Տեսանկյուն

Մեղադրական վճիռ՝ ոստիկանությունում բռնության ենթարկված երիտասարդի գործով

10.06.2013

Photo by hra.am

Դատարանը մեղավոր է ճանաչել և գրեթե առավելագույն պատժի է դատապարտել Ռոբերտ Հովսեփյանին, մինչդեռ, պաշտպանի պնդմամբ, նրա մեղքն ապացուցող որևէ ուղիղ ապացույց չկա։ Դատարանը հիմնվել է միայն ոստիկանության նախկին աշխատակցի ցուցմունքի վրա։

2013թ. մայիսի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Պապոյանի նախագահությամբ կայացրեց վճիռ, որով Ռոբերտ Հովսեփյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1 կետի համաձայն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով 230.000 դրամ ընդհանուր արժողությամբ իրեր գողանալու համար:

Մեղադրական ճառում դատախազը պահանջեց Ռ.Հովսեփյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ազատազրկման՝ մեղսագրվող արարքի կատարման մեջ ամբաստայալի մեղքը հիմնավորված և ապացուցված համարելով: Նշենք, որ այս հոդվածով նախատեսված պատիժը 4-8 տարի ազատազրկում է:

Մեղադրանքը հիմնավորող ապացույցների թվում դատախազը նշել է Ռ.Հովսեփյանի խոստովանական ցուցմունքը, որը նա տվել է որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ։ Մինչդեռ Հովսեփյանը և նրա պաշտպանը պնդում են, որ այդ ցուցմունքը կորզվել է բռնությամբ և օրենքի խախտումով, ինչի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել երկու օպերլիազորների դեմ։

Հովսեփյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը իր պաշտպանական ճառում խնդրեց արդարացնել իր պաշտպանյալին՝ համոզված լինելով, որ Հովսեփյանի մեղքը դատարանում չի ապացուցվել: Մասնավորապես, պաշտպանը ընդգծեց, որ Ռ.Հովսեփյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 2012թ. հոկտմբերի 3-ին և բռնության և սպառնալիքների արդյունքում, պաշտպանի բացակայությամբ հարցաքննվել է և խոստովանել է 7 դրվագով գողություն կատարելու մեջ: Սակայն բերման ենթարկելու և հարցաքննության արձանագրությունները ձևակերպվել են 2012թ. հոկտեմբերի 4-ով:

Ոստիկանների կողմից գործադրված բռնության արդյունքում Ռոբերտը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք արձանագրվել են ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխելուց հետո կատարված զննության ժամանակ:

2012թ. դեկտեմբերի 18-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի նկատմամբ՝ լիազորությունների անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու կապակցությամբ:

Այս պահին գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Պաշտպանը նաև հիշեցրեց, որ չնայած Հովսեփյանը խոստովանել է, որ կատարել է 7 տարբեր գողություններ, սակայն 2012թ. դեկտեմբերին նախաքննական մարմինը 6 դրվագով քրեական հետապնդումը դադարեցրել է՝ ապացույցների բացակայության հիմքով:

Պաշտպանը նշեց, որ հարցաքննության արձանագրությունը պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց և դատավճռի հիմքում չդրվի, քանի որ այն ձեռք է բերվել օրենքի խախտմամբ:

Պաշտպանը նաև կատարել է մասնավոր հարցում և պարզել, որ քրեական գործում նշված ընթերական` Գոհար Համայակի Թադևոսյանը, գոյություն չունի, թեև նա, ըստ գործի նյութերի, մասնակցել է զանազան քննչական գործողությունների և մի շարք արձանագրություններում առկա են նրա անունը և ստորագրությունը։

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում առկա է ընթերակայի հաստիք, որն, ի պաշտոնե, զբաղեցնում է ՀՀ-ում գոյություն չունեցող անձ՝ Գոհար Համայակի Թադևոսյանը»,– դատաանում նշեց Սարգիս Խաչատրյանը:

