Տեսանկյուն

Հաստատություններում երեխաների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն

29.07.2013

Երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական և խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբն իր տարեկան հաշվետվությունում նշում է, որ ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգը դեռևս լիովին կայացած չէ, ունի ռեսուրսների լուրջ պակաս, որով էլ պայմանավորված է երեխաների իրավունքների ոչ լիարժեք պաշտպանությունը երկրում: Հատկապես մեծ ուշադրության կարիք են զգում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները:

Նախ և առաջ, մշտադիտարկման խումբը 3 միլիոն բնակչություն ունեցող ազգի համար, որտեղ դեռևս առկա են ամուր ընտանեկան և ազգային ավանդույթներ, անընդունելի է համարել 10 մանկատուն (6 պետական, 4 մասնավոր), խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և 23 հատուկ դպրոց ունենալը՝ 4000-ից ավելի սաներով:

Այս հաստատությունների ծանրաբեռնվածության պատճառներից մեկը, որը բացահայտվել է աշխատակազմի հետ անցկացրած հարցազրույցներում, երեխաների թվով ֆինանսավորումն է։ Աշխատակիցներից շատերը նշել են, որ նոր ուսումնական տարվա սկզբում իրենց առջև պահանջ է դրվում հաստատություն բերել առնվազն երկու գիշերող երեխա, եթե ցանկանում են պահպանել իրենց աշխատատեղերը:

Համաձայն դիտորդական խմբի զեկույցի՝ վերոնշյալ հաստատություններում գտնվող երեխաների գրեթե բոլոր իրավունքները գոնե մասամբ ոտնահարված են Հայաստանում:

Երեխաների բարեկեցության և անվտանգության ապահովման իրավունք

Այլընտրանքային խնամքի հաստատություններում լիովին ապահովված չեն երեխաների կենսական պահանջներին և պետության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան բնակության պայմաններ և անվտանգություն, ինչը կարևոր է երեխաների բնականոն աճի և զարգացման համար:

Հաստատությունների շենքային պայմաններն անբավարար են։ Մանկատներից միայն 3–ի շենքային պայմաններն են բարվոք վիճակում, քանի որ վերջերս են վերանորոգվել: Իսկ, օրինակ, Գյումրիում գտնվող թիվ 3 հատուկ դպրոցը մինչ օրս տեղակայված է տնակային պայմաններում, չունի համապատասխան հարմարություններ:

Հաստատությունների մեծամասնությունը հարմարեցված չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների համար. չկան թեքահարթակներ, վերելակներ, հարմարեցված զուգարաններ:

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ բավական վատ վիճակում են գտնվում հաստատությունների զուգարանները, լոգարաններում չկա սառը և տաք ջուր, բացակայում են հիգիենայի պարագաները, ցնցուղների քանակը անբավարար է, շատ դեպքերում լոգարանների դռները փակի տակ են լինում։

Մշտադիտարկման խումբը մտահոգված է ոչ միայն լոգարանների վիճակով, այլև՝ երեխաների հիգիենայի նկատմամբ աշխատակազմի անտարբերությամբ: Վերանորոգված և մաքուր լոգարան ունենալը դեռ բավարար չէ ասելու, որ հիգիենան պահպանվում է, ինչի ապացույց են հաստատությունների հոտը, երեխաների անխնամ վիճակը:

Մյուս խնդիրը, որ գրանցել է դիտորդական խումբը, մեկ ննջասենյակում քնող երեխաների քանակն է։ Ըստ չափորոշիչների՝ 6 մահճակալի համար նախատեսված ննջասենյակում տեղակայված է եղել մինչև 12 մահճակալ (oրինակ՝ Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց):

Իսկ Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցում սենյակներում լուսավորություն չի եղել։ Հաստատության տնտեսուհին և բուժքույրը մեկնաբանել են, որ դա արվել է երեխաների անվտանգության համար, քանի որ նրանք կարող են լինել անկառավարելի, առանց հասկանալու կոտրել լապտերները և վնասել իրենց։

Երեխաների առողջության պահպանման իրավունք

Հատուկ հաստատություններում լիարժեքորեն չի իրացվում երեխաների՝ պետության կողմից սահմանված բուժօգնության իրավունքը: Մասնավորապես, խախտվում է երեխաների պարբերաբար բժշկական ստուգում անցնելու իրավունքը, բուժման ընթացքի լիարժեքությունը, բացակայում է համապատասխան մասնագետների մոտ զննվելու հնարավորությունը:

Օրինակ՝ դիտարկված հաստատություններից 8-ում հարցվողների պատասխաններից ակնհայտ էր, որ երեխաները պարբերաբար բուժզննում են անցնում պոլիկլինիկաներում, սակայն մնացած 11-ի դեպքում հակասական պատասխաններ են տվել բուժզննումների և դրանց պարբերականության մասին: Իսկ Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում երեխաները հաստատությունում, ինչպես նաև՝ տեղի պոլիկլինիկայում երբեք որևէ զննություն չէին անցել:

