Տեսանկյուն

Հարսին բռնությունների ենթարկած սկեսրոջ դատավճիռը բողոքարկվում է

22.02.2013

20 տարեկանում ընտանեկան բռնության ենթարկված Մարիամ Գևորգյանը պահանջում է ավելի խիստ պատիժ նախկին սկեսրոջ համար և բարոյական վնասի փոխհատուցում։ Նա դիմել է Վերաքննիչ դատարան։

Շուրջ 10 ամիս ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ամուսնու և սկեսրոջ կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է սկեսրոջ նկատմամբ նոյեմբերին կայացված դատավճիռը։

2012թ նոյեմբերի 30-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 1963թ. ծնված Հայկանուշ Միքայելյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) և 119 հոդվածով (խոշտանգում) և դատապարտեց 4 տարվա ազատազրկման։

Ընդ որում` նրա պատժի չկրած մասի 1/3-ը համաներման որոշման համաձայն կրճատվեց։

Մարիամ Գևորգյանը կարծում է, որ առաջին ատյանի դատարանի սահմանած պատիժը բավական մեղմ է այն կտտանքների համեմատ, որոնց ինքը ենթարկվել է։ Նա լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես է սկեսուրը, առանց պատճառի, տանջել իրեն՝ արդուկով այրել մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, պատառաքաղով ծակծկել թևերը, կոտրել քիթը:

Մեղադրանքի հիմքում դրված այս փաստերը սկեսուրը չի ընդունել՝ պատճառաբանելով, թե իրեն զրպարտում են, իսկ Մարիամի մարմնի վրայի սպիները հիվանդության հետևանք են։

Նմանատիպ դաժանություններ Հայկանուշ Միքայելյանը կիրառել է նաև մյուս հարսի՝ Մելինե Բայաթյանի նկատմամբ, ով Մարիամի հետ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ավելի ուշ՝ հրաժարվել բողոքից։

Դատարանի կայացրած վճռից դժգոհ է նաև բռնության Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գևորգյանը: Վերջինս հra.am -ի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկել են դատավճիռը, քանի որ Հայկանուշ Միքայելյանին դատարանը տվել է մեղմ պատիժ: Բացի այդ, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ առանց քննության է թողել իրենց քաղաքացիական հայցը, որով սկեսուրից պահանջում էին բարոյական վնասի փոխհատուցում։ Վնասն, ի դեպ, հայցվոր կողմը գնահատել է 17 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Մարիամը Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին և մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ 10 ամիս անընդմեջ ծեծի և խոշտանգումների ենթարկվելուց հետո վերադարձել է Երևան և դիմել ոստիկանություն։

Դավիթ Զիրոյանին, մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համար նա կարող էր դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման: Սակայն քննիչի որոշմամբ` նա ազատ է արձակվել` ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ նախագահի կողմից հայտարարված համաներման որոշման հիման վրա։

Ըստ մեղադրանքի՝ Հայկանուշ Միքայելյանը Մարիամ Գևորգյանին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմնային ֆալանգի փակ կոտրվածքի,գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման, ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի,իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով:

Փաստաբան Նոնա Գևորգյանը հիշեցնում է, որ Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ այլ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ և էլի մի շարք հանգամանքներով, իսկ նման մեղադրանքը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Իսկ 17 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցումը իրենք պահանջում են Մարիամի առողջությանը պատճառված վնասը վերականգնելու համար: Վերաքննիչ ատյանում հայցվոր կողմը շարունակելու է պահանջել պատժի խստացում և բարոյական վնասի փոխհատուցում։ Առաջիկա դատական նիստը նշանակված է մարտի 1-ին։

Հեղինակը՝ Գայանե Առաքելյան
Աղբյուրը՝ www.hra.am