Տեսանկյուն

Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. սեփականության, խոսքի ազատության և բնապահպանության ոլորտներ

28.12.2012

Լուսանկարը՝ www.pkz.am-ի

Սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանվածության առումով առաջընթաց չկա

Անցնող տարում թեև պետական կարիքների զոհերի թիվը չի ավելացել, սակայն սեփականության իրավունքի պաշտպանվածության առումով 2012-ին առաջընթաց չկա: «Օտարման նոր որոշումներ չկան, քանի որ Երևանի կենտրոնում այլևս օտարելու տարածքներ չեն մնացել»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

«Քանի առկա է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ներկա օրենքը և քանի ՀՀ  կառավարությունը նման մոտեցում է դրսևորում, մարդու իրավունքների պաշտպանությունը սեփականության ոլորտում մնալու է ամենացածր մակարդակի վրա, ինչպես որ հիմա է»,- համոզված է նա:

Մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ ընդդեմ Հայաստանի հանրապետության 10 որոշում և վճիռ է կայացրել, որոնց համաձայն՝ պետությունը մոտ 600.000 դոլար փոխհատուցում պիտի վճարի ՀՀ քաղաքացիներին, մոտ 13 գործ էլ դեռ սպասում է վճռի։

Բաղդասարյանն ասում է, որ կառավարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ–ի հետագա վճիռները կանխելու ուղղությամբ, այլ անգամ դատարանին «սուտ տեղեկություններ է տրամադրում»։ Կառավարությունը եվրադատարան դիմած երեք ընտանիքներին հաշտություն է առաջարկել՝ խոստանալով բնակարանով փոխհատուցել։ Քաղաքացիները պարզել են, որ խոստացված բնակարանները վաճառվել են միաժամանակ մի քանի հոգու։ Ամիսներ են անցել, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում:

Պետական կարիքների անվան տակ օտարված Կոնդ և Ֆիրդուսի թաղամասերի սեփականատերերը մի քանի տարի է՝ սպասում են իրենց կառուցվելիք բնակարաններին։

Բաղդասարյանը անհարժեշտ է համարում 2006թ. ընդունված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը՝ նշելով, որ պետությունը, սեփականությունը օտարելով, ո՛չ հանրության շահն է հոգում, ո՛չ էլ սեփականատիրոջ իրավունքներն է պաշտպանում:

Լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, բայց մամուլը դեռ անազատ է

Խոսքի ազատության ոլորտում 2012-ին դրական փոփոխություններ եղել են, կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Դրական միտում է այն, որ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի փոփոխվելուց հետո, որոշ առումով, եթերում մի քիչ ավելացավ բազմակարծությունը, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների եթերում»,- ասում է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ դրական է նաև այն, որ «Ա1+»-ը եթերաժամ է ստացել Արմնյուզի եթերում։ «Բայց համոզված ենք, որ 20 րոպե եթերաժամանակ տրամադրելով՝ «Ա1+»-ի խնդիրը չի լուծվում: Համոզված ենք, որ դա ավելի շատ քաղաքական քայլ էր, որով այսօրվա իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրենք ավելի տոլերանտ են «Ա1+»-ի նկատմամբ, քան նախին իշխանությունները»:

2012-ը նաև ընտրական տարի էր. մայիսին տեղի ունեցան խորհրդարանական, իսկ սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններ: Մելիքյանն ասում է, որ նախորդ ընտրական տարիների հետ համեմատ իրավիճակը բարելավվել է. «Պետք է ընդունենք, որ նկատելի տարբերություն  կա այս և նախորդ ընտրական տարիների պայմանների միջև: Տարվա կտրվածքով տարբերություն կա նաև ընտրական և ոչ ընտրական եռամսյակների միջև. ընտրական ժամանակաշրջանում իրավիճակը լարված էր, տհաճ միջադեպեր եղան։ Մեր կողմից արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք»,– հավելում է նա։  

Մելիքյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների նվազման միտում կա, սակայն մտահոգիչ են վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ–ների։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2010-ից ի վեր ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 68 հայց է ներկայացվել, որից 15-ը՝ այս տարի:

«2011-ն աննախադեպ էր դատական գործերի քանակով։ 2012-ին գործերի թիվը նվազել է, սակայն, մեր կարծիքով, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ»,– նշում է մեդիա փորձագետը:

