Տեսանկյուն

Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները՝ փակման վտանգի տակ

04.06.2013

Համայնքային վերականգնողական կենտրոնում

Փի–Էյչ ինթերնեշնլ (Project Harmony International) կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված իրավախախտ անչափահասների համայնքային վերականգնողական կենտրոնները ֆինանսների բացակայության պատճառով գտնվում են փակման վտանգի տակ: 2006 թվականից մինչ օրս դոնորների աջակցությամբ իրականացվող ծրագրի հետագա ֆինանսավորման համար կազմակերպությունը դիմել է պետական ատյաններին, սակայն երբ հերթը հասնում է լավ և օգտակար ծրագրերին, պետության ֆինանսները չեն հերիքում։

Համայնքային վերականգնողական կենտրոններ ստեղծելու գաղափարը Փի–Էյչ ինթերնեշնլ (Project Harmony International) կազմակերպությանն էր, չնայած որ տարբեր առիթներով ոստիկանությունն իրեն է վերագրում այդ նախաձեռնությունը։

Ուսումնասիրելով միջազգային փորձը, 2006-ին կազմակերպությունը ստեղծեց առաջին համայնքային վերականգնողական կենտրոնը Երևանում: Հետագայում դրանց թիվը հասավ 11–ի՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, բացի Վայոց ձորի մարզից։

Կենտրոններն աշխատում են ոչ ծանր իրավախախտում կատարած և ոստիկանությունում հայտնված երեխաների հետ։ Վերապատրաստված մասնագետները երեխաների հետ իրականացնում են սոցիալ–հոգեբանական, դաստիարակչական աշխատանքներ:

«Այն երեխաները, ովքեր ենթակա են հաշվառման, կամ դեռևս հաշվառման կարիք չկա, այլ ընդամենը հետևողականության և ուշադրության կարիք կա, որպեսզի հետագայում լուրջ իրավախախտում չգրանցվի, ոստիկանությունը այդ երեխաներին տալիս է հնարավորություն, որպեսզի մեր վերականգնողական կենտրոնների հետ աշխատեն: Այսինքն՝ նրանց չեն հաշվառում և ավելի մեղմ վերաբերմունք են, կարծես, դրսևորում երեխայի հանդեպ, քանի որ այլ պարագայում նրանք պետք է մեկ տարի մնային ոստիկանության վերահսկողության տակ»,- ասում է Փի–Էյչ ինթերնեշնլի հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։

2006 թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում աշխատանք է տարվել 680 անչափահասների հետ, որոնցից 638-ը հաջող ելքով են ավարտվել, մնացած 42 դեպքը կա՛մ ընթացքի մեջ են, կա՛մ կասեցվել են անհաջող աշխատանքների պատճառով և անչափահասի հետ աշխատանքներ է տարել տեղի ոստիկանությունը:

Վերականգնողական կենտրոնները ստեղծվել են համայնքային կազմակերպությունների մարդկային և նյութական ռեսուրսների հենքի վրա: Ծրագրին աջակցում է ՀՀ ոստիկանությունը՝ առաջին անգամ իրավախախտում կատարած անչափահասներին ծնողների համաձայնության դեպքում ուղղորդելով համայքնային վերականգնողական կենտրոններ։

Մինչ 2013թ. մարտ ամիսը ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը: 2011-2013 թվականներին համայնքային վերականգնողական կենտրոններին ֆինանսական աջակցություն է տրամադրել նաև ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը՝ Յունիսեֆը։

Յունիսեֆը կշարունակի զուտ խորհրդանշական ֆինանսավորում հատկացրել այս պահին գործող 9 կենտրոններին մինչև տարվա վերջ, որպեսզի անչափահասներին համապատասխան ծառայություններ տրամադրվեն, իսկ դրանից հետո վերականգնողական կենտրոնների ճակատագիրն անհայտ է։

Որոշ համայնքներ աջակցում են կենտրոնների աշխատանքին։ Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանը տրամադրել է տարածք, իր վրա է վերցրել կենտրոնի աշխատողների աշխատավարձերի վճարումը։ Ճամբարակի քաղաքապետարանը համաֆինասավորում հատկացրել տեղի ՀՎԿ-ներին։ Սակայն դա, ըստ Մարտիրոսյանի, բավարար չէ։

«Վերջին տարիներին մենք բանակցություններ ենք վարել ֆինանսավորման ձեռք բերման համար տարբեր պետական մարմինների հետ՝ նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների: Տարբեր կենտրոններ որոշակի աջակցություն ստանում են, բայց որևէ ստանդարտ, կայուն ֆինանսավորում, պետական աջակցություն, որ բոլոր ՀՎԿ-ները ստանան, չկա»,– ասում է Մարիամ Մարտիրոսյանը:

Պատճառաբանությունները սուղ ֆինանսներն են, սակայն դա, Մարտիրոսյանի խոսքերով, արդարացված չէ։

«Բոլոր երկներում էլ ֆինանսների պակասը կա, բայց պետք է մի բան մտածել։ Օրինակ, հարևան Վրաստանը շատ ավելի ուշ սկսեց ծրագիրը՝ մեր հաջողությունները տեսնելով, բայց այնտեղ արդեն պետական ծրագիր է ներդրվել, իրավական դաշտում համապատասխան փոփոխություններ են արվել, մինչդեռ մենք շարունակում ենք աշխատել ընդամենը պայմանագրով ոստիկանության հետ կնքված։ Այսինքն՝ դա ընդամենը ժամանակավոր գործիք է, եթե ծրագիրն ավարտվեց, պայմանագիրն էլ է ուժը կորցնում»,– նշում է Փի–Էյչ ինթերնեշնլի հայկական գրասենյակի տնօրենը։

Համայնքային վերականգնողական կենտրոնների հետագա գործունեության մասին խոսեցինք նաև Արդարադատության նախարարության ներկայացուցչի հետ:

Նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ իրենք շատ բարձր են գնահատում այս ՀՎԿ–ների դերը, սակայն պետությունը բավական միջոցներ չունի այս ծրագիրը ֆինանսավորելու համար:

Նա հավելեց, որ 2014 թվականից Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության շրջանակներում իրենք անպայման կներգրավեն այս ծրագրի աշխատակիցներին՝ հաշվի առնելով նրանց փորձը։

Պարզ է, որ պրոբացիոն ծառայության ներդրման և կայացման համար երկար ժամանակ կպահանջվի։

Եթե վերականգնողական կենտրոնները դադարեն գործել, ապա ի՞նչ է լինելու կենտրոն հաճախող անչափահասների հետ։ Հավանաբար նրանցով կշարունակի զբաղվել ոստիկանությունը՝ իր ավանդական մեթոդներով:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am