Երեխաների՝ ծնողներին ճանաչելու և ընտանիքի հետ կապ պահպանելու իրավունք

Հատուկ կամ խնամքի հաստատություններում ոչ լիարժեքորեն է իրագործվում երեխայի՝ ընտանիքի հետ կապը պահելու իրավունքը, քանի որ ոչ բոլոր երեխաների համար է ապահովված ծնողների հետ հանդիպումը կամ պարբերական այցելությունները տուն:

Դիտարկված երեք տիպի հաստատություններից մանկատների երեխաները հիմնականում չեն այցելում ընտանիքներ, իսկ հատուկ դպրոցներում երեխաները հիմնականում ստանում են ցերեկային խնամք:

Դիտարկումից ընդհանուր առմամբ պարզ է դարձել, որ ծնողները քիչ են այցելում երեխաներին: Հաստատություններում հիմնականում չկան այցելությունների համար նախատեսված հատուկ սենյակներ և գրանցամատյաններ: Ֆիքսված հեռախոսակապ առկա է բոլոր հաստատություններում, բայց այլ խնդիր է դրա հասանելիությունը երեխաների համար։  Հեռախոսները հիմնականում տեղակայված են տնօրենի, փոխտնօրենի կամ անձնակազմի մեկ այլ աշխատակցի սենյակում, որտեղ հնարավոր չէ պահպանել խոսակցության գաղտնիությունը։

Երեխայի՝ բռնությունից պաշտպանված լինելու իրավունք

Մշտադիտարկումը ցույց է տվել, որ հաստատություններում երեխաները լիովին պաշտպանված չեն ցանկացած տեսակի բռնությունից՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, անտեսումից, նվաստացնող պատիժների կիրառումից։ Ընդ որում՝ բռնությունները տեղի են ունենում և կիրառվում են հաստատություններում՝ երեխա-երեխա, մեծահասակ-երեխա հարաբերություններում:

Հաստատությունների աշխատակիցների հետ զրույցներում հաճախ հնչել են հետևյալ արտահայտությունները. «Առաջ ավելի կոպիտ էի, հիմա չէ» , «Հիմա ֆիզիկական պատիժներ չեմ կիրառում» և այլն: Եվ չնայած գրանցված առաջընթացին՝ այնուամենայնիվ, երեխաների բռնություններից պաշտպանված լինելու իրավունքը ակնհայտորեն խախտված է:

Բռնություններին կամ պատիժներին վերաբերող հարցերին տրված պատասխաններում հաստատությունների անձնակազմի և երեխաների կարծիքները հակասում են միմյանց:

Ըստ անձնակազմի անդամների՝ ամենադաժան պատիժը հաստատությունում կարող է լինել անկյուն կանգնեցնելը: Սակայն, եթե նայում ենք երեխաների պատասխաններին, պատկերը կտրուկ փոխվում է: Օրինակ՝ երեխաները նկարագրում են «մազերը փետրելու», փայտով ծեծելու, քանոնով, կոշիկով խփելու դաժան դեպքեր: Ընդ որում, դաստիարակները հստակ չեն գիտակցում բռնությունը՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես երեխաների սխալ արարքների, վատ պահվածքի համար պատժամիջոցներ:

Ցավալի է նաև այն  փաստը, որ երեխաները, խոսելով բռնության մասին, դրանք որակում են որպես սեփական վատ արարքների՝ չլսելու, չարություն անելու համար «արդար և հանուն իրենց օգտի կիրառված» դաստիարակչական միջոցներ:

Դիտարկված հաստատություններից 16-ում որպես պատիժ օգտագործված մեթոդները թույլ են տվել հստակ արձանագրել բռնության առկայությունը: Երեխան անընդհատ վախի մեջ է, որը ամենադաժան բռնությունն է, այսինքն՝ երեխան անընդհատ հոգեբանական ճնշված վիճակում է:

Մասնավորապես, երեխաների կողմից նշվել են բռնության հետևյալ դրսևորումները՝ մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնել, ապտակել, քանոնով մատներին հարվածել, հրել, քաշքշել, ծեծել, վիրավորել, պիտակավորել, մեկուսացնել, արհամարհել և այլն:

Գավառի հատուկ դպրոցում հարցված երեխաներից առնվազն 11-ը դիտորդներին պատմել է բռնության դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել իրենց ընկերների հետ:

Ընդհանուր մշտադիտարկումից պարզ է դառնում, որ երեխա-երեխա հարաբերություններում որոշ դեպքերում նույնպես գրանցվում են բռնության դեպքեր:

Երեխայի կրթության և զարգացման իրավունք

Կրթական իրավունքի խախտումները հիմնականում արձանագրվել են հատուկ դպրոցներում, որտեղ հատուկ կարիքներով երեխաները ստանում են միջնակարգ և մասնագիտական կրթություն:

Հատուկ կարիքներով երեխաների համար լիարժեքորեն ապահովված չէ կրթական իրավունքի իրագործումը՝ նրանց անհատական պահանջմունքներին համապատասխան: Անհատական ուսուցման պլանները կրում են ձևական բնույթ։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am