Տեսանկյուն

Ոստիկաններն ի՞նչ սկզբունքով են հսկում հասարակական կարգը (Լուսանկարներ)

14.08.2013

Պիկետ դատարանի առջև, 14,08,2013թ.

Հարց է առաջանում՝ ոստիկաններն ի՞նչ սկզբունքով են որոշում, թե ո՞ր ակցիան պետք է վերահսկվի, իսկ որը՝ ոչ, որի՞ դեպքում կարող է խախտվել հասարակական կարգը կամ «Հավաքների մասին» օրենքի դրույթները, որի՞ դեպքում՝ ոչ: Միթե՞ օրենքը հավասար չէ բոլորի համար: Եվ ինչպե՞ս է լինում, որ ի պաշտպանություն ոստիկանների կազմակերպված ակցիայի մասնակիցները կարող են փակել դատարանի շենքի մուտքը, իսկ խոշտանգող ոստիկանների դեմ բողոքողները՝ ոչ:

Օգոստոսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու մեջ մեղադրվող օպերլիազորներ՝ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործով դատական նիստը: Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով, ով դատարանին տեղեկացրել էր, որ վատառողջ է:

Մինչև նիստի սկսելը դատարանի առջև մոտ 50-60 հոգի պիկետ էին կազմակերպել՝ «Ազատե՛ք անմեղ ոստիկաններին», «Պահանջում ենք արդար վճիռ» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով: Սակայն հետաքրքիր է, որ հավաքի անցկացման տարածքում չկար և ոչ մի ոստիկան՝ հասարակական կարգը հսկելու և պահպանելու նպատակով:

Մինչդեռ նույն գործով հունիսի 26-ին անցկացված նիստի ժամանակ, երբ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ-ի 15 ակտիվիստների կողմից կազմակերպված ակցիաների շրջանակում, երբ դատարանի շենքի առջև անցակցվում էր պիկետ՝ խոշտանգող ոստիկաններին բացահայտելու և պատժելու կոչերով, հավաքը հսկում էին մի խումբ ոստիկաններ:

Ընդ որում, ոստիկանները ակցիայի մասնակիցների կողքին էին ակցիայի ողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ, իսկ դատարանի առջև նրանց միացան նաև մի խումբ դատական կարգադրիչներ: Նրանք ակցիայի մասնակիցներին կարգադրում էին դատարանի շենքի մուտքը չփակել, որոշակի հեռավորություն պահպանել ոստիկանության շենքի առջև պիկետ անցկացնելիս:

Հիշեցնեմ և շեշտեմ, որ ակցիայի մասնակիցների թիվը հունիսի 26-ին չէր գերազանցում 15-ը: Իսկ այսօր՝ 50 հոգուց ավելի մասնակիցներով պիկետը հսկող ոչ մի ոստիկան չկար: Ցուցարարները փակել էին դատարանի մուտքը՝ խոչընդոտելով այլոց ելումուտը:

Հարց է առաջանում՝ ոստիկաններն ի՞նչ սկզբունքով են որոշում, թե ո՞ր ակցիան պետք է վերահսկվի, իսկ որը՝ ոչ, որի՞ դեպքում կարող է խախտվել հասարակական կարգը կամ «Հավաքների մասին» օրենքի դրույթները, որի՞ դեպքում՝ ոչ: Միթե՞ օրենքը հավասար չէ բոլորի համար: Եվ ինչպե՞ս է լինում, որ ի պաշտպանություն ոստիկանների կազմակերպված ակցիայի մասնակիցները կարող են փակել դատարանի շենքի մուտքը, իսկ խոշտանգող ոստիկանների դեմ բողոքողները՝ ոչ:

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Ստորև՝ լուսանկարներ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը կազմակերպված պիկետից, 26.07.2013թ.

Աղբյուրը՝ www.hra.am