Տեսանկյուն

Կանանց իրավունքները Հայաստանում 2013-ին

26.12.2013

Photo by hra.am

2013թ. սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մերժումը ՀՀ կառավարության կողմից։ Կողմ լինելով նման օրենք ունենալու գաղափարին՝ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախագծին՝ հիմնավորելով, որ այն հակասում է այլ օրենքների և այդ տեսքով չի կարող կիրառվել։ Նախագիծը մշակման փուլում էր արդեն մի քանի տարի։ Օրենսդրական փաթեթը մշակող աշխատանքային խմբում ընդգրկված էին թե՛ պետական կառույցների, թե՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եվ Կառավարության բացասական եզրակացությունը վրդովեցրեց կանանց հարցերով զբաղվող կազմակերպություններին, որովհետև, նրանց կարծիքով, եթե կային հակասություններ այլ օրենքների հետ, այդ մասին կառավարությունը պետք է բարձրաձայներ օրենքի մշակման փուլում, և իրենք համատեղ ուժերով կփորձեին խնդրին լուծումներ գտնել։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը կազմված է յոթ հասարակական կազմակերպություններից, հայտարարեց, որ իրենք շարունակելու են պայքարը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման ուղղությամբ։ Առանձին օրենք ունենալու կարևորությունը նրանք հիմնավորում են նրանով, որ պետությունը պետք է սահմանի ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցություն ցուցաբերելու իրավական մեխանիզմներ, այդ թվում՝ բռնության ենթարկված կանանց համար ժամանակավոր ապաստարանների հիմնում Երևանում և մարզերում։ Ներկայումս ՀԿ–ների աջակցությամբ գործում է ընդամենը մեկ ապաստարան, որը շատ ծանրաբեռնված է:

ՀԿ–ներն արձանագրում են, որ տարեցտարի շատանում է այն կանանց թիվը, ովքեր բարձրաձայնում են, որ ընտանեկան բռնության են ենթարկվում։ Իրավական խորհրդատվություն և աջակցություն տրամադրող կազմակերպությունների գնահատմամբ՝ կանայք Հայաստանում, ավելի իրազեկ են դարձել և պատրաստ են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել տարբեր ՀԿ-ների:

2013թ-ին «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն արձանագրել է ընտանեկան բռնության 16 դեպք, որոնցից 6-ն ավարտվել են կնոջ մահով, իսկ 8-ը՝ ֆիզիկական բռնությամբ: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ–ն տարվա ընթացքում թեժ գծի միջոցով ստացել է 1344 ահազանգ, որոնցից 473–ը վերաբերել է ֆիզիկական, իսկ 261-ը՝ հոգեբանական բռնության դեպքերի։

Չնայած «Ընտանեկան բռնության մասին» օրենքը չընդունվեց, սակայն տարեսկզբին ՀՀ ոստիկանությունում ստեղծվեց Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն:

2013թ.–ին Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում կարևորագույն իրադարձություններից է մայիս ամսին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունումը, որը շրջանառության մեջ էր արդեն մի քանի տարի։ Օրենքը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, նրանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը։

Տարակարծություններ առաջացան օրենքում տեղ գտած «գենդեր» եզրույթի շուրջ, որը մեկնաբանվում էր իբրև անձի ձեռքբերովի սեռ և օրենքը պիտակավորվում էր որպես միասեռականություն քարոզող փաստաթուղթ։ Օրենքի վերաբերյալ հակաքարոզչություն էր ծավալում հիմնականում «Համահայկական ծնողական կոմիտեն», որի նպատակն էր հետ կանչել օրենքը։

Թեժ քննարկումները հանգեցրին նրան, որ Կառավարությունն առաջարկել օրենքից հանել «գենդեր» եզրույթը և դրա սահմանումը, սակայն թողնել «գենդերային հավասարություն», «գենդերային խտրականություն» հասկացությունները։ ԱԺ–ն փոփոխությունների քննարկման առաջարկը հետաձգեց մինչև հաջորդ նստաշրջանը։

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության երկու աղմկահարույց դեպքեր՝ Մարո Գուլոյանի և Հասմիկ Խաչատրյանի (բախտագուշակ Վարսիկի հարսը) գործերը, դեռ ընթացքի մեջ են և կշարունակվեն նաև մյուս տարի։ Ոչ պակաս աղմուկ բարձրացրած մեկ այլ գործով էլ հարսին՝ Մարիամ Գևորգյանին խոշտանգելու համար դատապարտված Հայկանուշ Միքայելյանը 2013–ին համաներմամբ ազատ արձակվեց:

Քանի որ չկա «Ընտանեկան բռնության մասին» առանձին օրենք, չկա նաև պաշտոնական վիճակագրություն՝ Հայաստանում քանի կին է տարեկան բռնության ենթարկվում կամ քանի բռնարար է դատապարտվում։ Բռնության դեպքերը որակվում են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ մարմնական տարբեր աստիճանների վնասվածք հասցնելը, ծեծը, խոշտանգելը և այլն, հետևաբար հնարավոր չէ տարանջատել, թե դրանցից քանիսն են ընտանեկան բռնության արդյունք, քանիսը՝ ոչ։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am