Տեսանկյուն

Պահանջում են վերանայել մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը

23.01.2013

Մարդու իրավունքների տարբեր ոլորտներում գործող հայաստանյան հասարակական կազմակերպությունները կարծում են, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» հապճեպ է ընդունվել և լրամշակման ու բարեփոխման կարիք ունի։

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հունվարի 23-ին կազմակերպել էր «ՀՀ մարդու իրավունքների ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկում։

Ռազմավարությունն ընդունվել է 2012թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի կողմից, և եռամսյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է մշակի և ներկայացնի ռազմավարության իրականացմանն ուղղված 2013-2016թթ. միջոցառումների ծրագիրը։

Մի քանի ՀԿ–ների ղեկավարների խոսքով` այն առաջարկությունները, որ իրենք ներկայացրել են 2011թ.–ին՝ դեռևս ռազմավարության նախագծի մշակման փուլում, անտեսվել են և որևէ կերպ չեն արտացոլվել փաստաթղթում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ ռազմավարության մեջ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակը նկարագրված է ընդհանրական ձևով՝ հիմնականում օրենսդրական և ստանձնած միջազգային պարտավորությունների ընդունման տեսանկյունից, որը չի արտացոլում Հայաստանում տիրող իրական պատկերը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ ռազմավարության մեջ պետք է գրվեր, թե մարդու իրավունքների որ ոլորտում ինչ խնդիրներ կան, որոնց ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։

«Ռազմավարությունը որևէ տրամաբանության չի ենթարկվում առանձին իրավունքներ ներկայացնելիս։ Որոշ ոլորտներ պարզապես դուրս են մնացել ռազմավարությունից և որևէ հիմնավորում, պարզաբանում չկա, թե ինչու, ասենք, նշված է հավաքների ազատությունը, բայց նշված չէ միավորումների ազատության իրավունքը»,– հավելեց նա։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ռազմավարության մեջ կցանկանար առանձնացված տեսնել սոցիալ–տնտեսական և քաղաքական–քաղաքացիական իրավունքների բլոկները։ «Եթե մի դեպքում պետությունը պետք է պարզապես չմիջամտի, չխոչընդոտի քաղաքական–քաղաքացիական իրավունքների իրականացմանը, ապա մյուս դեպքում՝ սոցիալ–տնտեսական իրավունքների ապահովման համար պետությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի։ Այս բլոկն ավելի բարդ է և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ է պահանջում»,– կարծում է Իշխանյանը։

Նա ռազմավարության մեջ չի տեսնում ազատազրկված (ձերբակալված, կալանավորված և դատապարտված) անձանց իրավունքները։ «Որևէ խոսք չկա ոստիկանության բաժիններում խոշտանգումների կանխարգելման մասին, քրեակատարողական հիմնարկներում վատ, անմարդկային պայմանների մասին, որտեղ 8 հոգանոց խցերում կարող են մինչև 20 հոգի պահվել»,– հավելում է իրավապաշտպանը։ Նա նաև մտահոգված է 2007թ. հետո ազատազրկված անձանց և լրագրողների շփման սահմանափակումներով։

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը մտահոգված է նրանով, որ ռազմավարության մեջ օգտագործված են տերմիններ, որոնց սահմանումը չկա։ Նա ներկայացրեց մի նամակ, որտեղ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան դժվարացել է բացատրել, թե որոնք են քայքայիչ աղանդները և ինչ է հասկանում ԱԱԽ–ն քայքայիչ աղանդների դեմ պայքար ասելով։

