Տեսանկյուն

Հայաստանում մարդու իրավունքների վիճակը՝ ըստ Human Rights Watch–ի զեկույցի

06.02.2013

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր 2013թ. համաշխարհային զեկույցը, որում ամփոփված է մարդու իրավունքների իրավիճակը 2012 թվականին աշխարհի ավելի քան 90 երկրներում։

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող գլխում համապարփակ անդրադարձ է կատարվում անցած տարվա ընթացքում Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքների առավել խնդրահարույց ոլորտներին, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին, խոշտանգումներին, Զինված ուժերում դրությանը, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, սեռական փոքրամասնությունների իրավունքներին և այլն։

Մատնանշելով խորհրդարանական ընտրությունների ընդհանուր առմամբ խաղաղ և մրցակցային ընթացքը՝ զեկույցում անդրադարձ է արվում թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմաններին, որը պայմանավորված է ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահմամբ և տեղական իշխանությունների կողմից գործադրված ճնշումներով։

Անդրադառնալով ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին՝ կազմակերպությունը նշում է, որ իշխանությունները շարունակում են մերժել  և չքննել այդ հիմքով ներկայացված բողոքները։ Որպես իրադրության մասնավոր դրսևորում՝ հղում է կատարվում Հայ ազգային կոնգրես դաշինքի ակտիվիստների գործին։ Չնայած վերջիններս պնդում են, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության են ենթարկվել, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել խոշտանգման առնչությամբ արդյունավետ քննություն անցկացնելու համար։

Զեկույցում մտահոգություն է հայտնվում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահացության դեպքերի բարձր ցուցանիշի առնչությամբ (2012թ. սեպտեմբերի դրությամբ՝ մահվան 44 դեպք) և դրանց քննության անարդյունավետության կապակցությամբ։

Զեկույցը նաև հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կրոնական ազատության իրավունքի խախտման կապակցությամբ 2012–ին Հայաստանի դեմ կայացված որոշումներին՝ ընդգծելով,  որ ներկայումս Հայաստանում կան 32 անձինք, ովքեր հրաժարվում են զինվորական այլընտրանքային ծառայությունից՝ պնդելով, որ այն բավարար կերպով անկախ չէ զինվորական համակարգից։  

Ընդգծելով, որ լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով բերված զրպարտության և վիրավորանքի հիմքով գործերը դադարել են էական խնդիր լինելուց Հայաստանում, զեկույցում հղում է կատարվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2012թ. հաշվետվությանը, որտեղ լրագրողների ինքնագրաքննությունը և լրատվական հաղորդումների հեռարձակման ընթացքում քաղաքական գովազդի ներմուծումը դիտարկվում են որպես ՀՀ–ում խոսքի ազատության իրավունքի և, հատկապես, լրագրողական ազատության լիարժեք իրացման հիմնական խոչընդոտներ։

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության կապակցությամբ Human rights watch–ի համար հատկապես մտահոգիչ են Հայաստանում այս խմբին պատկանող անձանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը՝ հատկապես աշխատանքի ընդունելու և բժշկական ծառայություններից լիարժեք օգտվելու առումով։ Այս խմբի հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներն ու անհանդուրժողականություն կա բանակում, ընտանիքում և հասարակության մեջ։ Զեկույցում անդրադարձ կա ատելության հողի վրա DIY բարի վրա հարձակման և հրկիզման դեպքերին, և ուշադրություն է հրավիրված ՀՀ խորհրդարանի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած այն կարծիքին, որով նա այդ հարձակումները որակել է «ճիշտ և արդարացված», ինչպես նաև՝ այն փաստին, որ հանցագործության առիթով  որևէ անձ մինչ այսօր չի ենթարկվել պատասխանատվության։

Իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ կիրառված ճնշումների դեպքերից զեկույցում նշված են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա հարձակումն ու հնչեցված սպառնալիքները, որոնք կապված էին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման հետ։ Չնայած բռնությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների ներկայությանը՝ վերջիններս որևէ քայլ չեն ձեռնարկել այն դադարեցնելու կապակցությամբ, իսկ ամբոխը ցրվել է միայն այն բանից հետո, երբ կազմակերպությունը խոստացել է  չցուցադրել  ֆիլմերը, գրված է զեկույցում։

Վերը նշված ոլորտներից բացի զեկույցում թվարկվում են տարբեր միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից մատնանշված այլ խնդրահարույց ոլորտներ ևս, ինչպիսին են կոռուպցիան, լրագրողական ազատությունը, արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, քաղաքական բազմակարծության բացակայությունը, կանանց իրավունքների պաշտպանությունը և այլն։

Human rights watch–ի 2013թ. համաշխարհային զեկույցը՝ անգլերեն։

Անի Վարդանյան 

Աղբյուրը՝ www.hra.am