Տեսանկյուն

Իրավապահ մարմինները չեն արձագանքում հանցագործության մասին հաղորդմանը

07.12.2012

Լուսանկարը՝ Պավել Անդերսոնի անձնական արխիվից

«Վիզկոն» շինարարական ընկերության տնօրեն Պավել Անդերսոնի` հայաստանյան բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների և դատավորների կաշառելու մասին սկանդալային հայտարարությունից ամիսներ են անցել, սակայն իրավապահ մարմինները ո՛չ քրեական գործ են հարուցել և ո՛չ էլ փորձել են պարզել հայտարարությունների իսկությունը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանի պնդմամբ՝ հստակ փաստարկված հայտարարությունն արդեն իսկ բավարար հիմք է նյութեր նախապատրաստելու համար, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունից ասում են, որ դա պատշաճ ծանուցում չի համարվում։

Հետաքրքիր է, որ քրեական գործ չի հարուցվել նաև Պավել Անդերսոնի դեմ՝ սուտ մատնության հոդվածով։ Եվ ոչ էլ նրա կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք են դիմել դատարան՝ իրենց զրպարտելու և բարի համբավը արատավորելու համար հերքում պահանջելով։

Յոթ տարի անց գործարարը խոստովանում է...

Ամերիկայում բնակվող ՌԴ քաղաքացի Պավել Անդերսոնը նախ բոլորին ցնցեց 2012թ ամռանը հրապարակած իր նամակով, այնուհետև՝ սեպտեմբերի 26-ին հրավիրած տեսակամրջի միջոցով ներկայացրեց հայաստանյան իր «ոդիսականը»: Նա հնչեցրեց Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների կոնկրետ անուններ՝ նրանց մեղադրելով կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Այսպիսով՝ «Վիզկոն» ընկերությունը, չունենալով շինարարական լիցենզիա, 2004թ.-ին Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով իրավունք է ստացել էլիտար շենքեր կառուցել հանրային գերակա շահ ճանաչված Բյուզանդի փողոցի 13, 15, 17, 19 և 21 հասցեների տարածքում։ Անդերսոնի խոսքերով՝ կառուցապատման իրավունք ստանալու համար ինքը «Նարեկ Շելթեր» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանի միջնորդությամբ փոխանցել 550 հազար ԱՄՆ դոլար կաշառք է փոխանցել այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին, իսկ պայմանագրի ողջ արժեքը եղել է 1 մլն դոլար:

Անդերսոնը տեսակամրջի ժամանակ պատմել է, որ տարբեր դատավորների է կաշառել՝ սեփականատերերի հետ դատական վեճերը հօգուտ իրեն լուծելու համար: Ընդ որում՝ նա կոնկրետ անուններ է տալիս։ Այնուհետև՝ այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի պահանջով «Հայաստան համահայկական հիմնադրամին» է փոխանցել 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի կառուցապատման պայմանագիրը չդադարեցվի և իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։

2006թ.–ին Հայաստանից հեռացած գործարարը այսօր որոշել է պայքարել Հայաստանում առկա կոռուպցիայի դեմ և նպատակ ունի «Հայդատ» անունով հասարակական դատարան ստեղծել, որի պետք է պայքարի արդարադատության հաստատման և քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման համար։

«Վիզկոն» ընկերության տնօրենն ասում է, որ լիովին գիտակցում է, որ հանցագործություն է կատարել կաշառք տալով։ Եթե քրեական գործ հարուցվի, նա պատրաստ է հոգալ քննիչների՝ Ամերիկա հասնելու համար պահանջվող ծախսերը, “Skype”–ի միջոցով ցուցմունքներ տալ։

Անդերսոնի մեղադրանքների թիրախում հայտնված պետական գործիչները և դատավորները մամուլի հարցադրումներին ի պատասխան կա՛մ հերքել են ամեն ինչ, կա՛մ հրաժարվել մեկնաբանություններ տալուց։

Պաշտոնական արձագանքը՝ լռություն

Պավել Անդերսոնի հայտարարություններից ամիսներ են անցել, սակայն ՀՀ իրավապահ մարմիններն այդպես էլ որևէ գործողություն չձեռնարկեցին դրանց իսկությունը պարզելու համար։ Այդ հայտարարությունների մի մասը վերաբերում էր հարյուրավոր մարդկանց սեփականության իրավունքի խախտմանը, բայց դա էլ էական հանգամանք չէր իրավապահների համար։

Հատուկ քննչական ծառայությունը www.hra.am –ի ուղարկած հարցմանն ի պատասխան տեղեկացրել է.

