Տեսանկյուն

«Մարտի 1-ի» գործը տաբուի տակ է. Գագիկ Ջհանգիրյան

27.02.2014

Գագիկ Ջհանգիրյանը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ տարվում են բոլոր աշխատանքները մարտիմեկյան հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Մինչդեռ ՀԱԿ պատգամավորները պնդում են, որ «Մարտի 1-ի» գործը «տաբուի տակ է», և քանի դեռ իշխանափոխություն չի եղել, այդ հանցագործությունը չի բացահայտվի։

Անցած քառօրյային Հայ ազգային կոնգրես խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ։ Նախագիծը ԱԺ օրակարգ ու այս քառօրյայի օրակարգ էր մտել փետրվարի 24-ին:

Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել «2008թ. Մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած հնարավոր առնչությունները», «ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը»:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովը պետք է կազմված լինի 7 անդամից. ՀՀԿ-ից՝ 2, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական անդամով: Հանձնաժողովն իր գրավոր եզրակացությունն ԱԺ նիստում պետք է ներկայացնի մինչև 2014-ի նոյեմբերի 29-ը։

Հանձնժողովի ստեղծման առաջարկը ԱԺ–ում ներկայացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

«Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է ուղիղ վեց տարի, չի բացահայտվել ոչ մի սպանություն, չեն բացահայտվել մի քանի հարյուր հրազենային վնասվածքներ, այդ քաղաքացիները չեն օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից, տուժողների մեծ մասը նույնիսկ քրեական գործով որպես տուժող ընդգրկված չէ և չի ստանում Սահմանադրությամբ նախատեսված փոխհատուցում»,– ԱԺ ամբիոնից հայտարարեց Ջհանգիրյանը։

Նրա կարծիքով՝ «Մարտի 1-ի» գործը չի բացահայտվում ոչ թե պրոֆեսիոնալիզմի կամ համապատասխան օպերատիվ–հետախուզական կադրեր չունենալու պատճառով, այլ պարզապես, նրա խոսքերով, «այս գործը տաբուի տակ է դրված, որին չի կարելի մոտենալ»:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ տարվում են բոլոր աշխատանքները մարտիմեկյան հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: «Ես վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը արդյունավետ քննություն երաշխավորելու համար, ոչ միայն այդ, այլև ցանկացված այլ գործով»,- այս մասին նա ասել է փետրվարի 27-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մարտի 1-ի» գործով նմանատիպ հանձնաժողով ստեղծելու առաջարկ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել էր նաև 2013թ մարտին, որը մերժվել էր։

«Անցած հանձնաժողովի նախագիծը մերժելուց ի վեր՝ ունենք հատուկ նոր քննչական ծառայության պետ՝ մոտ մեկ տարի, 5-6 ամիս ունենք նոր գլխավոր դատախազ, բայց մարտի 1-ի գործն այդպես էլ տեղից չի շարժվում, և մենք որևէ տեղեկատվություն չունենք, որ քրեական գործի քննությունը շարունակվում է: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ իրականում որևէ օպերատիվ հետախուզական աշխատանք չի կատարվում, որևէ քննչական աշխատանք չի կատարվում. ուղղակի չեն կասեցնում, չեն կարճում առավելևս, որպեսզի ստիպված չլինեն գործի նյութերը տրամադրել տուժողներին և նրանց իրավահաջորդներին»,– եզրակացնում է Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքերով՝ հարյուրավոր քաղաքացիներ այդպես էլ արչարություն և պաշտպանություն չեն գտնում Հայաստանում, ինչի պատճառով լքում են Հայաստանը։

Հիշեցնենք, որ 2008-ին կայացած նախագահական ընտրություններից օրեր հետո՝ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ: Արդյունքում գրանցվեց մահվան տասը դեպք, որոնց առթիվ հարուցված քրեական գործերը դեռ նախաքննության փուլում են:

Աղբյուրը՝ www.hra.am