Տեսանկյուն

Արձանագրել են հաստատություններում ապրող երեխաների իրավունքների խախտման դեպքեր

03.07.2013

ՀՀ ԿԳՆ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբն արձանագրել է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը դեռևս լիովին կայացած չէ, ունի ռեսուրսների լուրջ պակաս, որով էլ պայմանավորված է երեխաների իրավունքների ոչ լիարժեք պաշտպանությունը երկրում։ Հատկապես մեծ ուշադրության կարիք են զգում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։

Դիտորդական խումբը 2012թ.-ի ապրիլ–հուլիս ամիսներին մշտադիտարկում է իրականացրել ոչ միայն ԿԳՆ ենթակայության տակ գտնվող 8 հատուկ դպրոցներում, այլ նաև՝ մարզպետարանների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող հատուկ հաստատություններում՝ խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ 7 հաստատություններում և 4 մանկատներում (ընդհանուր առմամբ՝ 19 հաստատություն ՀՀ ողջ տարածքում)։

Մշտադիտարկման արդյունքները ներկայացվեցին հուլիսի 3-ին։

«Բոլորիս համար պարզ է, որ երեխայի գտնվելու լավագույն տեղը ընտանիքն է, եթե դրա հնարավորությունը կա։ Կարող են լինել բացառություններ, երբ դա հնարավոր չէ։ Այդ դեպքում պետք է ապահովել հնարավորին չափ ընտանիքին մոտ միջավայր, որտեղ երեխան կստանա խնամք և դաստիարակություն»,– նշեց հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Մշտադիտարկման խմբի ղեկավար Վարուժան Սեդրակյանը, ներկայացնելով արձանագրված խնդիրները, նշեց, որ կենցաղային բնույթի թերացումները հաստատությունների ղեկավարները երբեմն շտկում են արագ՝ դիտորդական խմբի նկատառումները հաշվի առնելով, սակայն կան համակարգային, գլոբալ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնում են չլուծված։

Դրանցից է, օրինակ, երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը։

«Հատուկ հաստատություններում գտնվող երեխաները, ովքեր հատուկ խնամքի և վերականգնողական բուժման կարիք ունեն, այդ ծառայությունները չեն ստանում։ Հաստատություններում չկան վերականգնողական սենյակներ, որոնք անհրաժեշտ գույքով ապահովված լինեն և մասնագետներ, որոնք կաշխատեն երեխաների հետ։ Նման հնարավորություն ունի միայն հենաշարժական խնդիրներով երեխաների դպրոցը, մնացած դպրոցներում դա բացակայում է, ինչը բացասաբար է ազդում երեխաների առողջության վրա»,– նշեց Սեդրակյանը։

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Աննա Հարությունյանն էլ նկատեց, որ երեխաների նկատմամբ բռնությունը Հայաստանում լուրջ խնդիր է, և բռնության ենթարկվելու ռիսկը կրկնակի անգամ ավելի մեծ է հաստատություններում, որտեղ երեխաները մեկուսացված են հասարակությունից, և խնդիր հայտնաբերումը դառնում է ավելի դժվար։

Ըստ Աննա Հարությունյանի՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրված որոշ փաստեր հիմք են տալիս կարծելու, որ հաստատություններում երեխաների հանդեպ կիրառվում են բռնություններ, այդ թվում՝ երեխաներին ծեծելու, պիտակավորելու, վիրավորելու միջոցով, սննդից զրկելու սպառնալիքով կամ հատուկ սենյակում մեկուսացնելու ձևով:

Մշտադիտարկման խումբը հայտնաբերել է նաև երեխաների իրավունքների խախտումներ կրթության և զարգացման, բարեկեցության և անվտանգության, ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի ապահովման ոլորտում։

Մշտադիտարկման զեկույցում տեղ գտած խնդիրներին www.hra.am –ը ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am