Տեսանկյուն

Անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի փաստերով գործեր չեն հարուցվել

15.03.2013

Photo by hra.am

Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ–ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության շնորհանդեսը։

Ութ անչափահաս պատմել են, որ ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել

Ուսումնասիրության շրջանակում հարցազրույցներ են անցկացվել իրավախախտում կատարած 86 անչափահասների հետ (71 տղա, 15 աղջիկ)։ Սոցիոլոգ Յուլիաննա Մելքումյանը նշեց, որ երեխաները հակված չեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին պատմել, քանի որ վախենում են վրեժխնդրությունից և վստահություն չունեն համակարգի նկատմամբ։

«Հարցվածներից ընդամենը 8 հոգի են նշել, որ իրենք ոստիկանությունում ենթարկվել են ֆիզիկական բռնության։ Սակայն նրանց 51 տոկոսը լսել է այլ երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերի մասին, ներառյալ՝ ծեծ, սեռական բռնություն, հայհոյանք, ահաբեկում»,– ասաց սոցիոլոգը։

«Ինձ ոստիկանությունում ծեծել են, եղունգներս դրել են դռան տակ ու խփել, ոտներիս դուբինկայով խփել են, պիստալետը գլխիս են պահել», «Ինձ ոստիկանությունում ծեծել են, ջուր չեն տվել, երեք օր հաց չեն տվել, երկու օր զուգարան չեն թողել», «Ինձ մի ամբողջ օր պահել են ոստիկանությունում։ Քննիչի սենյակից տարել են ուրիշ սենյակ, որտեղ ինձ ծեծել են օպերլիազորները, հետո` վերադարձրել են քննիչի սենյակ: Դա մի քանի անգամ կրկնվել է: Ուզում էին, որ արձանագրությունը ստորագրեմ»,– սրանք հատվածներ են իրավախախտում կատարած անչափահասների պատմածներից։

Հարցմանը մասնակցած անչափահասների 65 տոկոսը ոստիկանությունում տեղեկացվել է իրեն ձերբակալելու կամ բերման ենթարկելու պատճառների մասին, իսկ 21 տոկոսը՝ ոչ, 52 տոկոսին բացատրվել է իր իրավունքներն ու պարտականությունները, 32 տոկոսին՝ ոչ։ Հարցվածների 33 տոկոսը նշել է, որ հարցաքննվել են առանց փաստաբանի ներկայության, իսկ 19 տոկոսի հարցաքննությանը ներկա չի եղել օրինական ներկայացուցիչը։

Քննիչների վերաբերմունքը հարցվածների 71 տոկոսը համարել է «նորմալ», 23 տոկոսը՝  «շատ քաղաքավարի», իսկ 6 տոկոսը այն համարել է «կոպիտ»։

Քրեակատարողական հիմնարկի անձնակազմի վերաբերմունքը հարցվածների 37 տոկոսը գնահատել է «շատ քաղաքավարի», 59 տոկոսը՝ «նորմալ», իսկ 3 տոկոսը նշելէ, որ ենթարկվել է նվաստացուցիչ վերաբերմունքի։

Դատավորի վերաբերմունքը, հարցվածներից 43 տոկոսի գնահատմամբ եղել է «շատ քաղաքավարի», իսկ 57 տոկոսի կարծիքով՝ «նորմալ»։

Սոցիոլոգի ներկայացրած տվյալներով՝ հարցմանը մասնակցած անչափահասների կեսը համարում է, որ իր պատիժն արդարացի է եղել, 32 տոկոսի կարծիքով՝ ո՛չ դատավորը և ո՛չ էլ պատիժը արդարացի չեն եղել, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Բուժզննությամբ արձանագրված մարմնական վնասվածքների վերաբերյալ գործեր չեն հարուցվել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Անի Ներսիսյանի խոսքերով՝ ներկայումս գործող բողոքարկման ընթացակարգն արդյունավետ չէ։

Ուսումնասիրության շրջանում հարցված ութ անչափահասները, ովքեր պատմել են ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, նշել են, որ բողոք չեն ներկայացրել։

«Պատճառները հիմնականում հետևյալն են՝ նրանք վախենում էին, որ դա կարող է վատթարացնել իրենց վիճակը, չէին հավատում, որ դա ինչ–որ արդյունք կտա, քանի որ նույն համակարգի մարդիկ են քննելու գործը, իրազեկված չեն եղել՝ ինչպես պետք է գործել նման իրավիճակում։ Եղել է նաև զավեշտալի պատասխան. անչափահասն ասել է, որ ծեծող ոստիկանն իր հորը գումար է առաջարկել, որ չբողոքի, հայրը գումարը չի վերցրել, բայցև չի բողոքել»,– նշեց Անի Ներսիսյանը։

