Տեսանկյուն

Նոր են հասկանում իրենց «գլխի գալիքը». կենսաթոշակային բարեփոխումներ

06.12.2013

Photo by panarmenian.net

2014 թվականի հունվարից մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիները (1974թ. հունվարի մեկից հետո ծնված անձինք) պետք է միանան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Դա նշանակում է, որ նրանք պետք է կենսաթոշակային ֆոնդում բացված իրենց անհատական հաշվին ամեն ամիս կուտակեն իրենց եկամտի 10 տոկոսի չափով գումար, որի մի մասը վճարվում է պետական բյուջեից։ Կուտակված գումարը կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո, որոշակի հավելումներով, պետք է վճարվի նրանց որպես կենսաթոշակ: Նոր համակարգը դժգոհությունների առիթ է դարձել. մարդիկ բողոքում են, որ պետությունն իրենց պարտադրում է գումար կուտակել և ընտրության հնարավորություն չի տալիս, մյուս կողմից՝ նրանք չեն վստահում այն ֆոնդերին, որոնք պետք է տնօրինեն իրենց խնայողությունները։ 

Կենսաթոշակային համակարգի այս փոփոխությունը կատարվել է երեք տարի առաջ։ 2010թ. ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը և 2011 թվականից ներդրվեց կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը, փաստացիորեն, չգործեց։ Իսկ 2014 թվականից այն կամավոր է շարունակում մնալ միայն 40-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ մինչև 40 տարեկանների համար դառնում է պարտադիր։

Արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են բողոքի տարբեր ակցիաները կուտակային համակարգը պարտադիր դարձնելու որոշման դեմ։

Կենսաթոշակային կուտակային համակարգը պարտադիր դարձնելու դեմ են արտահայտվում նաև խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունները։ Վերջիններիս առաջարկով՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում քննարկվեց կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու առաջարկը, որը 46 «կողմ» և 54 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժվեց։ «Դեմ» քվեարկողները ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ էին։

«Մարդիկ նոր են հասկանում՝ իրենց գլխին ինչ է գալու»

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը hra.am- ի հետ զրույցում հստակեցրեց, որ իրենք դեմ են առաջարկվող պարտադիր կուտակային բաղադրիչին և պահանջում են մեկ տարով հետաձգել, որպեսզի իրենց հնչեցրած խնդիրների լուծման տարբերակներ առաջարկվեն և դրվեն հանրաքվեի։ ՀՅԴ–ն, որպես խնդրի լուծում, առաջարկում է երկու տարբերակ՝ կամավոր կուտակային կամ պայմանական կուտակային համակարգի ներդրում։

«Կամավոր կուտակային համակարգի դեպքում ամբողջ մեխանիզմը կառուցվում է քաղաքացու կամավոր ցանկության վրա՝ ստեղծելով համակարգում խրախուսման տարրեր։ Օրինակ՝ կամավոր կուտակելու դեպքում տրվում են հարկային արտոնություններ, թույլատրվում է մինչև 15 տոկոս եկամտից փոխանցումներ կատարել կամավոր կենսաթոշակային ֆոնդերին։ Բացի դա, կամավոր կուտակած գումարի օգտագործման թույլտվություն քաղաքացու սոցիալական այլ ռիսկերի ի հայտ գալու դեպքում, դա կլինի հիվանդություն, մասնագիտական ուսուցման անհրաժեշտություն, գործազրկությունից պաշտպանություն և այլն։

Պայմանական կուտակային համակարգի դեպքում գումարի տնօրինողը, պատասխանատուն պետությունն է՝ ի դեմս Կառավարության, և այդ գումարներն օգտագործվում են Հայաստանի տնտեսության զարգացման գործին։ Զուգահեռ վարվում է հաշիվների համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու փոխանցումը, ըստ իր աշխատավարձի, կֆիքսվի, և որքան շատ է փոխանցում նա, հետագայում ստանում է ավելի բարձր թոշակ։ Այս համակարգը լայնորեն օգտագործվում է եվրոպական երկրներում»,– լուծման իրենց տարբերակն է առաջարկում պատգամավորը։

Նրա կարծում է, որ երկրորդական խնդիր է, թե կուտակային ֆոնդերը պետք է կառավարվեն տեղակա՞ն, թե՞ միջազգային կազմակերպությունների կողմից կամ որ կառավարիչներն են ավելի վստահելի։ Նրա գլխավոր մտահոգությունն այն է, որ, ըստ օրենքի, կուտակված դրամական միջոցները տեղաբաշխվելու են եվրոպական շուկաներում։

«Այսինքն՝ գումարը Հայաստանից դուրս է գալիս և չի ծառայում ՀՀ տնտեսության զարգացմանը, արտագաղթի պատճառ հանդիսացող աշխատատեղերի բացակայության խնդրի լուծմանը։ Խնդիրը սա է։ Այդ միջոցները, որոնք ազգային խնայողություն են, պետք է ծառայեն մեր տնտեսության հզորացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, արդարության հաստատմանը։

Իսկ իրենց առաջարկած մոդելը ծնում է ռիսկեր՝ ֆինանսները տեղաբաշխելով դրսում, նպաստում է առկա վիճակի ամրապնդմանը՝ գործազրկության բարձր մակարդակ, աղքատության բարձր ցուցանիշ, տնտեսության մենաշնորհային վիճակ։ Մյուս խնդիրը. մարդիկ մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ չունեն, որպեսզի վերլուծեն և ընտրություն կատարեն, թե որ արժեթղթերում ներդրումներ անեն։

