Տեսանկյուն

Իրավախախտ երեխան կարող է փոխվել, եթե նրան հնարավորություն տաս. փորձագետ

18.12.2012

Միրա Անտոնյանը

2011թ. հունիսից Աբովյան քաղաքում գործում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի Աբովյանի վերականգնողական կենտրոնը։ Այն իրականացնում է սոցիալական–վերականգնողական ծրագիր Աբովյան քաղաքի և շրջակա գյուղերի՝ դժվար իրավիճակում հայտնված կամ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների համար։

Երեխաներին կենտրոն են ուղղորդում ոստիկանությունը, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, երեխայի պաշտպանության բաժինները և դպրոցները։

«Մեր նպատակն է երեխային հնարավորություն տալ վերանայելու սեփական վարքագիծը և գիտակցելու, թե ինչ ազդեցություն թողեց զոհի վրա իր արարքը։ Այսինքն՝ օգնում ենք, որ պահի ազդեցությամբ կատարված գործողությունը վերլուծի և գիտակցի դրա հետևանքները»,– ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։

Այս պահին կենտրոն է հաճախում 35 երեխա, որոնց մի մասը հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում, իսկ մյուսների հետ աշխատանքներ են տարվում կանխարգելման նպատակով: «Ունենք 14-15 երեխա, ովքեր գողության համար են այստեղ, ծեծկռտուքի 11 դեպք ունենք, մուրացկանության 5 դեպք, կրթությունից դուրս մնացած կամ խուսափող 3 երեխա»,– նշում է Աբովյանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալլա Սարգսյանը։

Միրա Անտոնյանի համոզմամբ՝ եթե երեխան սոցիալական նորմեր կամ օրենք է խախտել, նշանակում է ունի չլուծված խնդիրներ, իրեն չեն հասկացել տանը, դպրոցում կամ շրջապատում։ «Այս ռեաբիլիտացիոն ծրագրի նպատակն է՝ մի կողմից երեխայի համար ընկալելի դարձնել շրջապատի ակնկալիքներն իրենից, մյուս կողմից՝ շրջապատին ցույց տալ, թե ինչքան տաղանդներ ունի այս երեխան և կարող է փոխվել, եթե հնարավորություն տան նրան, և մենք այս կենտրոնում նրան այդ հնարավորությունն ենք տալիս»,– ասում է Անտոնյանը։

Կենտրոնում երեխաների հետ աշխատում են հիմնականում երեք հոգեբան և սոցիալական աշխատող։ Սակայն, կենտրոնի ղեկավարի խոսքերով, իրենց թիմի մաս են կազմում նաև «Սատար» հոգեբանական կենտրոնի մասնագետները, համայնքի խնամակալության հանձնաժողովները, երեխայի պաշտպանության բաժինը, Աբովյանի մանկական ստեղծագործական կենտրոնը, դպրոցների փոխտնօրեններ։ Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ է ընդունել այդ երեխաներին։

«Երբ մեկը մի վատ բան է անում, միանգամից պիտակավորվում է։ Միջավայրը պատրաստ չէ հասկանալ, ընդունել, մեր աչքերով նայել այդ երեխաների խնդիրն։ Միշտ չէ, որ այս երեխաներին վստահությամբ աշխատանք են տալիս, իսկ մենք երբեք չենք թաքցնում իրականությունը և փնտրում ենք այնպիսի գործատուներ, ովքեր, իմանալով այդ երեխայի խնդիրը, պատրաստ են նրան աշխատանքի ընդունել և հնարավորություն տալ փոխվելու»,– կարծում է Միրա Անտոնյանը։

Երեխաները վերականգնողական կենտրոն են հաճախում այնքան ժամանակ, մինչև մասնագետները դրական արդյունք արձանագրեն։ Սակայն դրանից հետո էլ կենտրոնի աշխատակիցները շարունակում են հետաքրքրվել երեխաների ճակատագրով։

Աննա Պողոսյանի 17-ամյա տղան երկու տարի հաճախել է Աբովյանի վերականգնողական կենտրոն։ «Կենտրոնը մեզ շատ է օգնել: Ես շատ շնորհակալ եմ, որ այսպիսի կենտրոն կա։ Այստեղի աշխատակիցներն իմ երեխայի համար եղել են երկրորդ ծնող, շատ հոգատար են եղել։ Հիմա Ժիրայրս շատ լավ ուղղու վրա է»,– ասում է տիկին Աննան։ Նրա որդին կենտրոնի շնորհիվ խոհարարություն է սովորել և արդեն 4 ամիս է՝ աշխատում է ռեստորանում։ «Ինչ սկսել է աշխատել, էլ կենտրոն չի հաճախում, բայց կապը շարունակվում է»,– ասում է ծնողը։

