Տեսանկյուն

Մարդու իրավունքները Հայաստանում 2013-ին. խոշտանգումներ և վատ վերաբերմունք

09.01.2014

Photo by PhotoLur

2013 թվականի ընթացքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ուշադրության կենտրոնում են եղել դատապարտյալների պահման պայմանների և խոշտանգողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը:

2013թ. հուլիսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ), որպես Ազգային կանխարգելման մեխանիզմ, հրապարակեց միջանկյալ զեկույց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների և դատապարտյալների իրավունքների վերաբերյալ:

Համաձայն զեկույցի՝ քրեակատարողական հիմնարկների ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ գերբնակեցումը։ Զեկույցում նշված է, որ առկա պայմաններն ազատազրկված անձանց պատժի կրումը դարձնում են նսեմացուցիչ, ինչը լրջորեն խոչընդոտում է անձի ուղղումը ու վերափոխումը: Բացի այդ, անձնական տարածության խիստ նվազեցումը հանգեցնում է ագրեսիայի և բռնության դրսևորումների աճին: Պաշտպանը նաև նշել է, որ համակարգը կարող է պայթել, որովհետև առկա վատ պահման պայմաններին գումարվում են դատական համակարգի անկատարությունը, պատժի վերանայման անկատար համակարգը, անտարբերությունը։

Ըստ զեկույցի, գերբնակեցման խնդիրը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներին, սակայն դրանց մեջ պահման ամենավատ պայմաններով առանձնանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային որոշումները՝ պաշտպանը այդ պայմանները հավասարեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախատեսված է 840 պահման տեղ, սակայն մշտադիտարկման պահին արձանագրվել է 1184 դատապարտյալ: Խցերը հիմնականում 25 քմ են, որտեղ բնակվում է 17 դատապարտյալ, մինչդեռ մահճակալների թիվը 10-12 է և դատապարտյալները քնում են հերթափոխով: Հատկանշական է, որ անգամ նման պայմաններում ՄԻՊ-ի փորձագիտական խորհուրդը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրել է խցեր, որտեղ պահվում են քիչ թվով դատապարտյալներ՝ «զոն նայողներ», քրեական հեղինակություններ, նախկին պաշտոնյաներ:

Հրատապ է շարունակում մնալ նաև խոշտանգումների խնդիրը: 2013 թվականին ՀՀ են այցելել խոշտանգումների կանխարգելման երկու ամենակարևոր կառույցների՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի և Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությունները:

Չնայած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բազմիցս հնչեցվել է, որ ոստիկանության համակարգում բռնությունը և խոշտանգումները այլևս բացառված են, 2013 թվականին ոստիկանության համակարգում շարունակել են արձանագրվել խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքեր:

ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի կարծիքով՝ ոստիկանը խոշտանգում է, որովհետև հանցագործության բացահայտման այլ մեթոդ չգիտի:

Արման Դանիելյանի համոզմամբ՝ խոշտանգումների առկայությունը թույլ չի տալիս, որպեսզի ոստիկանական համակարգում զարգանա մասնագիտական պատրաստվածությունը, որովհետև իմաստ չունի մասնագիտորեն լավ ոստիկան լինել, եթե խոշտանգողն ավելի արագ և ավելի շատ քանակով գործեր է «բացահայտում» և հայտնի չէ, թե այդ բացահայտումների քանի տոկոսն է իրական:

Խոշտանգման կիրառման պրակտիկան խրախուսվում է նաև դատարանների գործունեությամբ. եթե անգամ ամբաստանյալները հայտարարում են, որ նախաքննության ընթացքում արված խոստովանական ցուցմունքը կորզվել է խոշտանգման միջոցով, դատարանները, գերակշռող դեպքերում, առանց պատշաճ քննության դրանք արժանահավատ չեն համարում, դնում են վճռի հիմքում՝ համարելով նման հայտարարությունները որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց: Նման մոտեցումը միայն ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը ոստիկանության համակարգում:

Պետք է արձանագրել, որ 2013 թվականին, այնուամենայնիվ, աննշան դրական տեղաշարժ է արձանագրվել խոշտանգումների ենթարկելու համար պատժի կիրառման համատեքստում:

