Տեսանկյուն

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներն ավելանում են. ո՞րն է պատճառը և ո՞վ է պատասխանատու

19.10.2012

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Փաստաբանների կարծիքով` պատճառը համակարգային խնդիրներն են, և առաջիկայում ՀՀ դեմ վճիռներն ավելանալու են: Արդարադատության նախարարության պնդմամբ, սակայն, խնդիրն օրենսդրական անհամապատասխանություններն են, որոնք շտկվում են:

Հոկտեմբերի 9-ին ՄԻԵԴ-ը գերական հանրային շահի համար օտարված Բուզանդի փողոցի բնակիչների գործերով ևս երկու վճիռ կայացրեց, որով ՀՀ-ին պարտավորեցրեց ընդհանուր առմամբ 131 հազար եվրո տուգանք վճարել:

Դատարանը, քննելով  2005-ին ստացած «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը, պարզել է, որ Բուզանդի փողոցի կառուցապատման ժամանակ բնակարաններն օտարելիս խախտվել է հայցվորների սեփականության իրավունքը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) կից  առաջին արձանագրության առաջին հոդվածը:

Գերակա հանրային շահ ճանաչված գոտին կառուցապատող ընկերությունը ճանաչել էր բնակարանների ոչ բոլոր բնակիչների սեփականության իրավունքը:

Դատավորների սխալի պատճառով պետբյուջեից մոտ կես մլն եվրո տուգանք կվճարվի

Ըստ ՄԻԵԴ 2012թ. հաշվետվության՝ Հայաստանից ուղարկվել է շուրջ 800 գանգատ: Մինչ օրս ըննդեմ Հայաստանի կայացվել է 42 վճիռ, որից 15-ը` միայն այս տարվա ընթացքում:

Ըստ կայացված 42 վճիռների՝ մեր կառավարությունը պարտավորվել է իր քաղաքացիներին պետբյուջեից վճարել, ընդհանուր առմամբ, 440 հազար եվրո տուգանք, որից 225 հազար եվրոն արդեն վճարվել է։

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի կարծիքով` վերջին շրջանում վճիռների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ՄԻԵԴ–ը սկսել է քննել այն գանգատները, որոնք 2005-2007թթ. հետո են ուղարկվել և ավելի ճիշտ են ձևակերպված, քան մինչ այդ ուղարկվածները։

«Եվրադատարանի վճիռների ստվար մասը և, հատկապես, 2012-ին ընդունվածները, վերաբերում են օրենսդրական բնույթի խնդիրներին։ Այսինքն՝ ունեցել ենք օրենսդրություն, որը չի համապատասխանել Եվրոպական կոնվենցիային, բայց կիրառվել է»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ կատարվել ու կատարվում են բարեփոխումներ` ՄԻԵԿ–ին  համապատասխան օրենսդրություն ունենալու համար:

«Սակայն երբեք չենք կարող ունենալ կատարյալ վիճակ, քանի որ Եվրոպական կոնվենցիան կենդանի գործիք է, և Եվրոպական դատարանն անընդհատ նոր մեկնաբանություններ է անում»,– հավելում է արդարադատության փոխնախարարը:

Փաստաբանների կարծիքով, սակայն, խնդիրն օրենսդրությունը չէ:  Փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, որ խնդիրն իրավակիրառ ոլորտում է. եթե նախկինում մարդկանց իրավունքները խախտվում էին մեծմասամբ դատավորների` Եվրոպական կոնվենցիայի չիմացության պատճառով, ապա այժմ իրավիճակն այլ է։

«Դատավորների գիտելիքներն ավելացել են, բայց ավելացել են նաև խախտումները: Հիմա որոշում կայացնելիս դատավորը գիտի, թե կոնվենցիայի որ դրույթներն է խախտում, սակայն, իմանալով հանդերձ, որոշումը կայացնում է: Պատճառը համակարգային է»,- ասում է  փաստաբանը:

Նրա կարծիքով` առաջիկայում ավելանալու են ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի. «Գնալով մարդու իրավունքների խախտումներն  ավելանում են, իսկ դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Մինչ օրս, եթե փոփոխություններ եղել են, ապա եղել են միայն օրենսդրական մակարդակում, բայց իրավիճակը չի փոփոխվի, քանի դեռ իրավակիրառ ոլորտում խնդիրներ ունենք»,– համոզված է Սահակյանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով` եթե ներպետական դատարանների բոլոր անարդար վճիռների համար ՀՀ քաղաքացիները ՄԻԵԴ դիմեին, ապա յուրաքանչյուր 3 գործից 2-ի դեպքում գանգատ կուղարկվեր Եվրադատարան. «Բայց որևէ մեկին հաճելի չէ տարիներ շարունակ սպասել, մինչև Եվրոպական դատարանը կքննի իր գործը: Մարդիկ պատրաստ են ներսում բավարարվել իրենց խնդրի մասնակի լուծմամբ: Եվրոպական դատարան դիմում են քչերը և՝ ծայրահեղ դեպքերում»:

Փաստաբանը նշում է, որ ՀՀ օրենքներն այնքան էլ վատը չեն, բայց դրանք պետք է իրագործվեն. «Խնդիրը ոչ թե օրենքների, այլ փոփոխություններ անելու ցանկության բացակայության մեջ է:  Ձևավորվել է դաժան ներքին պրակտիկա, որը փոխել չեն ուզում»,– ասում է Սաֆարյանը:

Ի տարբերություն փաստաբանների՝ Ռուբեն Մելիքյանն ասում է, որ հնարավոր չէ ՀՀ դեմ վճիռների քանակը կանխատեսել։

«Չափանիշներն անընդհատ փոխվում են։ Չգիտենք, թե հաջորդ տարի ՄԻԵԴ-ն ինչ նոր չափանիշ կունենա։ Նաև խնդիր ունենք այսօրվա գործող օրենսդրության հետ. երբեմն գործող օրենսդրությունը շատ ավելի խիստ  ու բարձր պաշտպանության չափանիշներ է նախատեսում, քան պետությունը կարող է ապահովել: Այս դեպքերում չի բացառվում, որ  ունենանք եվրոպական դատարանի այլ վճիռներ»,– նշում է փոխնախարարը:

Նրա խոսքով` մարդկանց իրավունքների պաշտպանվածությունը կմեծանա, երբ ընդունվի և ուժի մեջ մտնի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

Ներկայումս օրենսգիրքը դեռ մշակման փուլում է, և, ըստ Մելիքյանի, նախագծում հնարավորինս հաշվի են առնվել Եվրոպական դատարանի չափանիշները: Արդարադատության փոխնախարարն ասում է, որ նախատեսվում են սեմինարներ՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ճիշտ կիրառման նպատակով։ «Բայց, բնականաբար, կլինեն  նաև սխալ կիրառման դեպքեր. և չենք կարող դրանից ապահովագրվել»,– կանխատեսում է Մելիքյանը:

Պատժե՞լ, թե՞ չպատժել դատավորներին սխալ վճիռների համար

Դատավորներին սխալ որոշումների համար պատժելու հարցում փաստաբանների և պետական պաշտոնյաների կարծիքները տարբեր են:

Արդարադատության փոխնախարարի պնդմամբ`  դատավորներին պատժելը հարցականի տակ կդնի դատական իշխանության անկախությունը. «Չենք կարող յուրաքանչյուր վճռից հետո ամբողջ մեղքը բարդել իրավակիրառ մարմինների վրա: Պատկերացնենք մի իրավիճակ,  երբ Եվրոպական դատարանի յուրաքանչյուր վճռից հետո դատավորից հետգանձում արվի... Չեմ կարծում, որ կկարողանանք ունենալ արդյունավետ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, մարդիկ պարզապես չեն ուզենա աշխատել»:

Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով, սակայն դատավորների կայացրած սխալ որոշումների պատճառն այն է, որ նման  որոշումների համար վճարում են շարքային քաղաքացիները, իսկ սխալ թույլ տված պաշտոնատար անձինք չեն պատժվում. «Եթե իմանան, որ իրենց սխալի դեպքում  որոշակի ֆինանսական պարտավորություններ կունենան, ավելի զգույշ կլինեն կամ գոնե իրենց որոշում պարտադրողին կներկայացնեն հնարավոր հետևանքները:  Հայաստանի նման երկրում, որտեղ դատավորները անկախ չեն, հնարավոր չէ անձանց իրավական դաշտ բերել՝ առանց գրպանին դիպչելու»:

Նշենք, որ Հայաստանի ու հարևան երկրների դեմ կայացված Եվրադատարանի վճիռները քանակով շատ չեն տարբերվում: ՀՀ դեմ կայացված վճիռների ընդհանուր թիվը 42-է, Վրաստանի դեմ մինչ օրս կայացվել է 49, իսկ Ադրբեջանի դեմ` 59 վճիռ:

Հայկուհի Բարսեղյան 

Աղբյուրը՝ www.hra.am