Տեսանկյուն

Պետությունից ակնկալում են խոշտանգումների կանխարգելման լուրջ ծրագրեր

28.06.2013

Photo by hra.am

Հունիսի 27-ին կայացավ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված` «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք-2013» խորագրով համաժողովը։

Համաժողովը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ), «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ՄԱԿ-ի կողմից հռչակված՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Խոշտանգումների ավանդույթը, որը ստեղծվել է մեր երկրում դեռևս վաղ խորհրդային ժամանակներից, հնարավոր չէ հաղթահարել ոստիկանապետի մեկ հայտարարությամբ կամ մի քանի ոստիկաններ դատապարտելով: Մենք ակնկալում ենք պետությունից ծրագրային լուրջ մոտեցում, որպեսզի բոլոր շահագրգիռ կառույցներն ունենան իրենց հստակ գործողությունների ցանկը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել խոշտանգումները: Մենք ներկայացրել ենք առաջարկություններ ծրագրի վերաբերյալ և պատրաստ ենք իշխանության բոլոր թևերի հետ քննարկել դրանք, եթե իրապես առկա է նման ցանկություն»,– համաժողովի բացման խոսքում նշեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսին օմբուդսմենը հանդես կգա խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի միջանկյալ հաշվետվությամբ և զեկույցով կներկայացնի 2013թ. առաջին եռամսյակի ընթացքում պաշտպանի և մի շարք ՀԿ–ների համագործակցությամբ փակ և կիսափակ հաստատություններ կատարած 133 այցելությունների արդյունքները:

Այցելությունները կատարվել են քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալվածների պահման վայրեր, հոգեբուժարաններ, մանկատներ, զորամասեր և այլն:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը նշեց, որ օրենսդրական դաշտում «խոշտանգում» հասկացության հստակեցված չլինելու պատճառով գոյություն չունի վիճակագրություն, թե Հայաստանում քանի անձ է խոշտանգման ենթարկվել և քանիսն են պատժվել խոշտանգումներ կիրառելու համար։

«Հիշենք նաև, խոշտանգումը ոչ միայն քրեորեն պատժելի երևույթ է, այլ նաև՝ խոշտանգման ենթարկվածն ունի վերականգնման իրավունք, որն անքակտելի իրավունք է: Դրա համար մենք ոչ միայն պետք է կանխարգելենք խոշտանգումը, այլ նաև խոշտանգման ենթարկվածներին պետք է օգնենք վերականգնվել»,– հավելեց նա:

Առաջարկություններ խոշտանգումների կանխարգելման համար

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք նախորդ օրը կազմակերպված պիկետների ժամանակ պաշտոնական նամակով հանձնվել էին շահագրգիռ պետական մարմիններին՝ ՀՀ ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, Վճռաբեկ դատարանին, Հատուկ քննչական ծառայությանը, Ազգային ժողովին և Արդարադատության նախարարությանը:

Կազմակերպություններն առաջարկում են համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում՝ խոշտանգումների հոդվածը համապատասխանեցնելով ՄԱԿ-ի կոնվենցիային:

Իրավաբանի այն դիտարկմանը, որ Քրեական օրենսգրքի 119 հոդվածը (խոշտանգումները) չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված «խոշտանգում» եզրույթին, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ 119-րդ հոդվածը թեև կոչվում է «խոշտանգում», սակայն ՄԱԿ-ի Խոշտանգումների կոնվենցիայում նշված «խոշտանգում» հասկացության հետ կապ չունի: Այն արտահայտում է «կտտանքներ» երևույթը, չի ենթադրում խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից կոնկրետ նպատակով։

Ուստի դատախազը սխալ և ձևական համարեց 119 հոդվածը փոփոխելը և կոնվենցիայով սահմանված «խոշտանգում» հասկացությանը համապատասխանեցնելը:

