Տեսանկյուն

Ավելի խիստ պատիժներ կսահմանվեն սեռական հանցագործների համար

19.09.2013

Ազգային ժողովը քննարկում է և շուտով կընդունի Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խստացվում են սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատիժները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013 թվականի առաջին կեսին Հայաստանում գրանցվել է սեռական բնույթի հանցագործության 59 դեպք, 2012-ին նմանատիպ հանցագործությունների թիվը եղել է 105, իսկ 2011թ.ին գրանցվել է 71 դեպք։

Փորձագետների կարծիքով՝ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ սեռական հանցագործություններն ունեն թաքնված բնույթ։ Բացի այդ՝ Քրեական օրենսգիրքը բավական մեղմ պատժամիջոցներ է սահմանում նմանատիպ հանցագործությունների համար, որոնք, հատկապես, կատարվել են անչափահասների նկատմամբ։

2010թ.-ին Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ մշակվեց ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ՝ «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» գլխի փոփոխությունների և լրացումների նախագիծ։ Կազմակերպությունը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, որ սեռական բնույթի հանցագործությունները պետք է դիտարկվեն որպես ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ, հատկապես եթե կատարվել են անչափահասի նկատմամբ, և սեռական բնույթի հանցագործություն կատարած անձի նկատմամբ տուգանքը որպես պատիժ կիրառելն անընդունելի է։

2013թ. սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Այն նպատակ ունի խստացնել սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատիժը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը։

Առաջիկայում կլինեն նոր լսումներ և, հեղինակների կանխատեսմամբ, մինչև տարեվերջ փոփոխությունները կընդունվեն և կմտնեն ուժի մեջ։

Քրեական օրենսգրքի 18-րդ գլխում առաջարկվող փոփոխությունները

ՔՕ–ում փոփոխությունների նախագծով առաջարկվում է անչափահասի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը սկսել տուժողի 18 տարին լրանալու պահից: Դա նշանակում է, որ սեռական բռնության ենթարկված անչափահասը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ տարիներ անց՝ չափահաս դառնալուց հետո։

Այդպես է պահանջում ԵԽ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունների դեմ պայքարի կոնվենցիան»՝ հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների մեծ մասը կամ չեն գիտակցում իրենց հետ կատարվածը, կամ, գտնվելով խոցելի վիճակում, վախից, ամոթից չեն խոսում դրա մասին։

Նախագծով փոփոխություններ են նախատեսվում 18-րդ գլխի բոլոր հինգ հոդվածներում։ Խստացվել են պատժաչափերը, լրացվել է ծանրացուցիչ հանգամանքների ցանկը։

Հոդված 138–ի (բռնաբարությունը) և 139–ի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասերը լրացվել են հետևյալ ծանրացուցիչ հանգամանքներով. նույն գործողությունը, որը կատարվել է՝

• ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

• կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

• կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից,

• զուգորդվել է անձի առևանգմամբ կամ անձին ազատությունից ապօրինի զրկելով։

ՔՕ 138 և 139 հոդվածների 2-րդ մասով նախատեսված գործողությունների համար պատժաչափը մնացել է նույնը՝ 4-10 տարի ազատազրկում։

Նույն հոդվածների 3-րդ մասերը նույնպես փոփոխության են ենթարկվել։ Ավելացվել է 1-ին կետը և ազատազրկման տեսքով պատժին գումարվել է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ժամանակավոր զրկելը։

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Խստացվել է Քրեական օրենսգրքի 140–րդ հոդվածով (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) նախատեսված պատժաչափը։ Նվազագույն պատիժը կլինի ոչ թե տուգանք, այլ՝ 1-3 տարվա ազատազրկում։ Ավելացվել է «նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ» դրույթը, որով նախատեսված պատիժը 5-12 տարվա ազատազրկում է։

Այս դրույթը, ըստ փորձագետների, քննչական մարմիններում կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում, քանի որ գործող օրենսդրությամբ 140–րդ հոդվածն ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան բռնաբարության կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածները և նախաքննության ընթացքում արարքը վերաորակելու դեպքում բռնարարը կարող է ստանալ ավելի մեղմ պատիժ։

«Հատկապես անչափահասների հետ կապված՝ մենք փորձել ենք ստեղծել պատժողական այնպիսի համակարգ, որպեսզի թե՛ նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, և թե՛ անձը ստանա արժանի պատիժ։ Դրա համար մենք 140-րդ հոդվածում նախատեսեցինք երկրորդ մաս, որը վերաբերում է տասնվեց տարին չլրացած անձին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, և պատիժը սահմանեցինք նույնքան խիստ, որքան բռնաբարության կամ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածներով»,– ՔՕ 140–րդ հոդվածի պատժաչափերի խստացումն այսպես է մեկնաբանում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Հոդված 141–ով նախատեսված արարքը (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) գործող օրենսգրքով պատժվում է 100.000-250.000 դրամ տուգանքով կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով՝ այս հոդվածը լրացվել է ծանրացուցիչ հանգամանքներով, որոնք նախատեսում են 4-10 տարի ազատազրկում և 5-12 տարի ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելով կամ առանց դրա:

Նույն կերպ խստացվել է նաև հոդված 142–ով (անառակաբարո գործողությունները) նախատեսված պատիժը, որը ծանրացուցիչ հանգամանքների դեպքում նախատեսում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելով կամ առանց դրա: Այս հոդվածը նախատեսում է խստացված պատիժ նաև «էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ» (համացանցի) կատարվող անառակաբարո գործողությունների համար:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am