Արամ Ավետիսյանն էլ 4 ամիս է, ինչ հաճախում է կենտրոն և համոզված է, որ նման ծառայությունների կարիքը կա։ «Կենտրոնն ինձ օգնեց անվճար սովորել իմ սիրած մասնագիտությամբ, մյուս երեխաների էլ է օգնում ուսման հարցում։ Մենք հոգեբանի հետ աշխատելուց մեզ կարևոր մարդիկ ենք զգում։ Ես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար և ուրախ կլինեմ, որ հետագայում ինքս էլ կարողանամ նման կենտրոն ունենալ»,– ասում է 17-ամյա Արամը։

Նա սովորում է «ԷլՄար» կինոստուդիայի թատերական խմբակում և ցանկանում է դերասանությամբ զբաղվել։

Վերականգնողական կենտրոնի սոցաշխատող Արմինե Սարգսյանի խոսքերով՝ երեխաները սիրով են հաճախում կենտրոն, և ծնողներն էլ պատրաստակամ են համագործակցել մասնագետների հետ։

«Դժվար է նմանատիպ երեխաների հետ աշխատելը, երբ նրանք չեն վստահում քեզ։ Իսկ երբ երեխայի, նրա ընտանիքի մոտ վստահության դաշտ է ստեղծվում սոցաշխատողի, հոգեբանի, կենտրոնի նկատմամբ, աշխատանքն ինքնին ստացվում է»,– ասում է սոցիալական աշխատողը՝ հավելելով, որ վստահություն ստեղծելու համար երբեմն պետք է երկու շաբաթ, երբեմն էլ՝ կես տարի։

11-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին կենտրոն է ուղղորդել դպրոցը: Նա արդեն մեկ տարի է, ինչ հաճախում է կենտրոն: «Այստեղ ամեն ինչ ինձ դուրս է գալիս, սիրով եմ գալիս: Այստեղ սովորել եմ խելոք մնալ, մեծերին լսել»,- ասում է Արտյոմը: Նա կենտրոնի օգնությամբ սպորտիային պարապմունքների է գնում և երազում է ձյուդոյի չեմպիոն դառնալ:

Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցում է նաև ոստիկանությունը։

«Կենտրոնը անչափահասների զբաղվածության հարցն է լուծում, ինչի շնորհիվ նրանց մտածելակերպը փոխվում է։ Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ մեր աշխատանքն ավելի արդյունավետ է լինում և դրական է ընկալվում երեխաների և նրանց ընտանիքի կողմից։ Երեխան ընկալում է, որ ոստիկանի հիմնական խնդիրն է իրավախախտ անչափահասներ չունենալը: Եվ մեր աշխատանքում կարևորում ենք այն, որ երեխան ոստիկանին ընկալի որպես իր ավագ ընկեր»,– ասում է Ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Հասմիկ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ կենտրոնն օգնում է, որ երեխան գիտակցի իր կատարած արարքի հետևանքները և հետագայում զերծ մնա նմանատիպ քայլերից։

Արմինե Սարգսյանն ասում է, որ իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի ոստիկանի կերպարը երեխաների կողմից բացասական չընկալվի, և նկատում են, որ վերաբերմունքը տեսուչների նկատմամբ փոխվել է:

«Երբ առաջին անգամ պատահական այնցելեցին երեխաներին դիտարկելու, երեխաները մի քիչ խառնվեցին, վախեցան, բայց երբ մենք բացատրեցինք, թե ինչի համար են ոստիկանները և որ եթե դուք օրինապահ և կարգապահ լինեք, ոստիկանը ձեզ ոչինչ չի անի, ռեակցիան և վերաբերմունքը փոխվեց»։

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը հույս ունի, որ կենտրոնը 2013թ. հետո կշարունակի գործել Աբովյանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին:

«Երբ մի հարցով դիմում ես համայնքին, միշտ ասում են՝ փող չունենք, ռեսուրս չունենք։ Մենք այս մոդելով ցույց տվեցինք, որ միշտ չէ, որ փող է պետք, պարզապես ցանկություն է պետք և էնտուզիազմ»,- համոզված է երեխաների իրավունքների փորձագետը։

Աբովյանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի ծրջանակներում, որը ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամն իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության հետ համատեղ։

Լուսանկարները՝ www.hra.am-ի

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am