Տեսանկյուն

Դատարանը խախտել է միանգամից երեք իրավունք, պնդում է պաշտպանական կողմը

12.02.2013

Ստեփան Հովակիմյանը

Դատախազին հարվածելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը անհիմն է։ Այս կարծիքին են մեղադրյալի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը և փաստաբանը՝ Արամ Ճուղուրյանը։ Նրանք արդեն բողոքարկել են կալանավորման որոշումը Վերաքննիչ դատարանում։

Ստեփան Հովակիմյանը «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, և 2013թ. փետրվարի 6-ին լրանում էր նրա ազատազրկման ժամկետը։ Դատախազին հարվածելու մեղադրանքով նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց, որը գտնվում է դատաքննության փուլում։

Հունվարի 25-ին կայացած նիստի ավարտին մեղադրող Ջոն Ֆարխոյանը միջնորդեց մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։

«Մեզ համար միջնորդությունն անսպասելի էր, և ժամանակ խնդրեցինք միջնորդությանը պատասխանելու համար, սակայն դատավորը ընդամենը մեկ ժամ տրամադրեց։ Այդ ժամանակ իմ պաշտպանյալը միջնորդություն ներկայացրեց, որ ուզում է առանձնազրույց ունենալ ինձ հետ, բայց դատավորը թույլ չտվեց առանց հսկող ոստիկանների ներկայության զրուցել։ Մեկ ժամ հետո դատավորը խորհրդակցության սենյակից եկավ և հարցրեց մեր դիրքորոշումը։ Մենք ասացինք, որ դիրքորոշում չենք կարող հայտնել, որովհետև առանձնազրույց չենք ունեցել և բավարար ժամանակ և միջոցներ չենք ունեցել պատրաստվելու։ Տասնհինգ րոպե ընդմիջումից հետո դատավորը եկավ և դատախազի միջնորդությունը խափանման միջոցի վերաբերյալ բավարարեց»,– ասում է Արամ Ճուղուրյանը։

Բենիամին Հովակիմյանն էլ հավելում է, որ մեկ նիստի ընթացքում դատարանը խախտել է միանգամից երեք իրավունք՝ նախ՝ բավարար ժամանակ չի տրամադրել միջնորդությանը պատրաստվելու և պատասխանելու համար, հետո Ստեփանին չի թույլատրել առանձնազրույց ունենալ իր պաշտպանի հետ և, վերջապես, առանց որևէ հիմնավորման բավարարել է կալանքի միջնորդությունը։

«Դատախազի կալանքի միջնորդության որոշումը չի պարունակում որևէ փաստարկ, հիմնավորում, թե ինչու են ընտրում կալանքը, թեև օրենքը աներկբա պահանջում է, որ միջնորդությունները պետք է հիմնավորված լինեն։ Դատարանի որոշման մեջ ևս ոչ մի հիմնավորում չկա։ Միակ հիմնավորումն այն է, որ եթե չկալանավորենք, փետրվարի 6-ից նա ազատության մեջ կլինի, որը զավեշտ է»,– ասում է նա։

Դատարանը որոշման մեջ գրել է, որ թեև Հովակիմյանին մեղսագրվող հանցանքը միջին ծանրության է, սակայն, հաշվի առնելով արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը և նրա անձը, դատարանը գտնում է, որ «մեծ է ռիսկայնությունն առ այն, որ վերջինս, հայտնվելով ազատության մեջ, կարող է սույն գործով թաքնվել Դատարանից, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և պատժից»:

Իսկ առանձնազրույց ունենալու իրավունքը դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նախկինում Հովակիմյանը ինքնավնասման փորձ է կատարել և «նման հակումներ ունի», իսկ առանձին սենյակում (առանց տեսողական դիտարկման ապահովման) պաշտպանի հետ տեսակցելու վերաբերյալ պահանջը հետապնդում է կալանքի միջնորդության քննարկումը հետաձգելու նպատակ և «կարող է հնարավոր նոր ինքնավնասման պատճառ հանդիսանալ»:

Դատավորը կալանքի միջնորդությունը բավարարելիս հղում է արել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին։ Սակայն, փաստաբանի խոսքերով, որոշման մեջ մեջբերված են այդ վճիռների միայն այն հատվածները, որոնք «իրենց ձեռնտու են»։

«Այդ նույն որոշման մեջ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրել ծայրահեղ դեպքերում։ Պետք է լինեն ոչ թե ենթադրություններ, այլ՝ կոնկրետ փաստեր, տվյալ անձի հետագա վարքագծի հետ կապված ռեալ վտանգ։ Իսկ գործով ձեռքբերված նյութերով որևէ կերպ հիմնավորված չէ այն փաստը, որ չկալանավորելու դեպքում Հովակիմյանը կարող է խուսափել կամ խոչընդոտել գործի քննությանը»,– նշում է պաշտպան Ճուղուրյանը։

Նա արդեն բողոքարկել է Ստեփան Հովակիմյանի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և հուսով է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի իրենց բերած փաստարկները։

Հիշեցնենք, որ նախորդ քրեական դատավարության ժամանակ ևս Հովակիմյանի նկատմամբ կիրառվել էր կալանքը։ Պաշտպանը բազմիցս միջնորդել էր կալանքը փոխարինել գրավով, իսկ Բենիամին Հովակիմյանը 21 ճանաչված մտավորականների ստորագրությամբ երաշխավորագիր էր ներկայացրել և պատրաստ էր նույնիսկ իր միակ տունը գրավադրել՝ որպես ապացույց այն բանի, որ իր որդին չի խուսափի գործի քննությունից։ Սակայն դատարանը չբավարարեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունները։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am