«Կրթության և գիտության նախարարը իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում պայքարել քայքայիչ աղանդների դեմ։ ԱԱԽ–ն ռազմավարություն է մշակել և պետք է պայքարի մի երևույթի դեմ, որի սահմանումը չգիտի։ Էլ ինչի՞ մասին է խոսքը»,– ասում է Դանիելյանը՝ հավելելով, որ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի հստակեցնել թիրախային խմբերը և կրթել նրանց՝ սկսած ՀՀ վարչապետից մինչև վերջին չինովնիկը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ անդրադարձավ խոսքի և արտահայտվելու ազատության, տեղեկատվության ազատության խնդիրներին Հայաստանում, որոնք արտացոլում չեն ստացել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» մեջ։ «Հայաստանում կապուղիների ազատականացում չեղավ, հեռուստաեթերում չունենք բազմակարծություն։ Ու, թեև, 2003-ից ունենք Տեղեկատվության ազատության մասին լավ օրենք, բայց Հայաստանի հանրապետության բոլոր 16.000 պաշտոնյաներն անխտիր խախտում են այն, որովհետև արդեն 10 տարի է՝ Կառավարությունը չի սահմանել տեղեկատվության տրամադրման կարգ, ինչ հիմքով հաճախ մերժում են տեղեկատվություն տրամադրել։

Վիրավորանքի և զրպարտության հոդվածի ապաքրեականացումից հետո, թեև հայցերի քանակը վերջին շրջանում նվազել է, սակայն Բարսեղյանը մտահոգված է ստեղծված իրավիճակով. ֆինանսական լուրջ կորուստներ ունեցած ԶԼՄ–ներում ինքնագրաքննության մթնոլորտ է ստեղծվել, ինչը սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքը։ 

«Թրանսփերենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանը կարծում է, որ ռազմավարությունը պետք է բարեփոխվի առնվազն ձևակերպումների առումով, այլապես իր նպատակին չի կարող ծառայել։

«Ռազմավարության մեջ որևէ անդրադարձ չկա կոռուպցիային, ինչն անմիջականորեն անդրադառնում է մարդու իրավունքների տարբեր ոլորտների վրա»,– նշում է Այվազյանը։

Նրա խոսքերով՝ ռազմավարության մեջ համեմատաբար ամբողջական են ներկայացված սեփականության և ընտրական իրավունքների ոլորտները, սակայն այստեղ ևս տեղեկատվությունը թերի է և նշված չեն այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները։

«Մասնավորապես, 2000 թվականից մարդկանց սեփականությունը հարկադիր օտարվում է պետության կարիքների համար, սակայն այդ «հանրային՝ բացառիկ գերակա շահը» գործնականում ոչ մի կերպ չի հիմնավորվում, և ցանկացած կառուցապատման համար կարող են քաղաքացու սեփականության իրավունքը ոտնահարել»,– ասում է Այվազյանը։

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանի բնակչության համար կարևորագույն խնդիրներից մեկը՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը, որպես այդպիսին, ռազմավարության մեջ ճանաչված չէ, անդրադարձ չկա «Օրհուսի» կոնվենցիային, որին միացել ենք։

Վերջում Սոնա Այվազյանը հավելեց, որ ռազմավարության վերանայման համար անհրաժեշտ է միայն ՀՀ նախագահի քաղաքական կամքը։

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանն  էլ մտահոգված է, որ ռազմավարության մեջ բացակայում է քաղաքացու խախտված իրավունքների վերականգնման մոտեցումը։ ՀՀ դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է 46 վճիռ, ՀՀ սահմանադրական դատարանն օրենքի մի քանի տասնյակ նորմեր հակասահմանադրական է ճանաչել, սակայն, Զեյնալյանի խոսքերով, կայացված որոշումների հիման վրա ոչ մի գործ չի վերանայվել տեղական դատարաններում և ոչ մի գործով շրջադարձ չի եղել։ 

Արդարադատության նախարարության Միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Նարինե Սոլոմոնյանը, նշեց, որ ռազմավարության մեջ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր իրավունքներին, իսկ սահմանումների և հանրային քննարկման ժամանակ բարձրաձայնված խնդիրների լուծումն իրենք կփորձեն տալ միջոցառումների ծրագրում։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am