպիսի գումար, որը թերթին կարող է սնանկացման հասցնել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 7-ին մերժեց  փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դրանից հետո Գրիգորյանը դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ ապրիլի 16-ին հրաժարվեց քննության առնել նրա բողոքը: Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը հունիսի 6-ին վերադարձրեց Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բերված բողոքը:

Վերաքննիչ դատարանը գտավ, որ Արթուր Գրիգորյանի պահանջը գույքային է, հետևապես, բողոք ներկայացնելիս նա պետք է նախապես վճարեր պետական տուրք՝ հայցագնի 3 տոկոսի չափով:

«Ի հակակշիռ այս թյուր տեսակետի՝ ես իմ վճռաբեկ բողոքում նշել էի, որ պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված իրավահարաբերությունները դասվում են անձնական ոչ գույքայինների շարքին։ Դա ակնհայտ է նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի ցանկացած ուսանողի համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր Վճռաբեկ դատարանն այսօր կոչված է իրականացնելու իսկական հեղափոխություն՝ խեղաթյուրելով իրավագիտության հիմքում ընկած անգամ ամենատարրական կատեգորինաերը»,- համոզված է Գրիգորյանը:

Գրիգորյանը կարծում է, որ ներպետական դատարաններում ինքը զրկվել է իր գործի արդարացի քննության, իր պատվի և արժանապատվության դեմ հարձակումներից պաշտպանվելու իրավական արդյունավետ միջոց ունենալու իրավունքներից:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am