Տեսանկյուն

Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. զինված ուժեր և ընտրական իրավունք

08.01.2013

Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացության դեպքերը չեն նվազում

«Զինված ուժերի համակարգում ոչինչ չի փոխվում: Մենք ահազանգում ենք, լուսաբանում... Իմիտացիա է արվում, թե, իբր, փոփոխություններ են անում, բայց իրականում ամեն ինչ նույնն է՝ համակարգային փոփոխություն չկա, օրենսդրական փոփոխություն չկա»,– 2012-ին զինված ուժերում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն ամփոփելով՝ այս եզրակացությանն է հանգում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նրա պնդմամբ՝ գոյություն ունեցող իրավական մեխանիզմները հնարավորություն չեն տալիս պատշաճ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել ՀՀ զինված ուժերում։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012թ. բանակում գրանցված մահացությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Եթե 2010թ. եղել է 44 մահ՝ 25 միջադեպի արդյունքում, 2011թ. եղել է՝ 39 մահ՝ 26 դեպքի արդյունքում, ապա 2012-ին գրանցվել է 46 մահ:

ՀՔԱՎ գրասենյակի վիճակագրության համաձայն՝ ավելացել են առողջական խնդիրների պատճառով զինծառայողների մահացության դեպքերը: Շատ են նաև դեպքերը, երբ զինծառայողները զորացրվում են առողջական լուրջ խնդիրներով: Անցնող տարվա ընթացքում զորակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտման դեպքերով ՀՔԱՎ գրասենյակ է դիմել 24 քաղաքացի, որոնցից 16-ի դեպքում խախտումը վերաբերել է առողջական խնդիրներին:

«Առայժմ շարունակվում են ահազանգերը ծնողների կողմից, ում չեն գոհացնում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների եզրակացությունները: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և զորակոչել»,- ասում է Արթուր Սաքունցը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ մտահոգություն է հայտնել բանակում, առանց ծառայողական քննություն իրականացնելու, զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելու պրակտիկայի վերաբերյալ:

Նշենք, որ շրջանառության մեջ դրված «ՀՀ Զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» ընդունմամբ՝ այլևս չի գործելու կալանքը՝ որպես զինծառայողին պատժի ենթարկելու պատժամիջոց: Կանոնագիրքը հեղինակել է Պաշտպանության նախարարությունը և այն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

2012-ին ՊՆ մյուս օրենսդրական նախաձեռնությունը «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխություններն են, որը դեռ քննարկման փուլում է:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ «բանակի ամենալուրջ խնդիրը շարունակում է մնալ մարդկային կորուստների խնդիրը»: «Պաշտպանության նախարարությունը գուցե փորձում է այդ խնդրի լուծման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, ես հակված եմ լավատես լինելու, բայց նախարարի վերջին հարցազրույցն ինձ ուղղակի հուսահատեցրեց: Փաստորեն, բանակում գրանցված մահվան 46 դեպքը, իրենց կարծիքով, չի կարող ստվեր գցել բանակի գրանցած հաջողությունների վրա։ Դրանից կարելի է ենթադրել, որ մարդկային կյանքերը պաշտպանության նախարարության համար երկրորդական հարցեր են»,- եզրակացնում է Ալեքսանյանը:

Ընտրական իրավունքի պաշտպանությունը

Հայաստանում 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, նաև՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ԱԺ մտան 6 քաղաքական կուսակցություններ կամ դաշինքներ, որոնց միջև բաշխվեց 90 պատգամավորական մանդատը, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվեցին 41 պատգամավորներ, որոնց գերակշիռ մասն իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուներն էին։

ԱԺ ընտրություններից հետո՝ մայիսի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան դիմեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքը՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումով: Մայիսի 31-ին, սակայն, Սահմանադրական դատարանը մերժեց ՀԱԿ դիմումը՝ այն անհիմն համարելով:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ համատեղ իրականացրած «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2012» ծրագրի շրջանակներում աջակցել է խախտված ընտրական իրավունքների վերականգնմանը։ Քվեարկության օրը իրավական շտապ օգնության 30 մեքենաները, որոնց կազմում էին լրագրող, փաստաբան և դիտորդ, 420-ից ավելի այցելություններ են կատարել ՀՀ ողջ տարածքում տեղակայված տարբեր ընտրատեղամասեր։ 080-080-804 թեժ գծին ստացած՝ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 120-ից ավելի ահազանգերին տրվել է իրավական խորհրդատվություն։

Դիտորդական առաքելություն են իրականացրել այլ հասարակական կազմակերպություններ ևս՝ արձանագրելով, որ ընտրական գործընթացների վրա մեծ ազդեցություն են ունեցել ընտրակաշառքը, պետական վարչական ռեսուրսների չարաշահումը և այլ անօրինական տեխնոլոգիաներ։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ամփոփելով իրենց կողմից իրականացված դիտորդության արդյունքները, եկել է այն եզրակացության, որ խորհրդարանական ընտրություններին կիրառվել են ոչ թե նախկին խախտումները՝ բռնություններ, քվեաթերթիկների լցոնում և այլն, այլ նոր, ավելի «քաղաքակիրթ» ընտրախախտում՝ «մարդկանց լցոնում»:

«Մարդկանց մի մեծ խումբ, տարբեր գրանցումներով, քվեարկել է մի քանի անգամ, որի արդյունքում ուռճացված թվեր են առաջացրել»,– հայտարարել է Իշխանյանը:

Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» համակարգչային հատուկ ծրագրի միջոցով հաշվարկելով և վերլուծելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, եկել է այն եզրակացության, որ ընտրություններին որոշ մարդիկ քվեարկել են «ռեակտիվ արագությամբ»: Քվեարկության ժամերը բաժանելով քվեարկողների պաշտոնական թվի վրա, որոշ ընտրատեղամասերում մեկ ընտրողին քվեարկության համար բաժին էր ընկել, օրինակ, 30 վայրկյան:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների կամ ԶԼՄ հրապարակումների հիման վրա հարուցվել է ընդամենը 15 քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի արձանագրած 200-ից ավելի ահազանգերի վերաբերյալ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել:

Դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների կարծիքով՝ իրավապահ մարմիններն անգործություն են դրսևորել անօրինականությունները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այդուհանդերձ, որոշ տեղական կազմակերպություններ և նաև միջազգային կազմակերպություններն արձանագրել են, որ նախորդ համապետական ընտրությունների համեմատ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Գայանե Առաքելյան

Աղբյուրը՝ www.hra.am