Տեսանկյուն

Ոստիկանությունում բռնության ենթարկված երիտասարդը հացադուլը դադարեցրել է

15.01.2013

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռոբերտ Հովսեփյանը, ով հունվարի 9-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել, իր փաստաբանի հորդորով հունվարի 12-ին հացադուլը դադարեցրել է։

28-ամյա երիտասարդը մեղադրվում է բնակարանային գողություն կատարելու մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, սակայն պնդում է, որ անմեղ է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումների արդյունքում։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հովսեփյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցված Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորների նկատմամբ։

Ռոբերտ Հովսեփյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը պնդում է, որ իր պաշտպանյալի գործը քննելիս նախաքննական մարմինը թույլ է տվել մի շարք խախտումներ։ Նախ, Հովսեփյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տարվել ոչ թե 2012թ.հոկտեմբերի 4-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ՝ հոկտեմբերի 3-ին, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է։ Նա փաստաբանին պատմել է, որ իրեն ապօրինի բաժնում են պահել մեկ օր՝ թույլ չտալով զանգել ծնողներին, զրկելով փաստաբան ունենալու իրավունքից։ Իսկ խոստովանական ցուցմունքը տվել է խոշտանգումների արդյունքում։

«Ոստիկանության բաժնում, իր պատմածի համաձայն, իրեն ծեծել են ոստիկանության 3-4 աշխատակից, ծեծել են մահակով, երկաթե ձողով հարվածել են ականջին։ Երբ տեսել են, որ չի խոստովանում, տարբերակ չունեն, իր պատմելով, բերել են երկու միասեռականների, որոնք փորձել են ինչ–որ գործողություններ անել։ Ինքն էլ մտածել է, որ եթե պիտի գնամ, գոնե պատվազրկված չգնամ, ու ընդունել է ամեն ինչը։ Հոկտեմբերի 4-ին քննիչը գրել է խոստովանական ցուցմունքը, ինքը ստորագրել է»,– ավելի վաղ www.hra.am- ին պատմել էր փաստաբանը։

Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր ընդունելիս բուժզննության արձանագրության մեջ բժիշկը արձանագրել է Հովսեփյանի աչքի տակ, թևերին և մարմնի տարբեր մասերում առկա կապտուկները, կողոսկրերի ու ականջի վնասվածքը։ Նա բացատրություն է տվել, որ այդ վանսվածքներն առաջացել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների գործադրած բռնության հետևանքով։

ՁՊՎ–ում Հովսեփյանը ինքնասպանության փորձ է կատարել, իսկ հոկտեմբերի 6-ին քննիչի կողմից կայացրած՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման տակ իր ձեռքով գրել է, որ գողություն չի կատարել, իրեն մեղավոր չի ճանաչում, խոստովանության տակ ստորագրել է ծեծի միջոցով։

Բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել և Հովսեփյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որը հիմնավորել է, որ նրան պատճառվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ՝ առողջության տևական քայքայումով։

2012թ դեկտեմբերի 18-ին ՀՔԾ–ն քրեական գործ է հարուցել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի և 314 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և պաշտոնեական կեղծիքը)։

Նախաքննության ընթացքում Ռոբերտ Հովսեփյանի մեղադրանքի հիմքում դրված բնակարանային գողության յոթ դրվագներից վեցը հանվել է։

«Մնացել է այն դրվագը, որը ամենաապսուրդայինն է, որը որ սպասում էինք՝ առաջինը դուրս կգա»,– www.hra.am –ին ասում է փաստաբանը։ Նրա կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը անհիմն է, ապացույցները՝ անթույլատրելի և թերի։

«Օրինակ՝ ընթերականեր կան, որոնք գոյություն չունեն։ Յոթ դրվագներից մեկի տուժողը՝ բնակարանի տերը, գործով հանդես է գալիս նաև վկա մեկ այլ դրվագով։ Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի նախկին աշխատող է և պնդում է, որ Հովսեփյանից գնել է գողացված նոթբուք։ Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ նա կապ է ունեցել օպերատիվ աշխատողների հետ և պահանջել ենք նրանց հեռախոսային վերծանումները, բայց որպեսզի «պայթյունը» շատ մեծ չլինի, այդ մասը չի բացվում...»,– նշում է Սարգիս Խաչատրյանը՝ հավելելով, որ վարկածներ կան, որոնք նախաքննության ժամանակ չեն ուսումնասիրվել։

Հացադուլ հայտարարելու պատճառներից մեկը, փաստաբանի խոսքերով, հունվարի 1-ին Ռոբերտ Հովսեփյանի հոր մահն է, որի պատճառով տղան ծանր հոգեվիճակում է։ Ընտանիքի անդամները կարծում են, որ հայրը հանկարծամահ է եղել որդու հետ կատարվածի պատճառով ունեցած նյարդային ապրումներից։

Հունվարի 9-ին հայտարարվել է նախաքննության ավարտ, և փաստաբանը օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում իրավունք ունի բողոքարկել որոշումը կամ միջնորդություններ ներկայացնել։ Հովսեփյանի մայրը արդարության պահանջով դիմել է ՀՀ Ոստիկանապետին, Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին։

Փաստաբանը վերադաս ատյաններում բողոքարկել է Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը։ Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանից դեռ պատասխան չեն ստացել։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am