«ՄԱԿ-ի կոնվենցիայում տրված խոշտանգման երևույթի սահմանման առումով մենք չունենք առանձին օրենք: Այդ երևույթի կանխարգելումը կարգավորվում է այլ տարբեր հոդվածների միջոցով»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ պաշտոնատար անձանց, մասնավորապես ոստիկանների կողմից բռնությունների գործադրման համար 2012թ.–ին 43 գործով նյութեր են նախապատրաստվել, բայց հարուցվել է երկու քրեական գործ, որոնցից մեկը կարճվել է, մյուսը (երկու օպերլիազորների դեմ հարուցված գործը) ուղարկվել է դատարան և ներկայումս գտնվում է դատավարության փուլում։ Այդ գործից կա անջատված մաս, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է:

«Եթե անցած տարվա ընթացքում նման բնույթի 43 նյութեր էր նախապատրաստվել, ապա այս տարի, թեև տարին դեռ չի ավարտվել, մենք արդեն ունենք մոտավորապես նույն քանակի գործեր՝ այս պահի դրությամբ 41 դեպք: Հարուցված է 3 քրեական գործ, որոնց նախաքննությունը շարունակվում է»,– նշեց Նադիրյանը։

Իսկ ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանի հարցին, թե վերջին երկու տարիների ընթացքում հարկադրաբար ցուցմունք կորզելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 341 հոդված) քանի՞ գործ է հարուցվել, ՀՔԾ պետի տեղակալը պատասխանեց, որ վերջին երկու տարիներին այդ հոդվածով գործեր չեն հարուցվել։ «Եթե չեմ սխալվում, նման գործ վերջին անգամ հարուցվել է 2008 կամ 2009 թվականներին, բայց վերջին երկու տարիներին չի եղել»։

Այլ կերպ են ընկալում «խոշտանգում» եզրույթը

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև ՔՀԻ կողմից պատվիրված՝ խոշտանգումների մասին հասարակության տեղեկացվածության վերաբերյալ սոցիալական հարցման արդյունքները:

Հարցումներն անց են կացվել հեռախոսով և դրանց համաձայն՝ հասարակության մի ստվար զանգված սխալ է պատկերացնում «խոշտանգում» հասկացությունն առհասարակ:

Հարցին, թե լսե՞լ եք խոշտանգման դեպքերի մասին ոստիկանությունում, «այո» պատասխանն էր տվել հարցվածների 49.9%–ը, իսկ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի մասին լսել էր 51.2%–ը:

Վերջին տվյալը վրդովմունք առաջացրեց համաժողովին ներկա Քրեակատարողական վարչության ներկայացուցչի մոտ: «Վերջին մի քանի տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարված խոշտանգման դեպքի մասով քրեական գործ չի հարուցվել։ Ո՞րն է հարցման իմաստը, եթե նախադեպ չունենք»,– արձագանքեց նա։

ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը պարզաբանեց, որ եթե քրեական գործ չի հարուցվել, դա դեռ չի նշանակում, որ խոշտանգումը բացառված է ՔԿՀ–ում։ «Եվ, կարծում եմ, այս հարցումը ձեզ համար պետք է շատ օգտակար լիներ ու հետաքրքրեր գոնե այն առումով, որ սկսեիք մտածել, թե ինչո՞ւ է հասարակությունը քրեակատարողական համակարգի մասին այդպես մտածում»,– հավելեց Դանիելյանը:

Քրեակատարողական վարչության մեկ այլ աշխատակից՝ Գայանե Հովակիմյանը նշեց, որ հարցման արդյունքը մտահոգիչ է, խոսում է այն մասին, որ ինչ–որ խնդիրներ կան, և իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն այդ կարծրատիպը փոխելու համար։

Խորհրդաժողովն ավարտվեց, սակայն, կազմակերպիչների խոսքերով, պայքարը խոշտանգումների դեմ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք առանց խոշտանգումների Հայաստան:

«Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք-2013» համաժողովը կազմակերպվել էր Եվրամիության և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am