Տեսանկյուն

Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտներ

02.01.2013

Լուսանկարը՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի

Խնդիրը ոչ թե օրենքներն են, այլ՝ իրավակիրառ պրակտիկան

Կանանց իրավունքների ոլորտում 2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը հասարակության ուշադրության սևեռումն էր կանանց խնդիրների, իրավունքների վրա, կարծում է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանը:

Իրավաբանն ասում է, որ այս տարի բեկումնային նշանակություն է ունեցել ընտանեկան բռնության զոհ դարձած Մարիամ Գևորգյանի գործով դատավարությունը. «Մարիամի և մինչ այդ նաև՝ Զարուհի Պետրոսյանի գործերով մենք ձեռք ենք բերում նախադեպեր, որոնք հետագայում որոշելու են պետական քաղաքականությունը, այն, որ կանայք պետք է լինեն պաշտպանված, գտնվեն պետության հոգածության ներքո, իսկ բռնարարներն էլ անպատիժ չպետք է մնան»:

Մինասյանն ասում է, որ հատկապես մարզերում կանանց զգալի մասը բռնությունն իրենց նկատմամբ նորմալ է ընդունում, բայց, մյուս կողմից էլ, մեծ հնչեղություն ստացած գործերի շնորհիվ կանայք հասկանում են, որ դա նորմալ չէ, և պետք է վերանայել արժեքային համակարգը:

Իրավաբանի խոսքերով՝ պաշտոնական վիճակագրություն չլինելու պատճառով հնարավոր չէ ասել՝ Հայաստանում քանի կին է տարեկան բռնության ենթարկվում և ինչպիսին է միտումը. «Արձանագրվող դեպքերը շատացել են, բայց դա չի նշանակում, որ բռնությունները շատացել են, այլ, պարզապես, կանայք սկսում են ավելի շատ բարձրաձայնել դրա մասին, ինչը նախկինում ընդունված չի եղել»:

Տարվա կարևոր ձեռքբերումներից Մինասյանը մատնանշում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ներկայացումը կառավարությանը: Իրավաբանի կարծիքով՝ գործող Ընտանեկան և Քրեական օրենսգրքերը չեն լուծում ընտանեկան բռնության խնդիրը և շատ հարցեր բաց են մնում:

Հիշեցնենք, որ օրենքը մշակվել է դեռ 2007-ին Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ կողմից և 2009-ին ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

«Օրենքի անհրաժեշտությունը զգացվում է, և դրական է, որ պետությունը պատրաստակամ է ընդունելու այն: Օրենքը պաշտպանության  մեխանիզմներ է ստեղծում ոչ միայն կնոջ, այլև՝ ընտանիքում բռնության ենթարկվող ցանկացած անձի համար՝ տարբեր մարմինների վրա հստակ լիազորություններ և պարտավորություներ դնելով: Օրենք լինելու պարագայում նաև բռնարարը կգիտակցի իր արարքի հետևանքները»,- կարծում է իրավաբանը:

Մյուս կարևոր օրենսդրական նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից առաջարկված՝ Քրեական օրենսգրքում սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  հանցագործությունների համար պատժի խստացումն է: Կազմակերպությունն առաջարկել է գործող նվազագույն պատժաչափը՝ տուգանքը հանել: Նախագիծն արդեն երկու ընթերցում անցել է ԱԺ-ում, և Մինասյանը հույս ունի, որ 2013-ի գարնանն արդեն կընդունվի:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանը, սակայն, գիտակցում է, որ միայն օրենսդրությունը բարեփոխելը բավարար չէ: «Շատ դեպքերում խնդիրն ավելի շատ օրենքի կիրառման մեջ է: Միայն օրենքը կատարյալ դարձնելով՝ չենք ունենա կատարյալ իրականություն: Ավելի շատ պետք է դատական համակարգի, պետական քաղաքականության փոփոխություն»,- կարծում է նա:

Մինասյանը կարծում է, որ այս ոլորտում աշխատող դատավորների, փաստաբանների, ոստիկանների մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտություն կա:

«Ոոստիկանության աշխատակիցները զոհի հետ ճիշտ վարվելու կարողություն չունեն: Երբ կանայք իրենց խնդրով դիմում են ոստիկանության բաժին, ադեկվատ աջակցություն չեն ստանում: Նման պարագայում այդ կինը էլ երկորդ անգամ ոստիկանություն չի դիմի»,- ասում է Լուսինե Մինասյանը՝ հավելելով, որ Կանանց ռեսուրսային կենտրոնը 2013-ին արդեն իսկ ծրագրել է ոստիկանության աշխատակիցների վերապատրաստում-իրազեկում իրականացնել:

