Տեսանկյուն

Իշխանությունները պետք է խնդիրների լուծումը փողոցից տեղափոխեն այլ հարթակներ

09.09.2013

Photo by hra.am

«Այսօր հասարակական հետարքրքություն ներկայացնող խնդիրների լուծման հարթակը դարձել է փողոցը»,– սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Նրա խոսքերով՝ այս իրավիճակին հանգեցրել է այն, որ իշխանություններն, առանց հանրային լսումներ անցկացնելու կամ հանրության կարծիքը հարցնելու, կայացնում են հասարակական հետաքրքրություն ներկայացնող որոշումներ, և դրանք հնարավոր է լինում փոխել միայն բողոքի փողոցային ակցիաների միջոցով, որովհետև բողոքի այլ՝ քաղաքակիրթ տարբերակները արդյունքի չեն բերում։

«Եթե նամակով կամ այլ ձևով փորձում ես բարձրաձայնել ինչ–որ խնդիրների մասին, դու անտեսվում ես։ Իշխանությունը սկսում է ինչ–որ ձևով արձագանքել քո բարձրացրած խնդիրներին, երկխոսության փորձ սկսել միայն այն ժամանակ, երբ փողոց են դուրս գալիս երիտասարդների խմբեր, ինչ–որ պահանջներ են ներկայացնում, մեկ–մեկ, նույնիսկ, ագրեսիվ ձևով են դա անում»,– նշում է Կիրակոսյանը։

Որպես օրինակ, նա նշում է Մաշտոցի պուրակում կրպակներ տեղադրելու որոշումը և տրանսպորտի թանկացման որոշումը։

«Կարող ենք դա կոչել խոսքի ազատություն, բայց խոսքի ազատությունը ենթադրում է, որ ասողին պետք է լսող լինի։ Եվ չպետք է լինի այնպես, որ եթե շատ բարձր ես գոռում փողոցում, կարողանում ես հավաքել 100 մարդ ու ինտելիգենցիայի մի քանի ներկայացուցիչ, ապա հնարավոր է, որ հաջողության հասնես»,– հավելում է ՔՀԻ խորհրդի նախագահը։

Նրա կարծիքով՝ առնվազն տարօրինակ է, որ իշխանությունները, փոխանակ մտածեն, թե ինչպես փողոցում ընթացող գործընթացները բերեն նորմալ երկխոսության դաշտ, արձագանքում են, թե «ինչ լավ է, մեզ մոտ քաղաքացիական հասարակություն է ձևավորվել»։

Փողոցային ակցիաները, ըստ Արտակ Կիրակոսյանի, հանգեցրին մեկ այլ վտանգավոր միտումի, որը եղավ Փակ շուկայի դեպքում. «Կոնֆլիկտի մյուս կողմը մտածեց՝ մենք ինչո՞ւ չդիմենք նույն մեթոդին։ Եվ եթե այսպես շարունակվեց, երկու կողմի փողոցային առճակատումը կարող է բերել ծեծկռտուքների»։

ՔՀԻ խորհրդի նախագահի կանխատեսմամբ՝ բողոքի ընթացիկ ալիքները մարելու միտում չունեն, հակառակը, դրանց կմիանան նոր մարդիկ՝ ամեն մեկն իր խնդիրը հետապնդելով։

«Իշխանություններն առայժմ տիրապետում են իրավիճակին, և այնքան ազդեցություն ունեն, որ տեղի ունեցող բռնությունները կարող են դատապարտել նույնիսկ Սամվել Ալեքսանյանի շուրթերով, եթե դրա կարևորությունը զգան։ Սակայն, իմ կարծիքով, վտանգները ճիշտ չեն գնահատում»,– նշում է նա։

Իսկ վտանգն, ըստ Կիրակոսյանի, այն է, որ իրավիճակը, վաղ թե ուշ, հանգելու է նրան, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառելու փողոց դուրս եկած ցուցարարների վրա։

Այս իրավիճակում, ՔՀԻ խորհրդի նախագահի կարծիքով, իշխանությունը պարտավոր է մեխանիզմներ ստեղծել երկխոսությունը փողոցից քաղաքակիրթ քննարկման դաշտ բերելու, որտեղ հնարավոր կլինի այդ խնդիրներին լուծում տալ։

«Եթե ոչ, ապա շատ վտանգավոր վիճակում ենք հայտնվելու, որովհետև երկու կողմում էլ կան պրովոկատորներ, սակայն տուժողները, ամենայն հավանականությամբ, լինելու են ոչ թե պրովոկատորները, այլ՝ ցույցերի խաղաղ մասնակիցները և, գուցե, այն սրտացավ մարդիկ, ովքեր, իսկապես, Փակ շուկայի համար են պայքարում։ Եվ այդ ժամանակ թացն ու չորը իրարից չեն տարբերվելու»,– կանխատեսում է Արտակ Կիրակոսյանը։

Երկխոսության դաշտ ստեղծելու և իշխանություն–հասարակություն կոնֆլիկտը լուծելու հարցում նա կարևորում է նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, սակայն այդ մարմինն այսօր, ըստ Կիրակոսյանի, դարձել է «սովորական իրավապաշտպան կազմակերպություն, որն ինչ–որ հարցեր է բարձրացնում և տեղ–տեղ ավելի փոքր հաջողության է հասնում, քան մյուս հասարակական կազմակերպությունները։

Աղբյուրը՝ www.hra.am