Փորձագետը նաև ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն։

Արդարադատության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2010թ.–ից մինչև 2012թ հունիսն ընկած ժամանակահատվածում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անչափահասների նկատմամբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մասին բողոքներ չեն ստացվել։

ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած տվյալներով՝ նույն ժամանակահատվածում իրենք անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն ստացել։

Մինչդեռ, անչափահասներին քրեակատարողական հիմնարկ ընդունելիս կատարված բուժզննությամբ նրանց մոտ հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ, ինչի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ։ 2010թ.–ին արձանագրվել է մարմնական վնասվածքների 5 դեպք, 2011 թվականին՝ 10 դեպք, իսկ 2012թ.ի հունիսի դրությամբ՝ 7 դեպք։ 20 դեպքերը վերաբերել են 17 տարեկան անչափահասներին, իսկ մեկական արձանագրություններ են կազմվել 15 և 16 տարեկան երեխաների վերաբերյալ։ Բոլորը եղել են տղաներ։

«Դատախազությանն ուղարկվել է լրացուցիչ հարցում, որին ի պատասխան պարզաբանվել է, որ «Աբովյան» ՔԿՀ–ն 2011 թվականին իրենց է ներկայացվել 4, իսկ 2012-ին՝ 7 հաղորդում։ Նշվել է, որ անչափահասներն իրենց հայտարարություններում չեն նշել խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի մասին, այլ հիշատակել են միայն կենցաղային կամ այլ իրավիճակներում մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքներ»,– ասաց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

Նա նաև ընդգծեց անչափահասների գործերով զբաղվող մարմինների մասնագիտացման անհրաժեշտությունը։

«ՀՀ-ում չկան անչափահասների գործերով մասնագիտացած դատարաններ։ Դատարաններում կան որոշ դատավորներ, ում մոտ սովորաբար ուղարկվում են անչափահասների գործերը: Ժամանակ ա ժամանակ կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն սահմանափակ թվով դատավորների համար, ինչը թույլ չի տալիս ապահովել մասնագիտացած մոտեցում դատական համակարգով անցնող անչափահասների բոլոր գործերի նկատմամբ»,– կարծում է փորձագետը։

Նրա խոսքերով՝ դատախազություններում և ոստիկանության քննիչների թվում նույնպես չկան անչափահասների գործերով մասնագիտացած ստորաբաժանումներ. «Ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող հատուկ ստորաբաժանումը, որն իրականացնում է անչափահաս իրավախախտումների կանխարգելման պրոֆիլակտիկ գործունեություն, իր պարտականությունները հիմնականում կատարում է ռիսկային երեխաներին հաշվառելու ճանապարհով»,– նշում է Անի Ներսիսյանը։

Օրենսդրական խնդիրներ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց խոշտանգումների վերաբերյալ օրենսդրական խնդիրները։

Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում «խոշտանգում» տերմինի սահմանումը չի համապատասխանում խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010–2011թթ. ընթացքում անչափահասի նկատմամբ խոշտանգման և կամ դաժան վերաբերմունքի համար 119-րդ հոդվածի հիման վրա որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել։ Նույն հիմքերով դատավճիռներ չեն կայացվել նաև Քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հաղորդումները պատշաճ քննության չեն ենթարկվում։

«Խոշտանգումների վերաբերյալ բողոքների մեծ մասի հավաստիությունը ստուգում են ոստիկանության քննիչները և, մեծամասամբ, բողոքները համարվում են ոչ արժանահավատ: Դատաբժշկական փորձաքննություն կարող է նշանակվել միայն քննիչի, դատախազի որոշման հիման վրա։ Լինում են դեպքեր, երբ իրավապահ մարմինները բավական ուշ են դիմում փորձաքննության համար, ինչի պատճառով հնարավոր չի լինում բացահայտել խոշտանգման փաստը, քանի որ բռնության հետքերը վերացած են լինում»,– նշում է փորձագետը։

Զեկույցի հեղինակներն առաջարկում են, որպեսզի խոշտանգումներից տուժած անձը և նրա փաստաբանը նույնպես իրավունք ունենան դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար անմիջականորեն դիմել մասնագետին:

ՀՀում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ուսումնասիրության հայերեն և անգլերեն տարբերակները։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am