Երեխաների պաշտպանության ոլորտում պետության վերաբերմունքը փոխվել է

ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ երեխաների իրավունքների ոլորտում տարվա ձեռքբերումն այն է, որ մեծացել է մտահոգ մարդկանց թիվը, փոխվել է պետության վերաբերմունքը: 

«Մի քանի տարի առաջ մեր շատ առաջարակություններ սվիններով էին ընդունում, հիմա մտածում են՝  ինչպես լուծում գտնել: Առաջ ասում էին, որ օրինակ, հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովները բավարար են, հիմա գիտակցում են, որ սոցիալական աշխատողներ են պետք և հարցնում են, թե որտեղից գտնեն: Արդեն պրոգրես է»,- ասում է Անտոնյանը:

Նրա խոսքերով՝ թե՛ մանկատներում, թե՛ հատուկ դպրոցներում, թե՛ դատարաններում չկան սոցիալական աշխատողներ, մինչդեռ երեխաները ամենաշատը հենց սոցիալական աշխատանքի կարիք ունեն: 

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող եռաստիճան համակարգն, ըստ Անտոնյանի, արդյունավետ կդառնա, եթե ստորին օղակում աշխատանքը վստահվի ոչ թե խնամակալության հանձնաժողովին, այլ՝ սոցիալական աշխատողին: Սակայն դա կարող է իրականացվել միայն ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումից հետո, որի ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն աշխատում է:

Այս տարվա հունիսին հանրային քննարկման ներկայացվեց ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016թթ ռազմավարության նախագիծը: Միրա Անտոնյանը դրական է համարում այն, որ երեխաների պաշտպանության պետական ռազմավարական ծրագրերի բաց քննարկումներ են տեղի ունենում, պետությունը հաշվի է նստում ՀԿ-ների կարծիքի հետ և նրանց ընկալում է որպես լավ ռեսուրս:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ անելիքներ շատ կան հատկապես հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության և ինտեգրման ոլորտում:

Մոտ 6000 երեխաների շրջանում կատարված «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» ուսումնասիրությունը բացահայտել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների  81 տոկոսը որևէ սոցիալական պաշտպանության ծառայություն, բացի 18.200 դրամ կազմող հաշմանդամության թոշակից, չի ստանում։ Նրանց 18 տոկոսն ընդհանրապես դպրոց չի հաճախում, իսկ 16 տոկոսն ապրում և սովորում է մանկատանը կամ հատուկ դպրոցում։

Հաստատությունների խնամքի տակ գտնվող հաշմանդամ յուրաքամչյուր 20 երեխաներից միայն մեկն է հանրակրթական դպրոց հաճախում, 5-ը հաճախում է հատուկ դպրոց, իսկ 14-ը դուրս է մնում ընդհանուր հիմնական կրթությունից։ 

Իսկ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012» զեկույցի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ՝ օրական 1200 դրամով, իսկ 8 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ վիճակում՝ օրական 800 դրամից քիչ գումարով։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն ընդունում է, որ պետությունը դեռ շատ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում. «Լուրջ խնդիրներ ունենք մատչելիության ապահովման, համայնքային ծառայությունների ստեղծման հարցում»,– ասում է փոխնախարարը։ Մատչելիության ապահովման ուղղությամբ թեև քայլեր արվում են, բայց դրանց տեմպերը, նրա կարծիքով, բավարար չեն։ Մյուս խնդիրը մանկատները, գիշերօթիկ և հատուկ դպրոցները բեռնաթափելն է, որի համար անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային համայնքային ծառայություններ»,- կարծում է փոխնախարարը։

Հաշմանդամների իրավունքների մասին ավելի շատ խոսում են, քան՝ ապահովում

2012-ին Հայաստանում ապրող մոտ 180.000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց համար էական փոփոխություններ չեն եղել, որոնք կարող էին դրական ազդել նրանց կյանքի որակի վրա, կարծում է «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը:

«Մարդիկ այսօր էլ շարունակում են մեկուսացած ապրել, իրենց չեն տեսնում մեր շրջապատում, հասարակական վայրերում, ինչը նշանակում է, որ շատ մեծ բան չի փոխվել»,- ասում է նա:

Մյուս կողմից, ընթացքի մեջ են օրենսդրական փոփոխություններ, որոնց ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձինք ավելի ուշ կզգան: Կառավարությունում քննարկման փուլում է գտնվում «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը:

Բաթոյանն ասում է, որ հիմա ավելի շատ  են խոսում մատչելիության  և հավասար հնարավորությունների մասին, մարդիկ  արդեն գիտակցում են դրա կարևորությունը: Չնայած դրան, փոփոխությունները դանդաղ են իրականացվում:

Շարունակում է արդիական մնալ շենքերի անմատչելիության խնդիրը: Անգամ նորակառույց շենքերի թեքահարթակները հաճախ չեն համապատասխանում ստանդարտներին. «Հաճախ դրանք թեքահարթակ չի էլ կարելի կոչել: Կառուցողն ինքն անգամ դժվար թե կարողանա ոտքով դրանց վրայով անցնել: Այսինքն, այդ ամենը ձևական է արվում»,- ասում է Բաթոյանը` հավելելով, որ դրա հիմնական պատճառն այն է, որ ոլորտում չկա վերահսկողություն և որևէ մեկը պատասխանատվություն չի կարում սխալ աշխատանքի համար:

2012-ին մեկնարկել է Հրազդան մարզադաշտի վերանորոգումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն ՀԿ-ների դաշինքի առաջարկը մարզադաշտը մատչելի դարձնելու վերաբերյալ: Բոլորը սպասում են արդյունքներին:

Չնայած դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանը խոստացել էր Երևանում լուծել տրանսպորտի մատչելիության հարցը, հասարակական տրանսպորտը դեռ շարունակում է անմատչելի մնալ հենաշարժողական խնդիրներով անձանց համար:

Բաթոյանն ասում է, որ մյուս դրական փոփոխությունն այն է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշմանդամություն ունեցող 20-30 մարդու աշխատանքի ընդունելու մասին հայտարարություն արեց: Թափուր տեղերը դեռ չեն համալրվել, քանի  որ քչերն են համապատասխանում պահանջվող չափանիշներին, սակայն, Բաթյանի կարծիքով, «սա նախադեպ է»:

2012-ը ընտրական տարի էր: «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի կարծիքով՝ հաշմանդամ անձանց ընտրելու իրավունքի ապահովման գործում թեև առաջընթաց կա, բայց բավարար չէ:

«Փարոսի» հաշվարկներով՝ այս տարի ընտրատեղամասերի միայն 20 տոկոսն է մատչելի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ընտրատեղամասերից 100-ը մատչելի են դարձել «Փարոս» ՀԿ-ի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համագործակցության արդյունքում:

«Միայնակ հաշմանդամները, ծերերը դեռևս զրկված են ընտրելու հնարավորությունից: Կույր անձանց համար համամասնական ցուցակների դեպքում կար հատուկ կաղապար, իսկ մեծամասնականի համար՝ ոչ»,- ասում է Սուրեն Օհանյանը:

Նրա կարծիքով` բարեփոխումների դանդաղ ընթացքի պատճառը պետության կողմից խնդիրը չկարևորելն է. «Պետությունը ոչ թե չի կարողանում, այլ, կարծում եմ, չի ուզում միջոցներ տրամադրել ընտրական գործընթացները մատչելի դարձնելուն: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

«Հույսի կամուրջ» ՀԿ աշխատակից Զառա Բաթոյանն էլ նշում է, որ պետական օղակներում իրենց առաջարկություններն այլևս չեն մերժվում: «Սակայն ասում են՝ ժամանակ է պետք, գումար է հարկավոր... Մինչդեռ եղած գումարները ծախսելու շատ ավելի արդյունավետ միջոցներ կան: Հարցը գումարը չէ, այլ պարզապես իրենք  չեն պատկերացնում խնդիրը, խնդրի կրողը չեն, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն մասնակցում ծրագրերի մշակմանը, նախագծմանը: Սա է պատճառը»,- ասում է Բաթոյանը՝ հավելելով, որ պետք չէ որևէ բան անել հաշմանդամություն ունեցող մարդու համար, այլ պետք է անել նրա հետ:

2012-ին պաշտոնապես գրանցվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների դաշինքը, որը գործում է 2006-ից և միավորում է 14 հասարակական կազմակերպությունների: Դաշինքի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք ապահովմանը:

Հայկուհի Բարսեղյան

Սեփականության, բնապահպանության և խոսքի ազատության ոլորտներում 2012-ի ամփոփումը: 

Աղբյուրը՝ www.hra.am