Տեսանկյուն

Հանձնաժողովը չի կանխել առանց գրանցվելու մի խումբ ծերերի «օգնող» կնոջ գործողությունները (տեսանյութ)

08.05.2013

Photo by hra.am

Երևանի ավագանու ընտրությունների օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 8/20 տեղամասում գրանցել է անընդհատ կրկնվող կուտակումներ, որոնք նույնիսկ հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո չէին դադարում:

Կեսօրին պետական համարանիշերով մի մեքենա մի խումբ ծեր կանանց է բերել ընտրության։ Նրանց ուղեկցում էր մի տարեց կին, ով ներկայացված որպես «ծերանոցի վարիչ»: Վերջինս բոլոր ծերերի հետ մտնում էր քվեախցիկ և, առանց գրանցվելու, «օգնում» բոլորին՝ նրանց փոխարեն քվեարկելով։ Երբ ՔՀԻ դիտորդն այդ մասին իր դիտարկումն է ներկայացրել հանձնաժողովի նախագահին, վերջինս պատասխանել է՝ «պետք է գրանցվի, բայց դե մեծ կանայք են»։

Հետո միջամտել է ՀՀԿ վստահված անձը և ասել, որ տարեցները ոչ ոքի չեն վստահում և թույլ չեն տալիս, որ իրենց օգնի, իսկ տեղամասում գտնվող մեկ այլ անձ (հանձնաժողովի նախագահ կամ վստահված անձ) ավելացրեց, որ այդ կինը դեռ մի խումբ ծերերի էլ է բերելու ընտրության:

Տեսանյութը՝ hra.am–ի

Աղբյուրը՝ www.hra.am