Մելիքյանի կարծիքով՝ այս ամենից պետք է դասեր քաղեն նաև լրատվամիջոցները. «Միշտ չէ, որ այդ հայցերը անհիմն են: Լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցներն են անցնում սահմանը թե՛ օրենքի, թե՛ լրագրողական էթիկայի: Լրագրողական խոսքը պետք է լինի հիմնավորված: Խոսքի ազատությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ խոսքն է: Շատերն այն շփոթում են սանձարձակության հետ»,- հավելում է նա:

Տարվա սկզբին ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների կարծիքով՝ կարող է սահմանափակել խոսքի ազատությունը: «Որքանով այդ դրույթները կկիրառվեն և ինչ հետևանքներ կունենան, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ ազատ խոսքը ճնշելու և լրատվամիջոցների համար խոչընդոտներ ստեղծելու ամեն հնարավորություն  օգտագործվում է»,- ասում է Մելիքյանը՝ օրինակ բերելով 2008-ի մարտի 1-ը: «Նախագահի հրամանագրի մեջ «գրաքննություն» բառը չկար, բայց իրականացվեց բացահայտ նախնական գրաքննություն՝ խախտելով այս ոլորտի բոլոր օրենքները և իրավունքները: Այնպես որ, մտահոգություններն անհիմն չեն»:

Երևանի մամուլի ակումբի, Ինտերնյուսի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկությամբ՝ 2012-ին շրջանառության մեջ դրվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծը: Այն դեռ շրջանառվում և քննարկվում է պետական տարբեր ատյաններում:

«Օրինագիծը նախատեսում է ոլորտի ազատականացում: Այն նախատեսում է հեռուստադիտողի համար բազմազան ալիքների առկայություն և բիզնեսի առումով ավելի բարենպաստ պայմաններ: Դրանից միայն հասարակությունը կշահի»,- կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Դրական որոշակի միտումներով հանդերձ, սակայն, հայաստանյան լրատվամիջոցները միջազգային կառույցների գնահատականներով առայժմ մնում են անազատների շարքում: Պատճառն, ըստ Աշոտ Մելիքյանի, քաղաքական ուժերի ազդեցությունն է հայկական ԶԼՄ-ների վրա:

«Լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական ճամբարների և սպասարկում են որևէ ուժի շահերը: Փաստորեն, այստեղ 4-րդ իշխանության, անկախ լրատվամիջոցների ինստիտուտի մասին դեռ վաղ է խոսել: Քաղաքական հովանավորչությունը և տնտեսական կախվածությունը սպանել են ԶԼՄ ոլորտի բիզնեսը, մասնավորապես՝ տպագիր լրատվամիջոցների ոլորտում, և այն թերթերը, որոնք անկախ են կամ քաղաքական հովանավոր չունեն, այս շուկայի պայմաններում չեն կարողանում գոյատևել»,- ասում է մեդիա փորձագետը:

Պետք են բնապահպանական, այլ ոչ թե՝ բնության դեմ ուղղված օրենքներ

Բնապահպանության ոլորտում 2012-ի կարևորագույն ձեռքբերումներից հասարակության ակտիվացում է, բնապահպանական շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների ստեղծումը: «Ռեսուրսն, իհարկե, բավարար չէ Հայաստանի բնապահպանական խնդիրները լուծելու համար, բայց աշխատող է»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունները հասարակության հետ երկխոսությանը փորձում են իմիտացիոն բնույթ տալ, և եթե բնապահպան-ակտիվիստները քաղաքացիների կողքին չեն կանգնում, նրանց պահանջները հաճախ անտեսվում են:

Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացումը, ըստ բնապահպանի, պատահական չէ. հասարակությունը հասկացել է, որ Հայաստանի պես փոքր տարածքում այդքան բաց հանքեր ու պոչամբարներ ունենալու իրավունք չունենք:

Զարաֆյանին մտահոգում է այն, թե որքան հապճեպ են հաստատվում հանքարդյունաբերական նախագծերը: «Օրինակ, դեկտեմբերին փորձաքննության է ներկայացվել 10 նախագիծ, մեկ օրում երեք հասարակական լսում է նշանակվել: Մեծ խաղ է գնում: Նպատակն այն է, որ հասարակությունը ժամանակ չունենա պրոյեկտներին նորմալ ծանոթանալու համար, որ չկարողանան լսումներին մասնակցել»,- ասում է նա:

«Էկոլուրը» ահազանգեր է ստանում բնության դեմ ուղղված նոր գործողությունների մասին: «Ահազանգ կա, որ ուզում են Հրազդանում հաստատել Թեժսարի պրոյեկտը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում: Մեղրաձոր համայնքի բնակիչներն էլ մեզ դիմել էին՝ խնդրելով իրենց աջակցել փորձագիտական օգնությամբ, որ հասկանան ցիանային արտադրությունը ինչ հետևանքներ կունենա իրենց վրա»,- նշում է կազմակերպության նախագահը:

Ինգա Զարաֆյանը Հայաստանի գետերի վիճակը համարում է անմխիթար: Իր ունեցած տվյալներով՝  արդեն իսկ 136 փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ) կառուցելու թույլտվություն կա, և նախատեսվում է դրանց թիվը հասցնել 300-ի: Բնապահպանն ասում է, որ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի էկոհամակարգը խախտվում է, և որևէ վերահսկողություն չկա հետագա գործունեության ընթացքում. «Հարցումով պարզել ենք, որ  Բնապահպանական տեսչությունը որևէ անգամ չի ստուգել գործող, օրինակ, ՀԷԿ-երի թողքը արտոնագրով թույլտվածի սահմաններո՞ւմ է, թե՝ ոչ»:

Չկա նաև օրենք, որով կարգելվեր նույն գետի վրա մի քանի ՀԷԿ-ի կառուցումը: «Մեղրի գետի վրա նախատեսվում է կառուցել 9 փոքր ՀԷԿ: Նման  գետերն ուղղակի կմահանան, էկոհամակարգը և տարածքում ապրող մարդիկ էլ՝ հետը»,- կարծում է Զարաֆյանը:

Չնայած Սևանի 20 համայնքների և բնապահպանական կազմակերպությունների թեժ պայքարին, այս տարի Սևանա լճից լրացուցիչ բաց թողնվեց 320 մլն խմ ջուր: Բնապահպանական կազմակերպություններն ԱԺ էին դիմել` հարցի վերաբերյալ հասարակական քննարկում կազմակերպելու պահանջով, ինչը մերժվեց: Այնուհետև մարդու իրավունքների պաշտպանը քննարկում կազմակերպեց և հայտարարեց, որ տեղի ունեցածը հասարակության իրավունքների խախտում է:

Բնապահպանական խնդիրները լուծելու համար Ինգա Զարաֆյանը կարևորում է փոփոխությունները գործող օրենքներում, որոնք, ըստ նրա,  ավելի վատն են, քան Աֆրիկայում և համապատասխանեցված են հանքարդյունաբերական բիզնեսին:

«Բնապահպանական օրենսդրությունը պետք է ուղղված լինի  բնության պահպանությանը, ոչ թե՝ ընդդեմ բնության: Մեզ պետք է քաղաքական կամք, որ կսանձի իշխող վերնախավի ագահությունը: Մեզ պետք է շտապ ընդունել ընդերքի, ջրի, անտառների մասին օրենսգրքեր»,- առաջարկում է նա:

2012-ի հունվարից ուժի մեջ մտած «Ընդերքի մասին» օրենսգիրքը, բնապահպանի պնդմամբ, հասարակության կամքին հակառակ, անօրինական կերպով է ընդունվել. «Հիմա ամեն քայլ անելիս հղում են կատարում այդ անօրինական օրենքին: Պետք է շտապ օրենսգիրքը փոխել և սթափ գնահատել, թե ինչը պիտի պահպանենք, ինչը՝ ոչ»:

Նշենք, որ «Ընդերքի մասին» օրենսգիրքով «թափոն» հասկացությունը  փոխարինվեց «լցակույտ» տերմինով, ինչը հօգուտ հանքարդյունաբերողների էր, քանի որ նրանք այդ կերպ լիովին խուսափեցին բնությանը հասցված վնասի՝ թափոնների համար պետությանը բնապահպանական հարկեր վճարելու պարտավորությունից: Օրենքով ներմուծված բնօգտագործման վճարը հանքարդյունաբերող ընկերությունների հարկային բեռը չավելացրեց: Ստացվում է, որ նոր օրենքը ձեռնտու էր ավելի շատ հանքարդյունաբերող ընկերություններին, իսկ հասարակությունը դրա արդյունքում «կշահի» միայն բնապահպանական խնդիրներ:

Հայկուհի Բարսեղյան

Աղբյուրը՝ www.hra.am