Տեսանկյուն

Ոստիկանությունն օրենքում ոչ իրատեսական դրույթներ է տեսնում

14.11.2012

Նոյեմբերի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ Այն քննարկումից հետո վերջնական տեսքի կբերվի և կներկայացվի Կառավարությանը։

Նախագիծը մշակվել է դեռևս 2007 թվականին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ՝ եվրոպական երկրների փորձն ուսումնասիրելով, իսկ 2009-ին ներկայացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

2011թ. հունիսին ձևավորվեց մինչգերատեսչական աշխատանքային խումբ, որը նախագիծը բերեց վերջնական տեսքի։ «Փաստաթուղթը շատ աշխատատար է. ինչքան աշխատում ես, էլի աշխատելու տեղ կա։ Այն կապված է տարբեր գերատեսչությունների գործառույթների հետ՝ դատարան, դատախազություն, ոստիկանություն, համայնք և այլն։ Բոլորի լիազորությունները պետք է հստակ սահմանվեն, փոփոխությոններ կատարվեն հարակից այլ օրենքներում, որ հակասություններ չլինեն»,– ասում է մինչգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Լալա Ղազարյանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի խոսքերով՝ Եվրախորհրդի «Կանանց հանդեպ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» վերջերս ընդունված կոնվենցիան է եղել պատճառը, որ օրենքի ընդունումն այսքան ձգձգվել է։

«Երբ նախագիծն ուղարկեցինք տարբեր նախարարություններ կարծիք ստանալու համար, Ոստիկանությունից, Արդարադատության նախարարությունից և Արտգործնախարարությունից առաջարկություն եղավ նախագիծը լրամշակել և համապատասխանեցնել այդ կոնվենցիայի դրույթներին։ Մեր երկիրը, կարծես թե, պատրաստվում է միանալ կոնվենցիային և ճիշտ կլինի, որ մենք այս փուլում նախագիծը լրամշակենք, որ այնպես չլինի՝ օրենքն ընդունենք, հետո կոնվենցիան ընդունելուց հետո նոր փոփոխությունների կարիք լինի»,– ասում է փոխնախարարը։

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներառում է նաև փոփոխություններ հարակից 5 օրենքներում՝ Ոստիկանության մասին օրենքում, Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենքում և Վարչական դատավարության օրենսգրքում։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «ընտանեկան բռնություն» հասկացությունը, և չկա պաշտոնական վիճակագրություն, թե Հայաստանում տարեկան քանի հոգի է ընտանիքում  բռնությունների ենթարկվում։ Երևույթի առկայության մասին վկայում են սոցհարցումները և արձանագրված այն դեպքերը, որոնց մասին բարձրաձայնում են հասարակական կազմակերպությունները։

«Եթե օրենք լիներ, կլիներ նաև վիճակագրություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրենքը ոչ միայն ընդունվի, այլև՝ գործի։ Այն հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել բռնության զոհերի պաշտպանությունը։ Իսկ ՀԿ–ները պետք է աշխատեն իրազեկության բարձրացման ուղղությամբ, նաև՝ ոստիկանների, դատախազների, դատավորների, փաստաբանների վերապատրաստման ուղղությամբ, քանի որ չունենք այդ խնդրով մասնագիտացած աշխատողներ»,– նշում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ ԼարաԱհարոնյանը։

Վերջին մի քանի տարիներին գենդերային հավասարության և կանանց բռնության դեմ պայքարի ոլորտում պետությունն ընդունել է մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ 2010-ին ընդունվեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», իսկ 2011թ. Կառավարությանը հավանության արժանացրեց «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիրը, 2011-2015թթ ռազմավարական ծրագիրը և 2012թ միջոցառումների ծրագիրը», որը ներառում է նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը։

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ասում է, որ այս բոլոր փաստաթղթերը հիմք են նախապատրաստել օրենքի ընդունման համար։

«Ես կարծում եմ՝ մեր Կառավարության կողմից ձեռնարկված են լուրջ քայլեր ընտանեկան բռնության հետ կապված խնդիրը հանրապետությունում կարգավորելու համար»,– ասում է Ղազարյանը՝ հավելելով, որ պետական քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին ընտանեկան բռնության կանխարգելմանը։

Ինչ է նախատեսում օրենքը

«Ընտանեկան բռնության մասին» օրենքը կարգավորում է ընտանեկան բռնության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում լիազորություններ ունեցող մարմինները, այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունը կանխարգելելու հատուկ միջոցներն ու տեսակները, դրանք կիրառելու հիմքերը և կիրառման ժամանակ ընտանիքի անդամների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը։

Ըստ օրենքի՝ ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ մեխանիզմներն են՝ պաշտոնեական նախազգուշացումը, արտակարգ միջամտության որոշումը, պաշտպանական որոշումը։

Առաջին անգամ բռնության դեպք արձանագրելու դեպքում ոստիկանը պետք է պաշտոնական գրությամբ նախազգուշացնի բռնարարին, որ բռնության կիրառումն անթույլատրելի է և կրկնվելու դեպքում ոստիկանությունը կիրականացնի արտակարգ միջամտություն։

Արտակարգ միջամտության որոշում ոստիկանությունը կայացնում է այն ժամանակ, երբ անհապաղ անհրաժեշտ է բռնության զոհի անվտանգությունն ապահովել, եթե կա կասկած, որ բռնարարի վարքագիծը սպառնում է զոհի, ընտանիքի մյուս անդամների կյանքին, ազատությանը կամ անձեռնմխելիությանը։

Արտակարգ միջամտության որոշմամբ կարող է բռնարարին արգելվել, օրինակ, 100 մետրից ավելի մոտենալ բռնության զոհին, անհրաժեշտության դեպքում՝ նրա երեխաներին կամ խնամքի տակ գտնվող այլ անձանց։

Արտակարգ միջամտության որոշումը գործում է առավելագույնը 72 ժամ։ Եթե բռնության զոհին հնարավոր չէ պաշտպանել արտակարգ միջամտության որոշմամբ, ոստիկանությունը դիմում է դատարան պաշտպանական որոշման կիրառման միջնորդությամբ։

Պաշտպանական որոշմամբ, օրինակ, կարող է բռնարարը ժամանակավորապես հեռացվել ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից՝ անկախ նրանից, թե ով է այդ բնակարանի սեփականատերը։ 

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետք, ոստիկանության գնդապես Արամ Սմբատյանը այս դրույթը ոչ իրատեսական է համարում։

«Մենք պաշտոնապես մեր կարծիքը հայտնել ենք և այնպիսի փոփոխություններ ենք  առաջարկել, որ օրենքը հետագայում գործի՝ հարգելով սեփականատիրոջ իրավունքը և չխախտելով այլ օրենքներ։ Օրենքը նախատեսում է բռնարարին ժամանակավորապես հեռացնել  բնակարանից, իսկ հեռացնելով՝ այդ կագավիճակում գտնվող անձի համար նաև պետք է նախատեսվի բնակավայր, որը նախատեսված չէ օրենքով։ Նույնիսկ իրավախախտին կամ բռնարարին փողոցում թողել չի կարելի»,– ասում է ոստիկանության գնդապետը։

Ֆիլարետ Բերիկյանն էլ նշում է, որ այդ խնդիրը հետագայում կկանոնակարգվի ենթաօրենսդրական ակտերով։

Հանրային քննարկման ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանայի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը և, հավանաբար, նոյեմբեր ամսվա վերջին կներկայացնի Կառավարության հաստատմանը։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am