Տեսանկյուն

Մարոյի ծնողները պահանջել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն

06.03.2013

Մարո Գուլոյանը դստեր՝ Արևիկի հետ

Ողբերգական ավարտ ունեցած ընտանեկան բռնության մի դեպքի նախաքննությունն առաջիկա շաբաթվա մեջ կմոտենա ավարտին: Խոսքը անցյալ տարվա հուլիսին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած Մարո Գուլոյանի գործի մասին է։ Ավելի քան 7 ամիս է, ինչ գործը գտնվում է նախաքննության փուլում, սակայն Մարոյի մահվան հանգամանքները դեռևս չեն բացահայտվել:

Ըստ պաշտոնական վարկածի` 21-ամյա Մարո Գուլոյանը, ով ուներ երկու տարեկան աղջիկ և երեք ամսական հղի էր, ինքնասպան է եղել (կախվել է խալաթի գոտիով)։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ծնողները, սակայն, չեն հավատում այդ վարկածին: Նրանք կարծում են, թե Մարոյին սպանել է ամուսինը` 26-ամյա Գևորգ Գուլոյանը:

Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Մարոյի ծնողների պահանջով ամիսներ առաջ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Երիտասարդ կնոջ ողբերգական մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածների մասին նրա հայրն ու մայրը պատմել են «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խմբին, որի նպատակն է հրապարակային հնչեղություն տալ ընտանեկան բռնության հերթական դեպքին և հետամուտ լինել դրա թափանցիկ և արդար քննությանը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապրող Մարոյի ընտանիքը արագ արձագանքման խմբին պատմել է, որ Մարոն ու Գևորգը ամուսնացել են սիրով, սակայն մեկ տարի համատեղ կյանքից հետո սկսվել են տհաճ պատմությունները:

Նրանց խոսքերով՝ Գևորգը խաղամոլ է եղել, որի պատճառով պարտքերի տակ է ընկել, վաճառել է կնոջ ամբողջ ոսկեղենը, Մարոյին ստիպել գումարներ գտնել: Ծնողները պատմել են, որ երբ Մարոն չի կարողացել գումար հայթայթել, ամուսինը վիճել է հետը, ծեծել է նրան։ Մարոն ցանկացել է բաժանվել, բայց չի կարողացել, որովհետև ամուսինը սպառնացել է, որ դստերը` Արևիկին, իր մոտ է պահելու:

Մարոյի հոր` Ռոման Թովմասյանի համոզմամբ՝ իր աղջիկը սպանվել է Գուլոյանների տանը, բայց նրանք «ատամներով պահում են իրենց որդուն»: «Մարոն այնքան կապված էր աղջկան՝ Արևին, այնքան հոգատար մայր էր, ոչ ոքի չէր վստահում: Սրտի տակ կրում էր երկրորդ երեխային. երեք ամսական հղի էր: Ծիծաղում էր այն մարդկանց վրա, ովքեր ինքնասպան էին լինում կամ ցած նետվում կամրջից: Վերջապես նա զանգել էր եղբորը, ասել, որ վերջ, որոշել է բաժանվել, ինչու՞ պետք է այդքանից հետո ինքնասպան լիներ: Մարոյիս վզին ոչ մի կախվածի հետք չկար, միայն մատնահետքեր էին... Գազան ամուսինը նրան խեղդել է»,- արագ արձագանքման խմբին պատմել է հայրը:

Մարոյի մայրը՝ Լինա Համբարձումյանն էլ հավելում է. «Դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է`կախվել է խալաթի գոտիով, ասում եմ` բա ո՞ւր է դրա հետքը, ասում են` փափուկ է եղել: Ամբողջ ներքին հագուստը պատառոտված էր, ասում են` դիահերձման ժամանակ է եղել, հարցնում եմ` ինչու՞ մկրատով չէին կարող կտրել... Կամ եթե կախվել էր, ինչու՞ էիք իջեցրել նրան կախված տեղից, գոտիկը արձակել… Դրա փոխարեն շտապ օգնություն կանչեիք, ոստիկանություն, մենք էլ կգայինք մեր աչքով կտեսնեինք ու կհամոզվեինք, որ կախվել էր։ Թե չէ այսքան ամիս տանջվում եմ, թե ինչի պիտի ինքնասպան լիներ երեխաս»,– արտասվելով ասում է դստեր կարուստը սգացող մայրը։