Այն փաստը, որ նման ընթերակա չի եղել մի շարք գործողություններ իրականացնելիս, հաստատեցին նաև տուժողները և վկա Ալբերտ Գևորգյանը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ գործողությունները նույնպես կատարվել են օրենքի խախտմամբ՝ պաշտպանը խնդրեց այդ արձանագրությունները (առգրավման և ճանաչման ներկայացնելու) նույնպես անթույլատրելի համարել:

Պաշտպանը դեռ նախաքննության ժամանակ միջնորդել էր, որ Քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև՝ վկա Ալբերտ Գևորգյանի հեռախոսային վերծանումներն ուսումնասիրվեն։ Միջնորդությունը մերժվել էր, սակայն մեկ այլ՝ Հովսեփյանին բռնության ենթարկելու համար օպերլիազորների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նման վերծանումներ առկա են:

Այդ վերծանումներից պարզ է դառնում, որ Հովսեփյանին ձերբակալելուն նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ոստիկաններն ակտիվ հեռախոսակապ են ունեցել վկա Ալբերտ Գևորգյանի հետ։

Վերջինս որպես վկա դատարանում հարցաքննվելիս պնդեց, որ այդ ոստիկաններին չի ճանանչում, սակայն լրացուցիչ հարցաքննության ժամանակ ցուցմունքը փոխեց և չբացառեց, որ կարող էր հեռախոսակապի մեջ գտնվել օպերլիազորների հետ՝ իր բնակարանից գողություն կատարելու փաստի կապակցությամբ:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Հովսեփյանին ի սկզբանե մեղսագրվող գողություններից մեկը տեղի է ունեցել հենց վկա Գևորգյանի բնակարանից: Նշվեց նաև, որ վկա Գևորգյանը հենց նույն՝ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում աշխատել է մինչ 2003 թ.:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ պաշտպանը խնդրեց վկա Գևորգյանի ցուցմունքը նույնպես համարել ոչ արժանահավատ և չդնել դատավճռի հիմքում:

Պաշտպանը հիշեցրեց նաև, որ վկա Գևորգյանի պնդմամբ՝ «Ստար» բարում տեղադրված է տեսաձայնագրման համակարգ, որը պետք է որ ֆիքսեր Հովսեփյանի կողմից գողացված համակարգիչը Գևորգյանին վաճառելու փաստը: Սակայն, անհայտ պատճառներով, այդ տեսագրությունը չի առգրավվել, չի ուսումնասիրվել և գործում առկա չէ:

Վերջին խոսք ասելու իրավունքից օգտվելիս Ռոբերտ Հովսեփյանը կրկնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանը, հաշվի առնելով ներկայացված ապացույցները, համարեց, որ «քրեական գործով ձեռք չի բերվել որևէ օբյեկտիվ տվյալ, որը կարող էր կասկածի տակ դնել վկա Ալբերտ Գևորգյանի ցուցմունքների արժանահավատությունը», իսկ ամբաստանյալի մեղավորությունը լիովին ապացուցված է:

Դատարանը նշեց, որ Ռոբերտ Հովսեփյանի անձը դրականորեն բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ սույն գործում առկա չեն, միևնույն ժամանակ հավելեց, որ պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքները կատարելու ռեցիդիվը, քանի որ Հովսեփյանն ունի չմարված դատվածություն:

Փաստորեն, վճիռը կայացնելիս դատարանը հիմնվել է վկա Գևորգյանի այն ցուցմունքի վրա, որում վերջինս պնդել է, որ Հովսեփյանից գնել է սպիտակ գույնի համակարգիչ և այդ համակարգիչը հետագայում հանձնել է ոստիկանությանը:

Հովսեփյանի մեղքն ապացուցող այլ ուղիղ ապացույցներ առկա չեն, այդ թվում՝ նաև մատնահետքերը կամ դեպքին անմիջապես ականատես որևէ վկայի ցուցմունք:

Չի իրականացվել նաև քննչական փորձարարություն՝ ստուգելու, թե արդյոք նախաքննության մարմնի կողմից ենթադրված ճանապարհով հնարավոր էր բնակարան մուտք գործել և հեռանալ:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Հեղինակը՝ Աննա Մելիքյան

Աղբյուրը՝ www.hra.am