Տեսանկյուն

Մարտիմեկյան զոհերի ծնողների հայցը դատարանը վարույթ չի ընդունել

28.02.2013

Մարտի 1-ին զոհված ութ քաղաքացիական անձինք

2008-ի մարտի մեկին զոհված Տիգրան Խաչատրյանի մոր գլխավորած «Մարտի մեկ» ՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կրթության և գիտության նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել ԵՊՀ պատմության ֆակուլտետի 14 դասախոսների հեղինակած գիրքը բուհական դասագիրք ճանաչելու մասին որոշումը: Վիճարկվում է դասագրքի 4-րդ բաժինը, որը վերաբերում է 2008-ի մարտի 1-2-ի հետընտրական զարգացումներին: Բաժինը հեղինակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Վարչական դատարանը մերժել է հայցը վարույթ ընդունել՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունն, ըստ օրենքի, իրավասու չէ այդ հարցով որպես հայցվոր հանդես գալ։ ՀԿ շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանն ասում է, որ իրենք պատրաստվում են մերժման որոշումը բողոքարկել վերաքննիչ ատյանում։

«Մարտի մեկ» ՀԿ անդամների կարծիքով՝ պատմության դասագրքում մարտիմեկյան իրադարձությունները ներկայացվել են խեղաթյուրված։ Նրանք համամիտ չեն այն ձևակերպման հետ, ըստ որի՝ մարտի մեկի 10 զոհերը հետևանք են երկկողմանի զինված հարձակումների։

«Անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել: Ջարդուփշուր արվեցին անձնական օգտագործման շուրջ 100 ավտոմեքենա, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավերվեց մերձակայքում գտնվող «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության վարչական շենքը, կողոպտվեցին խանութներ և գրասենյակներ: Ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա: Բախումների ընթացքում երկուստեք գործադրվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի` ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ: Ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվեց ոստիկանության 220 աշխատակից, 200-ից ավելի քաղաքացիական անձինք»,– գրված է դասագրքում:

Փաստաբան Վահե Հովսեփյանն ասում է, որ հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ դասագրքում առկա են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և գիրքը որպես դասագիրք երաշխավորելով՝ խախտվել են ՀՀ Սահմանադրության 14-րդ և 39-րդ հոդվածները և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը։ Այսինքն՝ ոտնահարվել է մարտի մեկի զոհերի արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների կրթության իրավունքը (չի ապահովվել բարձրագույն կրթության որակը):

2008թ. մարտի մեկին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ անակնկալի է եկել, երբ տեղեկացել է գրքի բովանդակության մասին:

«Գործը դեռևս նախաքննության փուլում է: Հայտնի է, որ իմ երեխան զոհվել է «չերյոմուխայից», իսկ ի՞նչ զենք է եղել իմ երեխայի ձեռքին: Հատուկ քննչական ծառայությունում որևէ ակնարկ անգամ չկա այն մասին, որ ցուցարարների ձեռքին զենք է եղել»,- նշում է նա:

Ալլա Հովհանիսյանի խոսքերով՝ իրենք սկզբում դատարան դիմելու մտադրություն չեն ունեցել, այլ փորձել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից պարզել, թե ինչ աղբյուրներից է օգտվել մարտիմեկյան իրադարձությունների մասին գրելիս և ինչու է նախաքննության փուլում գտնվող գործը ներառել պատմության դասագրքում:

Սակայն Պատմության ֆակուլտետի շենքը հսկող ոստիկանները մարտիմեկյան զոհերի ծնողներին թույլ չեն տվել մտնել բուհ։ Ավելի ուշ Էդիկ Մինասյանը համաձայնել է ընդունել ծնողներին։ Վերջիններս պնդել են, որ հանդիպմանը ներկա լինեն նաև լրագրողները, սակայն Մինասյանը հրաժարվել է, և հանդիպումը չի կայացել:

Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ Վարչական դատարանից մեծ ակնկալիքներ չունեն, բայց վճռական են տրամադրված ու հնարավոր բոլոր մեթոդներով պայքարելու են մինչև վերջ:

«Մեզ համար ցավալին այն էր, որ գրվածքը դասագիրք է ճանաչվել ու մատաղ սերունդը դրանով պետք է սովորի, իմանա, որ զոհերը զինված խմբավորում են եղել,- ցավ է հայտնում Հովհաննիսյանը: -Մեր պահանջը մեծ չէ, ընդամենն ասում ենք՝ սպանությունների մասին մի գրեք` հաշվի առնելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է»:

Ծնողին ցավ է պատճառում այն, որ հինգ տարի շարունակ մարտիմեկյան զոհերի ընտանիքների իրավունքները ոտնահարվում են, իսկ երբ իրենք արդարություն են պահանջում, ասում են, թե հարցը քաղաքականացնում են:

«Սկսենք այնտեղից, որ մեր երեխաների սպանությունները քաղաքական սպանություններ են: Եթե չեն ուզում, որ քաղաքականացնենք, թող օբյեկտիվ ներկայացնեն եղելությունը դասագրքերում կամ գոնե ասեն, որ դեռ նախաքննության փուլում է»,– ասում է Տիգրան Խաչատրյանի մայրը:

Նրա կարծիքով` դասագրքում մարտիմեկյան դեպքերի խեղաթյուրումը նպատակ է հետապնդում արդարացնել մեղավորներին. «Այսօր երկիրը ղեկավարում է այն իշխանությունը, որը կատարել է մարտի 1-ի սպանդը: Եվ իմանալով, որ վաղ թե ուշ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար, հող են նախապատրաստում, որ մեղավոր չեն. ցուցարարները զինված են եղել, դրա պատճառով էլ զոհեր են եղել: Եթե գործի օբյեկտիվ հետաքննություն լիներ, վստահ եմ, որ սպանությունները վաղուց բացահայտված կլինեին»:

Հ.Գ. Մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Կրթության և գիտության նախարարությունից, որը հաստատել է Նորագույն պատմության դասագիրքը: ԿԳՆ մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանը www.hra.am –ին հաղորդեց, որ քանի որ հարցը հասել է դատարան, մեկնաբանություններ կտան միայն դատարանում:

Հեղինակը՝ Հայկուհի Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am