Տեսանկյուն

Կարկուտի, զբաղված պաշտոնյաների և ոչ կոմպետենտ մամուլի պատասխանատուների մասին

23.05.2013

Photo by Armenpress

Համատարած «զբաղվածության» և ոչ կոմպետենտության մեջ ոչ մի պատկան մարմին այդպես էլ տեղեկատվություն չտրամադրեց մեզ հուզող հարցերի վերաբերյալ։ Իսկ գյուղապետերը սպասում են Կառավարության որոշմանը՝ հավատալով, որ Երևանում բոլորը զբաղված են իրենց հարցերով, ավելին՝ «խնդրից տեղյակ է անգամ նախագահը»:

Մայիսի 13-ին կես ժամ անընդմեջ տեղացող կարկուտից Արմավիրի մի շարք համայքներ ահռելի վնասներ կրեցին, գրեթե ամբողջ բերքը ոչնչացավ։ Մամուլում քննարկումներ սկսվեցին այն թեմայով, թե ինչո՞ւ հակակարկտային կայանները չգործեցին, կամ եթե գործեցին, ինչո՞ւ պիտի բերքը 100 տոկոսով վնասվեր։

Մեզ հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար զանգահարեցի խնդրին առնչվող պետական կառույցներին։ Ինձ մասնավորապես հետաքրքրում էր, թե ով է պատասխանատու հակակարկտային կայանների աշխատանքի համար, մայիսի 13-ին դրանցից քանիսն են աշխատել և ինչու արդյունք չեն տվել, ինչ փոխհատուցում է տրամադրվելու գյուղացիներին և երբ:

Նախ զանգահարեցի Գյուղատնտեսության նախարարություն։ Մամուլի հետ կապերի պատասխանատուն, ով ներկայացավ որպես Անի Սմբատյան, թեմայի վերաբերյալ իրավասու որևէ պաշտոնյանի հետ հարցազրույց ունենալու իմ խնդրանքին պատասխանեց, որ նախարարն արդեն ամեն ինչ ասել է իր ելույթում, իրենք ոչ մի նոր բան չունեն ավելացնելու և, առհասարակ, իրենք իրենց գործն արել են։

Նա ասաց, որ մեզ հուզող հարցերով դիմենք Արտակարգ իրավիճակների նախարարություն, որովհետև ձևավորված հանձնաժողովի նախագահը ԱԻ նախարար Արմեն Երիցյանն է:

Ես պնդեցի, որ, ամեն դեպքում, ունեմ կոնկրետ գյուղնախարարությանը վերաբերող հարցեր, որոնք ԱԻՆ-ին չեն վերաբերում։ Անի Սմբատյանը կարճ պատասխանեց, որ հարցազրույց «հնարավոր չէ կազմակերպել» նախարարության ոչ մի իրավասու պաշտոնյայի հետ, իսկ եթե «շատ ենք ուզում», կարող ենք հարցերը գրավոր ուղարկել իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեով և մի քանի օրվա ընթացքում գրավոր կպատասխանեն:

Մեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու հույսով զանգահարեցի Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին և կրկին խնդրեցի հարցազրույց կազմակերպել որևէ պատասխանատու անձի հետ: Ինձ հետ խոսեց հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու ներկայացած Գոհար Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ նախարար Արմեն Երիցյանը մեկնել է Ժնև՝ «շատ կարևոր գործուղման», և իրենք չեն կարող ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կամ Արմավիրի կարկտահարության դեպքի վերաբերյալ որևէ բան ասել։ 

Նա ասաց, որ հակակարկտային կայանների հետ կապված հարցերին կարող է պատասխանել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենը։ Մենք խնդրեցինք նրա հետ պայմանավորվել հարցազրույցի համար: Պարզվեց՝ մի ամբողջ օր տնօրենը տեղում չէր, իսկ հաջորդ օրն առավոտյան, երբ զանգեցի Գոհար Բաղդասարյանին, նա տեղեկացրեց, որ տնօրենը նույնպես գործուղման է և հաջորդ շաբաթվա կեսերին նոր կվերադառնա։ «Իսկ նախարարությունում կամ այդ ծառայությունում չկա՞ մեկ ուրիշ պաշտոնյա, ով կկարողանա մեր հարցերին պատասխանել»,– զարմացած հարցրեցի ես։ Մամուլի հետ կապերի ժամանակավոր պատասխանատուն պատասխանեց, որ իրենց մոտ մնացած աշխատողները կոմպետենտ չեն և հարցազրույցներ տալիս է միայն ծառայության տնօրենը:

Բաղդասարյանի խոսքերով՝ ինքը չգիտի, թե քանի համայնքն ունի հակակարկտակայան և ո՞ր համայնքներն են դրանք։ Նա տնօրենից բացի չգիտի մեկ այլ պաշտոնյայի, ով տիրապետում է այդ ինֆորմացիային, այնպես որ, խորհուրդ է տալիս սպասել, մինչև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը գործուղումից վերադառնա։

Արմավիրի մարզպետարանում, որտեղ ձևավորված մարզային հանձնաժողովը հաշվարկել է վնասի չափերը, բաժնից բաժին ուղղորդվելուց և երկար բացատրելուց հետո ինձ տվեցին փոխմարզպետ Մովսես Քարդաշյանի աշխատանքային հեռախոսահամարը։ Նա նաև ձևավորված մարզային հանձնաժողովի նախագահն է: Երկու օր շարունակ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն փոխմարզպետը կա՛մ «հենց նոր» էր դուրս եկած լինում, կա՛մ տեղում չէր լինում, և աշխատողները տեղյակ չէին լինում՝ Քարդաշյանը կվերդառնա՞ աշխատավայր, թե՞՝ ոչ:

Այս համատարած «զբաղվածության» և ոչ կոմպետենտության մեջ ոչ մի պատկան մարմին այդպես էլ ժամանակ կամ ռեսուրս չգտավ մեզ տեղեկատվություն տրամադրելու կատարվող կամ կատարվելիք աշխատանքների մասին, անգամ հակակարկտային կայանների թվի կամ բաշխվածության վերաբերյալ։

Խնդրով ամենաշատ մտահոգվածը գյուղապետերն էին, ովքեր մեզ հետ զրույցում ներկայացրեցին կակուտից հետո ստեղծված իրավիճակը և ասացին, որ մեծ հույսով սպասում էին կառավարության որոշմանը։

Նրանք վստահ էին, որ Երևանում բոլորը զբաղված են իրենց հարցերով։ Նրանք հավատում են վարչապետին, ով իրենց «խոսք է տվել, որ ամեն ինչ լավ է լինելու»։ Նրանք հավատում են այս հարցով ձևավորված հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Երիցյանին, ով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում անգամ երկրում չէ, ավելին, իրենց հույս է ներշնչում նաև այն, որ «խնդրից տեղյակ է անգամ նախագահը»:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am