Տեսանկյուն

Արդար դատաքննության իրավունքը Հայաստանում 2013-ին

13.01.2014

Արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման մակարդակն ուղիղ համեմատական է տվյալ պետությունում դատական համակարգի կայացածության մակարդակին:

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից էական փոփոխություններ չեն արձանագրվել. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն արձանագրում է, որ բազմիցս արծարծված համակարգային խնդիրներն այսօր էլ շարունակում են արդիական մնալ:

Մասնավորապես, փորձագետների գնահատմամբ`

•մեր երկրում չի ապահովվում դատարանների անկախությունը և անկողմնակալությունը, և դրանք գործնականում շարունակում են կախման մեջ մնալ դատախազությունից. եթե եվրոպական երկրներում արդարացման դատավճիռները կազմում են ընդհանուր դատավճիռների մինչև 30 տոկոսը, ապա Հայաստանում արդարացման դատավճիռները ընդամենը 3 տոկոս են (նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1 տոկոսի աճ),

•դատարանները խախտում են կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները՝ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով մեղադրող դատախազի նկատմամբ,

•նախաքննության ժամանակ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հայտարարություններն անտեսվում են կամ պատշաճ քննության առարկա չեն դառնում,

•կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և երկարաձգելու վերաբերյալ որոշումները դատարանները պատշաճ կերպով չեն պատճառաբանում:

Հայաստանում արդար դատաքննության իրավունքի ապահովման խնդրին դեկտեմբերին հրապարակված արտահերթ զեկույցում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ պարունակում էր տեղեկատվություն դատական համակարգում շրջանառվող կաշառքի չափերի և տրման մեխանիզմների վերաբերյալ, ինչը բացահայտվել էր անանուն հարցումների միջոցով։ Բարձրացած աղմուկի մեջ բավարար ուշադրության չարժանացավ զեկույցի երկրորդ հատվածը, որտեղ վերլուծված են Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին կայացրած որոշումները, և կոնկրետ փաստերով ցույց է տրված դատական համակարգում կիրառվող երկակի ստանդարտներն ու օրենքի կամայական կիրառումը։

Օգոստոս–հոկտեմբեր ամիսներին հանրային ուշադրության կենտրոնում էր գտնվում «Խոտի դեզի» գործը։ Գործում առկա արդար դատավարության իրավունքի խախտման փաստերին մանրամասն անդրադարձել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հոկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված բաց նամակում։ Արձանագրված խախտումներից մասնավորապես առանձնացնենք չորս մեղադրյալներին առանց կարգավիճակի սահմանված ժամանակից երկար ոստիկանության բաժնում պահելը, մեղսագրվող արարքի քրեաիրավական ոչ ճիշտ ձևակերպումը, կալանքը որպես խափանման միջոց անհիմն կիրառելը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլերում։ Մեղադրյալներից մեկի՝ Արամ Մուղալյանի փաստաբանի խոսքերով` առաջին ատյանի դատարանում խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննելիս, միջնորդություն ներկայացնող դատախազն ասել է, որ մեղադրյալը չի կարող փախչել կամ խուսափել քննությունից, բայց ինքը [դատախազը] գտնում է, որ նա պետք է շարունակի մնալ կալանքի տակ։

Ակնհայտ է, որ խափանման միջոց կալանքի չհիմնավորված և չարդարացված կիրառման պրակտիկան պետության համար ստեղծում է լրացուցիչ խնդիրներ, սակայն ակնկալվում է, որ այդ խնդիրների լուծումը կտա Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը մշակվում է 2011 թվականից և դեռ քննարկումների փուլում է։

Հերթական քննարկումներից մեկի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս է հայտնել, որ նոր օրենսգրքի ընդունումից հետո քրեական դատավարության ոլորտում էական առաջընթաց կնկատվի։

Նոր օրենսգրքի նախագծում ավելացվել են այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են` տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն, որոնք, համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի, թույլ կտան բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները, իսկ կալանքը կկիրառվի միայն այն դեպքում, եթե մյուս խափանման միջոցները կիրառելի չեն լինի:

Կարևոր է քրեադատավարական օրենսգրքի նախագծի այն դրույթը, համաձայն որի՝ ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող հանդիսանալ մեղադրանքի հիմք, եթե գործով բացակայում են այլ հիմնավոր ապացույցներ: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ կնվազեցնի խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկան Հայաստանում։

Արդար դատաքննության իրավունքի տարրերից մեկը տուժողի վնասի հատուցման իրավունքն է, ինչը քրեական գործերի դեպքում հանցագործություն կատարած անձին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելն է: Այս կապակցությամբ հատկապես մտահոգիչ է այն, որ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման շրջանակներում պատժի կրումից ազատվեցին Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ խոշտանգումներ կիրառելու համար դատապարտված երկու ոստիկանները։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը: Ավելին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշման համաձայն` «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»:

Հեղինակը՝ Անի Վարդանյան

Աղբյուրը՝ www.hra.am