2013 թվականին մեկ վճիռ է կայացվել խոշտանգման ենթարկելու փաստով: Խոսքը Ռոբերտ Հովսեփյանին խոշտանգած երկու օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի մասին է: Մի քանի ամիս տևած դատավարությունից հետո 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Սակայն խոշտանգումների դեմ պայքարողների ոգևորությունը երկար չտևեց, քանի որ դատարանը խոշտանգող ոստիկանների նկատմամբ կիրառեց համաներման մասին որոշումը և դատարանի դահլիճից նրանց ազատ արձակեց: Այդ կապակցությամբ ՔՀԻ-ն հայտարարություն տարածեց և հիշեցրեց ՀՀ իշխանություններին, որ համաձայն ՄԻԵԴ-ի դիրքորոշման՝ խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ դա ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված սկզբունքների բացահայտ խախտում էր, ՀՀ գլխավոր դատախազությունն անգամ չբողոքարկեց այդ վճիռը՝ համարելով այն հիմնավորված և օրինական: Մինչդեռ նման պրակտիկան նույնպես նպաստում է անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Խոշտանգումների համար պատասխանատվության ենթարկելու համատեքստում դրական կարելի է գնահատել այն, որ ՄԻԵԴ–ը 01.02.2013թ. վերջնական վճռով բավարարել է «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» բողոքը՝ փաստելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածի խախտում։ Դատարանը հաստատված է համարել, որ Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների, ապօրինի պահվել է անազատության մեջ և խախտվել է նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը։ ՄԻԵԴ–ը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն ինչպես ըստ բովանդակության, այնպես էլ՝ ըստ դատավարական իրավունքի և պարտավորեցրել է ՀՀ-ին Վիրաբյանին վճարել 31.000 եվրո, որի մեծ մասը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

2013 թվականի ապրիլին Խոշտանգումների դեմ պայքարի համատեքստում մեծ աղմուկ հանեց Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին Երևանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը: Վերջինիս անունը մեկ անգամ չէ, որ շոշափվել է ոստիկանությունում տեղի ունեցող ծեծի և բռնությունների համատեքստում։ Ավելին, ՄԻԵԴ-ի կողմից բավարարված՝ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործում խոշտանգող ոստիկանի մասին խոսելիս օգտագործված է Աշոտ Կարապետյանի անվան սկզբնատառերի հետ համընկնող սկզբնատառեր՝ Ա.Կ.: Այդ հանգամանքը, ինչպես նաև Վիրաբյանի կողմից ուղղակիորեն Աշոտ Կարապետյանի հասցեին հնչեցված մեղադրանքները, մտահոգվելու տեղիք են տալիս:

Աշոտ Կարապետյանի անունը հիշատակվել է նաև 2013թ. նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Դատավարության ժամանակ Հարություն Սարգսյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն, ինչպես նաև՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը իրեն ենթարկել են խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ պատմելով դատարանին, թե ինչպես են վերջիններս իրեն ծեծի ենթարկել: Երկարատև պայքարի և բողոքարկումների արդյունքում միայն Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանին հաջողվեց հասնել նրան, որ Սարգսյանին ծեծի ենթարկելու հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ:

2013 թվականին որևէ քայլ չի կատարվել ՀՀ ՔՕ-ի խոշտանգումը քրեականացնող հոդվածի դիսպոզիցիան ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: ՀՀ-ն դեռևս 1993 թվականին է միացել «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային։ Քսան տարի է անցել, սակայն «խոշտանգում» եզրույթով հանցակազմ պարունակող ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը մինչ օրս չի համապատասխանում ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված «խոշտանգում» եզրույթին։

ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված արարքը քրեականացվում է կցկտուր՝ միայն մասնակիորեն արտացոլված լինելով ՔՕ-ի մի շարք հոդվածներում, ինչպես օրինակ՝ ՀՀ ՔՕ 309(2), 341-րդ հոդվածներն են: ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեականացրել է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ ցանկալի եզրակացություն տալուն հարկադրելու դեպքերը՝ այդպիսով ընդհանրապես դուրս թողնելով պետական պաշտոնատար անձի կողմից կամ նրա հովանավորությամբ որոշակի նպատակով Կոնվենցիայի իմաստով խոշտանգման կիրառման բազմաթիվ այլ դեպքեր, ինչպիսիք են խոշտանգում քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում, հանրահավաքների ժամանակ (օրինակ` ոստիկան-ցուցարար) և այլ։

Հեղինակը՝ Աննա Մելիքյան

Աղբյուրը՝ www.hra.am