Առաջարկվող համակարգը փաստացի զրկում է ժողովրդագրական վիճակը բարեփոխելու ֆինանսական հնարավորություններից, օրինակ՝ կինը երբ երեխա է ունենում և գնում է երեխայի խնամքի արձակուրդի, այդ ընթացքում նրա անունով որևէ վճարում չի արվում։ Արդյունքում ստացվում է, որ կինը պետք է ընտրություն կատարի, հիմա՞ երեխա ունենա, թե՞ հետաձգի այդ որոշումը։ Սոցիալ–տնտեսական ներկա պայմաններում, նախընտրում է հետաձգումը, ինչը դեմոգրաֆիական խնդիրներ է ստեղծում»,– ըստ Արծվիկ Մինասյանի՝ սրանք են առաջարկվող համակարգի հիմնական ռիսկերը։

Պատգամավորը կանխատեսում է, որ որքան գնա, այնքան ավելի մեծ թափ է հավաքելու կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր լինելուն դեմ արտահայտվող քաղաքացիական շարժումը, որովհետև մարդիկ նոր են հասկանում, թե «իրենց գլխին ինչ է գալու»։

Խորհրդարանի ոչ իշխանական չորս խմբակցությունների հաջորդ քայլը լինելու է Սահմանադրական դատարան դիմելը։

Ի՞նչ է ենթադրում կուտակային կենսաթոշակային համակարգը

Հայաստանում ներկայումս գործում է, այսպես կոչված, «սոցիալական համերաշխության» սկզբունքի վրա հիմնված բաշխողական կենսաթոշակային համակարգ: Այսինքն` աշխատողների աշխատավարձերից գործատուները պետական բյուջեին են փոխանցում սոցիալական ապահովության պարտադիր վճարներ, որոնց հաշվին կենսաթոշակ են ստանում թոշակառուները։

Նոր` պարտադիր կուտակային համակարգով, եկամուտ ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կուտակում են՝ ամեն ամիս եկամտի մի մասը փոխանցելով կենսաթոշակային ֆոնդի իրենց անհատական հաշվին, նրանց հաշվին գրեթե նույնքան գումար է փոխանցվում նաև պետական բյուջեից։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը նախատեսում է, որ այդ խնայողությունները կուտակային ֆոնդերի կառավարիչները ներդնելու են արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով և դրանցից ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային անհատական հաշվին: Այսինքն` անձը կենսաթոշակի անցնելուց հետո պետք է ստանա ավելի շատ գումար, քան կուտակել է իր աշխատելու ընթացքում:

Կուտակային վճարները ամսական կազմում են հիմնական եկամտի 10%–ը։ Մինչև 500.000 դրամ եկամուտ ունեցող անձը պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը ապահովելու համար մնացած 5%-ը վճարվում է պետական բյուջեից։

500.000 դրամը գերազանցող եկամուտ ունեցող անձի համար պետական բյուջեից կատարվող ամսական վճարը կազմում է առավելագույնը 25.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարում է տվյալ անձը։

Օրինակ՝ եթե անձը ստանում է 800.000 դրամ աշխատավարձ, ապա նա պետք է վճարի 55.000 դրամ. պետությունը փոխանցում է 25.000 դրամ, և 10 տոկոս (80.000 դրամ) կուտակելու համար նա ինքն է լրացնում պակասող գումարը։

Իսկ 40 տարեկանից բարձր կենսաթոշակառուների թոշակը, ովքեր կամավոր կերպով չեն միացել կուտակային համակարգին, շարունակելու է հաշվարկվել ներկայումս գործող բանաձևով` հիմնական կենսաթոշակին գումարած փոխհատուցում ապահովագրական ստաժի յուրաքանչյուր տարվա համար:

Օրենքը նախատեսում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Այսինքն՝ եթե անձը կամավոր որոշել է անցնել կուտակային համակարգին, ապա նա իրավունք չունի փոխելու որոշումը և վերադառնալու նախկին համակարգ` անկախ աշխատանքի փոփոխության կամ աշխատանքից ազատվելու փաստից:

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ մինչև 2014թ. հունվարը քաղաքացիներն իրենք պետք է ընտրեն այն կենսաթոշակային ֆոնդը, որին վստահում են իրենք խնայողությունների կառավարումը։ Սահմանված ժամկետում ընտրություն չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է տվյալ անձանց պատահականության սկզբունքով բաշխելու բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև համամասնորեն և անհապաղ գրավոր տեղեկացնելու այդ մասին, ինչպես նաև՝ կենսաթոշակային ֆոնդը կամ դրա կառավարչին փոխելու իրավունքի մասին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործադրմանը մնացել է մեկ ամսից ավելի քիչ ժամանակ, սակայն մարդիկ հրաժարվում են պայմանագրեր կնքել։

«Դեմ եմ» նախաձեռնող խումբը դեկտեմբերի 3-ին ՀՀ նախագահին նամակ է հղել, որին միացել է Հայաստանում գործող 70 ընկերությունների 2964 աշխատակից և 1230 անհատ: Բողոքի ալիքը գնալով ավելի մեծ թափ է հավաքում և խոսակցություններ են շրջանառվում, որ «պարտադիր» բաղադրիչի կիրառումը կարող է հետաձգվել՝ օրենքի լիարժեք կիրառումն ապահովելու համար։ Թե ինչ ճակատագիր կունենա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ցույց կտա միայն ժամանակը։

Հեղինակներ՝ Շուշաննա Սիրականյան
Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am