Մարոյի ծնողները նաև պատմել են, որ դեպքից մեկ օր առաջ Մարոն Արևիկի հետ իրենց տանն է եղել և պետք է գիշերն այնտեղ մնար։ Սակայն զանգել է ամուսինը:

«Մարոն մտավ ներսի սենյակից խոսեց հետը, չգիտեմ ինչ ասեց, ինչ չասեց, Մարոն սկսեց իրերը հավաքել: Հայրը ասեց` նստի տեղդ, չես գնում, նա ո՞վ է, որ զանգի ասի` նստի տաքսի, արի: Ասեց՝ «չէ՛, պապ, չեմ կարող, որ մնամ, վաղը գնամ, մեր տանը պատերազմ կլինի»: Տաքսիով ճանապարհեցինք. փոքր տղաս` Մհերը, տարավ թողեց ու եկավ: Հաջորդ օրն էլ այդ դեպքը եղավ»,- պատմել է Մարոյի մայրը:

Հոր խոսքերով մահվան օրը առավոտյան, երբ Մարոն զանգել է իրենց տուն, ձայնը տարօրինակ է եղել։ «Ասեցի, Մարո՛ ջան, ձայնդ դուրս չի գալիս, ի՞նչ է եղել: Ասեց` «պապ ջան» ու անջատեց: Եղբոր հետ էր ուզում խոսել: Դրանից մեկ ժամ հետո զանգում է նրան, բա` գործդ թող ու արի, որոշել եմ վերջնական բաժանվել: Մհերը գնում է, նստում են, խոսում ամուսնու ու ծնողների ներկայությամբ, հետո գալիս է տուն, որ երեկոյան մոր հետ գնան Մարոյին բերելու»,- պատմել է հայրը։

Ծնողները ենթադրում են, որ Մհերի հեռանալուց հետո է տեղի ունեցել ողբերգությունը, սակայն իրենց երեկոյան են ասել այդ մասին։

«Զանգեցին, ասեցին, թե երեխեն վատ էր, տարել ենք Աբովյանի հիվանդանոց: Էլ չհասկացա, երեխա ասելով ում նկատի ուներ՝ Մարոյի՞ն, թե՞ Արևիկին: Արագ հասանք հիվանդանոց: Բոլորը կանգնած էին, ասում եմ` ի՞նչ է եղել, ոչինչ չեն ասում: Զոռեցի, մտա ներս`տեսնեմ արդեն շորը քաշած երեխուս դեմքին: Վատացանք ես ու ամուսինս...»,– արցունքն աչքերին հիշում է մայրը:

Գուլոյանների ընտանիքին նախաքննության ողջ ընթացքում իրավական աջակցություն է ցուցաբերել Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Լուսինե Մինասյանը: Նա տուժողի իրավահաջորդի` Ռոման Թովմասյանի ներկայացուցիչն է։

Փաստաբանը www.hra.am-ին հայտնեց, որ նախաքննության ավարտին մնացել են մի քանի քննչական գործողություններ և փորձաքննություններ: Նախաքննության գաղտնիության, ինչպես նաև՝ Մարոյի ծնողների շահերից ելնելով փաստաբանը հրաժարվեց առայժմ որևէ տեղեկատվություն հաղորդել նախաքննության ընթացքի հետ կապված: Սակայն նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ և ամբողջ իրականությունը ներկայացնել մամուլին:

Մարոյի ծնողները հույս ունեն, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը կբացահայտի իրականությունը, և իրենց դստեր ողբերգական մահվան մեջ մեղավորը կստանա արժանի պատիժը։

Հեղինակ՝ Գայանե Առաքելյան

Լուսանկարը՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ–ի

Աղբյուրը՝ www.hra.am