«...«Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոն ներկայացած անձի ելույթի տեսագրության կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր չեն նախապատրաստվել, քանի որ այն հանցագործության մասին ֆիզիկական անձի պատշաճ հաղորդում չի համարվում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր, ընդ որում, բանավոր հաղորդումների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է դիմողը և նախազգուշացվում սուտ մատնության համար պատասխանատվության մասին:

Նշված տեսագրությունը չի կարող համարվել նաև հանցագործության մասին լրատվության միջոցի հաղորդում, քանի որ ինտերնետային կայքում տեղադրվել է ընդամենը քաղաքացու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չբավարարող ելույթի ձայնագրությունը, իսկ դրանում տեղ գտած հայտարարությունների իսկությունը հերքվել է տարբեր քաղաքացիներին և պետական մարմիններին արված հարցումների եղանակով՝ հոդվածագրի իսկ կատարած լրագրողական հետաքննությամբ»:

ՀՀ Ոստիկանությունից ևս www.hra.am –ին հայտնել են, վերը նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում նախապատրաստվող  նյութ կամ հարուցված քրեական գործ չկա:

Այսինքն՝ իրավապահ մարմինները բավարարվել են մամուլի կողմից հրապարակված հոդվածով և  հարկ չեն համարել քննություն իրականացնել կամ նյութեր նախապատրաստել։ Սակայն, հետաքրքիր է, որ քրեական գործ չի հարուցվել նաև Պավել Անդերսոնի դեմ՝ սուտ մատնության հոդվածով։ Եվ ոչ էլ նրա կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք են դիմել դատարան՝ իրենց զրպարտելու և բարի համբավը արատավորելու համար հերքում պահանջելով։

ՀՔԾ–ն պատրա՞ստ չէ «հեռուն գնալ»

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ փաստաբան Արթուր Գրիգորյանն ասում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ լրատվական միջոցներում տեղ գտած հայտարարությունները և հրապարակումները, որոնց մեջ  տրվում են հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց մասին տեղեկություններ, առիթ են և հիմք, որպեսզի նախապատրաստվեն նյութեր և հարուցվի քրեական գործ: 

Նույն օրենսգրքի 179 հոդվածի համաձայն՝ լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդագրությունները:

«Նրանք ուղղակի պարտավոր են  այդ տվյալներն առնվազն ստուգել, իսկ ստուգելը ենթադրում է նյութերի նախապատրաստում: Կան կոնկրետ փաստերի վրա բավականին լուրջ հղումներ, ներառյալ անձանց անուններ, Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին բանկային փոխանցումներ: Առնվազն կարող էին լսել այդ մարդկանց, ստուգել` հիմնադրամին նշված ժամանակահատվածում դրամական փոխանցում արվե՞լ է, թե՞՝ ոչ»,- ասում է Գրիգորյանը:

Նրա ունեցած տեղեկություններով՝ իրավապահները քրեական գործ չհարուցելու պատրվակ են բերում այն, որ Պավել Անդերսոնը Հայաստան չի ժամանում և ցուցմունք չի տալիս: Սակայն փաստաբանը կարծում է, որ իրական նպատակը կատարվածը կոծկելն է. «Շատ հեռուն գնալու խնդիր է լինելու, և բացահայտվելու են շատ զարհուրելի փաստեր, և չի բացառվում, որ մեր ՀՔԾ-ն դեռ պատրաստ չէ այդ  մասշտաբների հետ գործ ունենալ»,– կարծում է նա:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էլ ասում է, որ Անդերսոնն անգամ պատրաստակամություն է հայտնել հոգալ ծախսերը, որ քննիչներն ԱՄՆ մեկնեն և իրենից  ցուցմունքներ ու ապացույցներ ստանան։

«Ասել է նաև, որ հասկանում է` ինքն էլ է հանցագործություն կատարել և պատրաստ է  օրենքի սահմանած կարգով պատասխանատվության ենթարկվել»,– հավելում է նա։

Սակայն փաստաբան Արթուր Գրիգորյանն ասում է, որ իրենք այս հարցում այլ հասարակական կազմակերպությունների աջակցությունն ունեն։

Մինչ օրս որևէ կազմակերպություն նրանց աջակցություն չի հայտնել։ «Երևի ուզում են մի քիչ «անշառ» բաներով զբաղվել»,– ասում է նա՝ մտավախություն հայտնելով, որ դատախազությանը դիմելու մտադրությունն այդպես էլ չի իրականանա։

Հայկուհի Բարսեղյան

Աղբյուրը՝ www.hra.am