Տեսանկյուն

Աշխատողներից կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար գումար պահելն անօրինական է. իրավաբան

31.01.2014

Photo by panarmenian.net

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից հետո կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար աշխատողների աշխատավարձից 5% գումար պահելն անօրինական և հակասահմանադրական է։ Այս մասին Panorama.am–ին ասել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում աշխատողների կողմից տարածված բողոքները, թե, չնայած ՍԴ 24.01.2014թ. որոշմանը,  գործատուներն իրենց աշխատավարձից պահումներ են անում:

«Սահմանադրական դատարանի որոշումը օրենքից բարձր է: Եթե ՍԴ-ն ասել է կասեցնել, նշանակում է, պետք է կասեցնել»,– ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չի վիճարկվում, այն պետք է կատարել։

Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթն էլ գրում է, որ թեև գործատուները կարող են կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար պահումներ չանել, սակայն Պետական եկամուտների կոմիտեն գտել է գումարը գանձելու ձևը։

Բանն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության մեջ կա պարտադիր կուտակայինի 5% պահումներին վերաբերող դաշտ, որը չլրացնելու դեպքում համակարգը հաշվետվությունը ավտոմատ կերպով չի ընդունում։ Իսկ եթե գործատուն լրացնում է այդ դաշտը, ապա պետք է աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը, գրում է «Հայկական ժամանակը»։ Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» 31.01.2014թ. համարում։

Աղբյուրը՝ www.hra.am